Մոլդովան ու Ուկրաինան կմիանան ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Վրաստանի հարցում մտավախություններ ունեմ. Ա.Սաքունց
11:23, October 16, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ Ուկրաինան ու Մոլդովան Վիլնյուսում կստորագրեն ու կնախաստորագրեն ԵՄ ասոցացման համաձայնագիրը, իսկ Վրաստանի պարագայում որոշակի կասկածներ ունի:
«Ուկրաինայի կառավարությունն առնվազն երկու-երեք անգամ պաշտոնապես որոշում է կայացրել, որ համաձայնագիրը Վիլնյուսի գագաթնաժողովում պետք է ստորագրվի:… Եվ Մոլդովայում էլ կա քաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ:… Բայց ինձ ամենաշատը այս պահին անհանգստացնում է Վրաստանը, ոչ թե Մոլդովան, որովհետև այնտեղ էլ կա քաղաքական համաձայնություն, չնայած բազմաթիվ հնարավոր խոցելի կողմերին, որոնք կան, ինչպես Հայաստանում կային»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ ի պատասխան հարցի, թե մինչ այս պահը հայտարարվում է, որ Մոլդովան ու Վրաստանը պատրաստ են նախաստորագրել, իսկ Ուկրաինան՝ ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, բայց կան կասկածներ, որ վերջին պահին նրանք էլ կանեն այն, ինչ եղավ Հայաստանի դեպքում:
Ի դեպ, ռուսական կենտրոնական ալիքները ևս նման կասկածներ էին հայտնում՝ նշելով, որ ԵՄ-ի հետ ասոցացման ձգտող Վիկտոր Յանուկովիչը հիմա արդեն որոշումը վերանայելու հիմքեր ունի: Այն բանից հետո, երբ եվրաչինովնիկները նրանից պահանջում են ազատ արձակել իր քաղաքական ոխերիմ մրցակից Յուլյա Տիմոշենկոյին:
«Պաշտոնապես կոչվում է՝ Ռուսաստանի Դաշնություն, բայց պուտինյան Ռուսաստանը, եկե՛ք իրերը իրենց անուններով կոչենք, բավականին ցավոտ է տանում, որ իր հարևան և նախկին խորհրդային երկրները կարող են ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել և կողմնորոշվել դեպի համագործակցության այլ ֆորմատ: Չնայած դա բոլորովին չի նշանակում, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը պետք է դադարեցվի, դա աբսուրդ է, մանավանդ գլոբալ աշխարհում: Եվ ռուսական, պալատական փորձագետների բոլոր «մտահոգությունները», որոնք հնչեցվում են՝ կասկածի տակ դնելու համար Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, ավելի շատ իրենց ցանկությունների մասին է խոսում, քան հնարավորությունների: Ավելին՝ ռուսական պալատական փորձագետները նույնիսկ մտահոգված են այն փաստից, որ Տիմոշենկոն, գտնվելով անազատության մեջ, ինքն էլ է ողջունել իրեն ազատազրկած անձի (Վիկտոր Յանուկովիչի) որոշումը՝ միանալ Ասոցացման համաձայնագրին »,- նկատեց իրավապաշտպանը:
Ըստ նրա ամփոփման, Տիմոշենկո-Յանուկովիչ հարաբերությունները դուրս են Ասոցացման համաձայնագրի խնդիրներից, որովհետև այս երկուսի միջև այս հարցում քաղաքական համաձայնություն կա:
Ինչ վերաբերում է Վրաստանի հանդեպ մտավախություններին, ապա Արթուր Սաքունցը արձանագրեց. «Վրաստանում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունները նախորդելու են Վիլնյուսի գագաթնաժողովին: Այսինքն՝ Սաակաշվիլիի ժամկետը վերջանում է, և կարո՞ղ է դա ազդել Վրաստանի մտադրությունների վրա, այ էդտեղ ես հարց ունեմ»։
Ամեն դեպքում, իրավապաշտպանը չի բացառում կտրուկ փոփոխությունների հավանականությունը, բայց նաև արձանագրում է, որ մի կողմից հեռացող նախագահի կուսակցությունը նման մտադրություններ ունի, իսկ մյուս կողմից՝ Իվանիշվիլին մինչ օրս չի հայտարարել Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու մտադրության մասին:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/10/16/saqunc-vrastan/