Ո՞ր կողմից է փչում այլասերված քամին. գենդերային հարցերից մինչև քաղաքական` մեկ քայլ
13:29, September 30, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատությունՎերջին ամիսներին հասարակական մեծ աղմուկի տեղիք տված հայտնի «գենդերային օրենքի» ընդունումը, որին հետևեցին «այլասերված Եվրոպայի» մասին բազմաթիվ քննարկումները, տեսանյութերի և աղավաղված տեղեկությունների տարածումը, ըստ որոշ վերլուծաբանների և մարդու իրավունքների պաշտպանների՝ կազմակերպված, նախապատրաստված փիար էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանը միանալու հայտարարությունից առաջ ցույց տալու համար Ռուսաստանի «առավելությունները» և Արևմուտքի փչացած լինելը:
«Իշխանությունները ցանկացած հարց կարող են նման փոխակերպման ենթարկել, հող նախապատրաստել գործողությունների համար, և այս դեպքում ևս հնարավոր է, որ աշխատեց հենց այդ սցենարը»,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Սակայն այս ամենը կատարյալ անհեթեթություն է որակում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Դա անհեթեթություն է, գենդերային այդ օրենքը որևէ կապ չունի և կապ էլ չի ունեցել դիվանագիտության հետ,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը: – Եթե որոշ երկրներում նման դեպքերն արտահայտված են քաղաքականության մեջ, այդպիսի երևույթներ Հայաստանում չեն լինի, դա ո՛չ թող կապեն Եվրոպայի հետ, ո՛չ դիվանագիտության հետ, ո՛չ Ռուսաստանի հետ, ո՛չ էլ աշխարհի հետ»:
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը ստացավ «գենդերային օրենք» անվանումը, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց մայիսի վերջին, իսկ հունիսի 11-ին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից:
Թեև օրենքում հստակ նշված է, որ օրենքի նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումն է, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, այնուամենայնիվ սկիզբ առած բուռն քննարկումները և հայտարարությունները շարունակաբար փորձում էին մարդկանց «հասցնել», որ օրենքով ի դեմս Եվրոպայի Հայաստան են մտնում այլասերվածությունը, միասեռականությունը:
«Ես թքել եմ Եվրոպայի վրա: Նրանք ուզում են իրենց այլասերվածությունը տարածել ամենուր, որպեսզի վերացնեն ազգերն ու պետություններն ու ստեղծեն մի համասեռ և համասեռամոլ մի զանգված, որին ինչպես ուզեն` կառավարեն: Բայց մեզ մոտ դա նրանց չի հաջողվի»,- «Ֆեյսբուքում» գրում է ընդդեմ օրենքի և հայ ընտանիքի բարօրության և պահպանման համար ստեղծված հայտնի «Համահայկական ծնողական կոմիտե» խմբի, որը մոտ 9 հազար անդամ ունի, անդամներից մեկը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ «Ծնողական կոմիտեն» հիմնադրվել է ոչ միայն Հայաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում: Նա հարցնում է՝ արդյոք տարօրինակ չէ՞, որ խմբի գրառումները սկզբում ռուսերեն էին:
«Այսինքն՝ հենց Ռուսաստանից էր հող պատրաստվում,- ասում է Սաքունցը: – Ժամանակագրությունը և գործողությունը հիմք են տալիս նման եզրակացություններ անելու, որ այդ ամենը կապակցված է: Բովանդակությունը, մոտեցումը…»
Վուլգար մեյքափով և կեցվածքով, աղջկա հագուստով երիտասարդ տղաները, իրար հետ համբուրվող վառ շրթներկով տրանսվիստիտները և բազում այլ նման դրսևորումներով հեղեղված հայկական համացանցն ու օնլայն մեդիաները, լուսանկարները և դեմոտիվատորներն ազդարարում էին, որ եկել է ընդդեմ «այլասերված արևմտյան արժեքների» պայքարելու ժամանակը և, հետևելով Ռուսաստանին, ապրել՝ «պահելով ընտանիքի մաքրությունը»:
«Գենդերային օրենքը սպառնում է ընտանիքին, թույլ չենք տա քանդել հայ ընտանիքը», «Այլասերման քամին փչում է Արևմուտքից», «Մենք դեմ ենք Եվրոպայի համասեռամոլությանն ու պեդոֆիլներին» խոսքերի կողքին նշվում է, որ Ռուսաստանի միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչության դեմ Ռուսաստանի մեղմ քայլերը տեղիք են տվել Արևմուտքի բուռն հակազդեցությանը, և որ պետք է պայքարել ընդդեմ եվրոպական արժեքների: Իսկ որպես եվրոպական «արժեքներ» նշվում են միասեռականությունը, միասեռ ամուսնությունները, արյունապղծությունը (ինցեստը), մանկապղծությունը (պեդոֆիլիան) և այլ նման երևույթներ:
«Ցավոք, շատերը չեն էլ պատկերացնում, որ այդ ամենը ապատեղեկատվություն է, և ամեն ինչ ընդունում են հալած յուղի տեղ»,- ասում է Երևանի բնակչուհի, 26-ամյա ծրագրավորող Էմմա Բաբայանը:
Նրա խոսքերը հաստատում է Երևանի բնակչուհի, միջնակարգ կրթություն ունեցող 38-ամյա Լիդա Հովհաննիսյանի պատկերացումները: Նա ասում է, որ երբեք չէր ուզենա՝ տղան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հայտնվեր, քանի որ լսել է, որ թմրամոլները, համասեռամոլները և ինչ այլանդակություն ասես նրանցից սպասելի է:
«Սցենարը շատ լավ էր մտածված, և դեռևս ամիսներ առաջ սկիզբ առած եվրոպական արժեքների փնովումը, որին հետևեց «գենդերային օրենքի» մեծ աղմուկը, հրաշալի կերպով օգտագործվեց Եվրոպան վարկաբեկելու համար»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Եվ սա պատահական չէր, այդ ամենին հետևեց Սերժ Սարգսյանի հայտնի և անսպասելի հայտարարությունը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին:
Թեև դեռ մարտին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե «մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ», այնուամենայնիվ շատերի համար անակնկալ՝ սեպտեմբերի 3-ին վերջինս Ռուսաստանում «ռացիոնալ» որակելով, հաստատեց «Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»:
«Այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ… Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները»:
Սակայն շատերը թերահավատ են, թե նման տրամադրություններով և հայտարարություններով բարեփոխումները այնուամենայնիվ հնարավոր կլինեն շարունակել: Իսկ հակաեվրոպական տրամադրություններին զուգահեռ կազմակերպությունները շարունակում են հավատալ, որ «գենդերային օրենքի» շուրջ ստեղծված պատմությունում ռուսական հետքն ուղղակի հստակ է:
«Ես լիովին համոզված եմ, որ «գենդերի» շուրջ ստեղծված հիստերիան Մաքսային միության նախաբանն էր, պուտինիզմի կատարյալ դրսևորում: Փաստերը ցույց են տալիս, որ բոլոր հետսովետական երկրներում, որտեղ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու ժամանակն է, ի հայտ են եկել ռուսամետ գաղափարներ տարածողներ, նախ՝ Եվրամիությանը դեմ կանգնելու համար և ռուսական «արժեքները» գովազդելու համար»,- «Մեդիալաբին» ասում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպության («ՓԻՆՔ Արմենիա») նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Նա նշում է, որ այս դեպքում ուղիղ են աշխատում «Ռուսաստանի իշխանությունը և տվյալ երկրներում մանիպուլյացիայի մեթոդների տիրապետող ուղեղ լվացող խմբերը»:
Հովսեփյանի միտքը շարունակում է քաղաքացիական ակտիվիստ, «հավասարը հավասարին» կրթական մեթոդով դասընթացավար 24-ամյա Սևակ Կիրակոսյանը.
«Քանի որ ո՛չ մարդու իրավունքներ կան, ո՛չ ֆինանսական բարեկեցություն, ո՛չ քաղաքական կայունություն, Ռուսաստանն ասաց. մենք ձեզ առաջարկում ենք «բարոյականություն»,- «Մեդիալաբին» ասում է Կիրակոսյանը: – Կարոտախտ «լավ» անցյալի նկատմամբ, ավանդույթներ, ընտանիքակենտրոնություն: Այս դեպքում գլխավոր զենքն ապատեղեկատվությունն է ու մանիպուլյացիան: Հույզերն են օգտագործում, մարդկանց բնազդները»: