«Նախշուն խալաթի քաղաքականությունը` Հ. Հարությունյանից մինչև Սերժ Սարգսյան»
18:58, October 30, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«ՀՀ-ի ապագան Մաքսային միությունում չի՞ մտահոգում հայ եկեղեցուն: Ինձ համար առնվազն տարօրինակ է հայ ազգի եւ հայ պետականության դիրքերից հանդես եկող Հայ առաքելական եկեղեցու խորը լռությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Ա. Սաքունցը: Նրա կարծիքով՝ ՀՀ ապագայի մասին ՄՄ-ում հենց Առաքելական եկեղեցին ունի հիմքեր իր դիրքորոշումն արտահայտելու: «Մեր պատմության մեջ Ցարական Ռուսաստանի օրոք՝ 20-րդ դարի սկզբին, ցարի տեղապահը սկսեց Առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը եւ պետականացման գործընթացը: Խորհրդային իշխանության տարիներին Առաքելական եկեղեցու նկատմամբ համատարած էր տոտալ վերահսկողությունը: Ես գտնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին չունի որեւէ հիմք, որ ողջունի ՄՄ-ին Հայաստանի անդամագրումը, որի տեր ու տիրականը կամ ողնաշարը կազմում է Ռուսաստանը: Դուրս է գալիս, որ այն հիմնական վտանգը, որը եկեղեցուն է ուղղված եւ որը պատմությունից ակնառու է եղել, նույնիսկ այդ վտանգի նկատմամբ դիրքորոշում չի արտահայտվում: Երեւի թե ավելի շատ մտածում են հարմարվելու, ամեն մի նոր պայմաններում հարմարվելու մասին: Սուլթան կլնի, ցար կլնի, Պուտին կլնի… իրենք միշտ էլ կարող են ձեւերը գտնել եւ հարմարվել»:
Սաքունցի խոսքով` տարօրինակ է նաեւ այս հարցում ազգայնականների լռությունը, ովքեր, իրավապաշտպանների կարծիքով, դադարում են ազգի շահերի մասին մտածել այնտեղ, որտեղ սկսվում է իրենց սեփական շահը:
«Այսպիսով, կարելի է նաեւ արձանագրել, որ նախշուն, գույնզգույն խալաթ հագցնելու քաղաքականությունը Հրաչյա Հարությունյանից տեղափոխվում է Ս. Սարգսյան, քաղաքական էլիտա եւ փորձ է արվում հագցնել ամբողջ Հայաստանի Հանրապետությանը: Իսկ այդ խայտառակ իրավիճակին չարձագանքելը նշանակում է ինքնըստինքյան էլիտան համաձայնվում են գույնզգույն խալաթին, որ դուրս գան եւ ասեն՝ հիմա էլ սա է մոդա: Սա ուղղակի մի բանով է պայմանավորված, որ միայն իրենց կերակրատաշտի մոտ գտնվելու խնդիրը լուծեն: Իսկ սա պարզապես պետական դավաճանություն է, եւ բոլորը մասնակցում են դավաճանությանը: Եթե ասելիք չունեք եւ լռում եք, նշանակում է` դուք բոլորդ համաձայնությունը տալիս եք եւ գործընթացի մասնակիցն եք դառնում»:
Սաքունցն անդրադարձավ նաեւ վերջերս հրապարակված տարբեր սոցիոլոգիական հարցումներին, համաձայն որոնց` ՀՀ քաղաքացիների 70-80 տոկոսը կողմ է ՀՀ-ի՝ ՄՄ անդամագրվելուն:
«Դրանք համարում եմ ակնհայտ կեղծիք: Պատվերով հարցումներով, որոնցով փորձ է արվում լեգիտիմացնել այդ խայտառակ գործընթացը, իրականում ՀՀ քաղաքացիների զգալի մասը, որոնք իրազեկ են եւ հասկանում են, դեմ են, մյուս մասին պետք է իրազեկել: Մոռանում են, որ մարդկային արժանապատվությունը բոլոր մարդկանց համար է, բոլոր ժամանակների համար է: Իսկ ստրկությունը բնական ձեւ չէ` անկախ նրանից` մարդը նախարարի պաշտոն ունի, նախագահի, գեներալի ուսադիրներ է կրում, թե՞ օլիգարխի ստատուս ունի»:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/harutyunyan_30102013.html