ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի
14:14, October 15, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողությունՎերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հաղորդման մեջ բերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին: Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ արտահայտությունը.
«Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է Գ. Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Գևորգ Կոստանյանին ուղղված հանցագործության մասին հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: