Այս պահին «կիսամիանալը» կլինի ամենախղճուկ տարբերակը. իրավապաշտպանը ԵՄ-ի հետ ստորագրվելիք հնարավոր համաձայնագրի մասին
14:29, October 15, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունTert.am–ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձել է հարցին, թե ինչու է որոշել դատի տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Մաքսային միությանը միանալու հարցում միանձնյա որոշում կայացնելու հայցով: Նա անդրադարձել է նաև ՄՄ-ի հետ կապված իրենց գրասենյակի հարցումներին, պատգամավորների դիրքորոշումներին և այն հարցին, թե, ի վերջո, Հայաստանն ինչ փաստաթուղթ կստորագրի ԵՄ-ի հետ:
-Պարոն Սաքունց, որոշել եք, որ դատական ատյանո՞վ եք վիճարկելու Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ձեր ձևակերպմամբ՝ միանձնյա որոշում ընդունելը, և արդյոք հայցը կոլեկտիվ բնույթ չի՞ կրի, թե՞ միայն կլինի՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Սերժ Սարգսյանի:
– Վարչական դատավարության օրենսգրքով են իրականացվում վարչարարություն իրականացնող մարմինների կողմից որոշումները և գործողությունները: Կա նաև քաղաքացիական օրենսգրքի դրույթ՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և քաղաքացիների շահերի խախտմանը»: Բայց խնդիրն այն է, որ երբ հայտը կձևակերպենք, այն ժամանակ արդեն մեր մարտավարությունը կորոշենք: Միանշանակ է, որ հարցը պետք է տեղափոխվի իրավական հարթություն: Խնդիրը հետևյալն է. Սերժ Սարգսյանը խախտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները. նախ՝ բարեխիղճ վարչակազմ ունենալու իրավունքը, որը ենթադրում է հաշվետու ու վարքագծով կանխատեսելի: Իսկ ինչ վերաբերում հայցադիմումը՝ կոլեկտիվ է լինելու, թե անհատական, ապա հայցադիմումին միանալը բաց է:
– Թեև հայտնի են Ձեր աշխարհաքաղաքական համակրանքներն ու կողմնորոշումները, բայց այնուամենայնիվ, ինչո՞ւ չորոշեցիք ՀՀ իշխանություններին դատի տալ, երբ հայտարարվում էր, որ Հայաստանը նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եթե Ձեզ համար հարցն այդքան սկզբունքային է:
– Որովհետև Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի շուրջ արդեն 3,5 տարի է աշխատում է: Այսինքն՝ համաձայնագրի նախաստորագրությանը նախորդած (այս մասին հայտարարություններին- Tert.am) պրոցեսների մասին ես իրազեկ եմ եղել: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, կանխատեսելի է եղել իշխանության վարքագիծը էն պրոցեսների տեսանկյունից, որոնց մասին տեղեկացված եմ եղել:
-Ի՞նչ պրոցեսների մասին է խոսքը. ասել են ՝ փաստաթուղթ է բանակցվում, կնախաստորագրենք…
-Արևելյան գործընկերության շրջանակներում գործում է քաղաքացիական հասարակության ֆորում: Արևելյան գործընկերության շրջանակներում հիմնադրվել, ձևավորվել է ազգային պլատֆորմը, որում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ: Այսինքն՝ նույն Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի տրամաբանությունը հայտնի է. մենք մասնակցել ենք որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ:
-Բայց չէ՞ որ բուն բանակցվող համաձայնագրի տեքստին, անգամ իշխանության ներկայացուցիչներն էին ասում, որ իրազեկ են մի քանի հոգի:
-Ասոցացման՝ որպես փաստաթուղթ, համաձայնագրի բովանդակությունը բացված է հենց Քաղաքացիական հասարակության ֆորումում. մարդու իրավունքների պաշտպանություն, լավ կառավարում, էներգետիկա, բնապահպանություն, տնտեսական բլոկ և չորրորդ բլոկում խոսքը վիզաների և մարդկային շփումների մասին է: Այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի լուծվելիք խնդիրների շրջանակն արդեն պարզ է: Ավելին՝ այդ խնդիրները հրապարակային են դրված եղել, այդ խնդիրների լուծման ուղղությամբ մեր առաջարկները պարբերաբար ներկայացրել ենք Արևելյան գործընկերության ֆորումների ժամանակ:
Մաքսային միության հետ կապված հասարակական մասնակցության որևէ ձև մեզ չի առաջարկված և չգիտենք էլ: Այսինքն՝ գտնվել ենք մի պրոցեսի մեջ, որը կոչվում էր Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի ձևավորման պրոցես, որին ոչ թե ուղղակիորեն ենք մասնակցել, այլ նրանում ներառված են եղել մեր մոտեցումները, առաջարկները, մտահոգությունները: Սա է ժողովրդավարական պետությանը բնորոշ վարքագիծն ու ընթացակարգը: Եվ ասեմ նաև, որ այս տարվա մայիսից Ճանապարհային քարտեզ էր մշակված, որը ներկայացնելու էինք Քիշնևում կայացած ֆորումին: Եվ մեր իշխանությունը հանձնառություն է վերցրել, թե մինչև համաձայնագրի ստորագրումը ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Համաձայնագիրն արդեն տեխնիկական կողմն է՝ որպես փաստաթուղթ, բայց նրա բովանդակության ձևավորմանը մենք մասնակցել ենք մինչև սեպտեմբերի 3-ը:
Այսինքն՝ դա չի կարող համեմատվել ՄՄ փաստաթղթի հետ, որը միանգամայն տարբեր է այն առումով, որ Մաքսային միությանը միանալու հայտարարությանը չի նախորդել որևիցե քննարկում, այն դեպքում, երբ, կրկնեմ, ԵՄ-ին նախորդել է 3, 5 տարվա գործընթաց. դրանք և՛ ռեսուրսներ են, և՛ միջոցներ, և՛ ժամանակ:
-Մոտ 35 միլիոն դրամ կամ 87 հազար ամերիկյան դոլար:
-Այո, այնպես որ, պետք չէ ինձ անսկզբունքայնության մեջ մեղադրել, քանի որ ԵՄ ցանկացած ծրագիր ինքը շատ թափանցիկ գործընթաց է:
-Անկախության երթին, որի նպատակը Մաքսային միությանը «ոչ» ասելն էր, մարդիկ քիչ էին: Ու բացի այդ, գործընթացը ցույց տվեց, որ ՄՄ-ին «ոչ» ասելու հարցում կոնսոլիդացիա չկա։
– Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը բավական իներտ է հանրային ընկալման տեսակետից, եթե խոսենք դրա պատճառների մասին: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով հիմնավորենք հետագա անգործությունը: Եվ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս Մաքսային միության վերաբերյալ, ոչ թե եվրաինտեգրման: Բացառությամբ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, որոնք պաշտոնապես հայտարարել են իրենց անհամաձայնությունը Մաքսային միությանն անդամագրվելու մտադրության վերաբերյալ, Ազգային ժողովում ներկայացված հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվում ՄՄ-ին: Գիտեք, մենք հարցումներ ենք ուղարկում, և էդ նախնական պատկերը էնպիսին է. հանրապետական կուսակցությունը գերակշիռ մեծամասնությունը արտահայտվում է կողմ միանալու օգտին, չնայած միանալու օգտին կողմ արտահայտվում են՝ ելնելով զուտ էն փաստից, որ Սերժ Սարգսյանն է այդպես որոշել: «Բարգավաճ Հայաստանը» մնում է հիմնականում սպասողական վիճակում, բայց էլի հստակ դիրքորոշում չունի Մաքսային միությանն անդամագրվելու մասին: Իսկ մնացածը՝ ՀԱԿ, «Ժառանգություն», Դաշնակցություն՝ լռություն է: Այսինքն՝ ի՞նչ է դուրս գալիս՝ այն, որ Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը միանալու միանձնյա որոշումն ինքը չի հանդիսանում քննարկման առարկա՝ քաղաքական ուժերի կողմերից, որոնք, փաստորեն, հաշտվել են այդ միանձնյա որոշման հետ:
Բովանդակության մասին էլ չենք խոսում, բայց նույնիսկ ընթացակարգի կողմից այդ հարցը չի դառնում քննարկման առարկա: Եվ այստեղ հասարակության անտարբերութունը, նորից եմ կրկնում, պայմանավորված է քաղաքական ուժերի իներտությամբ, որն ի դեպ նորություն չէ: Այդ իներտությունը շատ հետաքրքիր ձևով դրսևորվեց նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ ԱԺ-ում ներկայացված էն քաղաքական ուժերը, որոնք առավել մեծ ներկայացվածություն ունեն կամ հաղթահարել էին այդ շեմը, նույնիսկ իրենց թեկնածուներին չառաջարկեցին հանրությանը: Այսինքն՝ հանրության պասիվացումը և անտարբերությունը սկսվել է դեռ էն ժամանակ, երբ հիմնական քաղաքական ուժերը՝ հանձինս ԲՀԿ-ի և Դաշնակցության ու ՀԱԿ-ի, որևէ թեկնածու չառաջադրեցին:
-Ի դեպ, որևէ հանրապետականից պատասխան չե՞ք ստացել, որ դեմ են Մաքսային միությանը:
-Շատ հետաքրքիր էր Նիկոյանի պատասխանը, ով գրել էր, որ եվրաինտեգրման ջատագով է, բայց «ինձ համար Սերժ Սարգսյանի որոշումն է կարևոր»: Մարգարիտ Եսայանն էլ շատ հետաքրքիր բնորոշում տվել, որ իր ցանկությունները և իրականությունը միշտ իրարից տարբերվում են։ Այսինքն՝ սա կարելի է ներկայացնել որպես՝ ցանկալի է ԵՄ-ն, բայց իրականությունն այլ է: Սա այն դեպքում, երբ մինչև սեպտեմբերի երեքը չի եղել բացարձակապես մի խոսք Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին: Ավելին՝ կարող եմ ասել, որ երբ եղել են առանձին մտահոգություններ, թե կարո՞ղ է հարցեր ծագեն, եղել են հավաստիացումներ, որ ոչ մի խնդիր չի ծագի:
– Հանրապետականներն իրենք մեկնաբանում են, որ Լեհաստան կատարած այցի ժամանակ է ՀՀ նախագահը ասել է, որ «կամ, կամ» չի կարող լինել և ակնարկել, որ ՀՀ–ն գնալու է Մաքսային միության ուղով:
-Չէ, դա թող չկապեն, որովհետև մինչ այդ Ֆյուլեն էլ, Էշթոնն էլ, ԵՄ այլ ներկայացուցիչներն էլ հստակ խոսել են այն մասին, որ երկու տեղում միաժամանակ գտնվելու հնարավորությունը բացառվում է: Բայց մի բան կարող եմ ասել, և դա պետք է հրապարակային ասել, որ Եվրամիությունն ինքը մեթոդական սխալ թույլ տվեց: Տեսե՛ք, նշեցի, որ Արևելյան գործընկերությունը շատ ավելի թափանցիկ պրոցես է եղել, բայց Բրյուսելում՝ Քաղաքացիական հասարակության ֆորումում, ես լավ հիշում եմ՝ մի հարց բարձրացրեցի՝ «Բա Ռուսաստա՞նը»: Ես պետք է ասեմ, որ Եվրամիությունը, ցավոք սրտի, Ռուսաստանի դերը Ասոցացման համաձայնագրի ձևավորման պրոցեսին թերագնահատեց: Եվ հիմա նոր եկել են համոզման, որ զուգահեռաբար պետք էր երկկողմ քննարկում: Իհարկե, իրենք էլ՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն երկկողմ ունեն, բայց էդ քննարկման դաշտում Արևելյան գործընկերության հարցը երկկողմ չի քննարկվել: Այսինքն, երբ դուրս եկավ, որ երբ Ռուսաստանի գործոնի հետ չաշխատեցին, ինքը դարձավ իրապես վտանգավոր գործոն: Եվ հիմա է, որ սկսել են մտածել, որ չէ, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ պետք է որոշակի աշխատանք տարվի: Բայց ես պետք է նշեմ, որ պուտինյան Ռուսաստանի այսօրվա վիճակը որպես դիկտատորական պետություն, որը ակնհայտ ցեղասպանություն է իրականացրել չեչենների նկատմամբ և ողջ իր ժողովրդի նկատմամբ՝ հալածանքներ ու հետապնդումներ, այդ Ռուսաստանը հենց որ տեսնում է, որ հարևան երկրները ձգտում են դեպի այլ արժեքային համակարգ, որի հիմքում ընկած է իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքը, ինքը վատ է զգում: Եվ ինքը կուզենար, որ ի դեմս այն երկրների, որոնք շրջապատում են իր տարածքը և բուֆերային դեր են խաղում՝ ԵՄ-Ռուսաստան փոխհարաբերություններում, դառնան այն հագուստը, որը կպատսպարեր իր մերկությունը: Եվ հիմա Հայաստանը , ցավոք սրտի, դարձավ այդ ռուսական մերկությունը պատսպարելու միջոց:
-Ի դեպ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից էլ պատասխան չեք ստացել:
– Դեռ չենք ստացել, ինձ համար տարօրինակ է պարոն Օսկանյանի անձնապես լռությունը: Չնայած հասկանում եմ, որ դրա համար պայմաններ է ծնել իր խմբակցության ընդհանուր դիրքորոշումը: Եվ շատ հետաքրքիր կլիներ, որ նույն պատասխանը ստանայինք Վարդան Օսկանյանից, որ դեռևս ծանոթ չէ ՄՄ փաստաթղթին: Բայց ես կուզենայի էս կոնտեքստում մի ինդիկատոր նշեմ, որ Գլխավոր դատախազի քվեարկության արդյունքներն էին, որ մի ունիկալ պատկեր ի ցույց դրեցին: Նման քվեարկության արդյունքները վկայում են հենց քաղաքական դիրքորոշումների բացակայության մասին: Այսինքն՝ այս կոնսենսուսը, ցավոք սրտի ասեմ, թե ի ուրախություն, ինքը երկրի համար ճակատագրական նշանակության հարցերում առկա է և շատ բարձր մակարդակում է գտնվում:
-Ի դեպ, շատ է խոսվում, որ ՀՀ իշխանությունները Վիլնյուսից առաջ կամ հետո ինչ-որ մի փաստաթուղթ են ստորագրելու, կարևոր չէ՝ ինչ, թեկուզ դրանում գրված լինի՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Այսինքն՝ տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ բան ստորագրեցինք:
-Ուրեմն այսպես ասեմ, արժեքային համակարգ ունեցող երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու տարբեր համակարգերում: Եվ էս տեսակետից ՀՀ այսպես կոչված արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունը չի կարող երկրում կոմպլեմենտար լինել, դա անթույլատրելի է: Երկրում միավեկտոր պետք է լինի և համապատասխանի Սահմանադրության դրույթներին: Այս պահին կիսամիանալ տարբերակը կլինի ամենախղճուկ տարբերակը: Նաև չէի ուզի, որ հանկարծ այդ պայքարը (ընդդեմ ՄՄ-ի) ձևակերպվի որպես ազգային, որովհետև շատ կարևոր է համամարդկային, համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ արժեքների վրա հենված պայքարը: Այստեղ վտանգի էլեմենտ կա, եթե համամարդկային արժեքների փոխարեն գերիշխի ազգայնական ուղղվածությունը, չնայած ազգայնականները լռում են ու ռազմահայրենասիրական բաներ ոչ միայն չեն անում, այլև լռության են մատնում այդ մարտահրավերը: