Լուծումը ցավոտ է լինելու, մարդկային կորուստներ կունենանք
11:35, November 5, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ակնհայտ է, որ Հայաստանին գրկաբաց չեն սպասում ՄՄ-ում: Բելառուսի և Ղազախստանի նախագահները հստակ ասացին, որ առաջիկայում Հայաստանը չի կարող ՄՄ անդամ դառնալ: Մյուս կողմից, Հայաստանը կորցրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունը: Փաստացի ՌԴ նպատակը Հայաստանի՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կանխե՞լն էր:
Իհարկե, սա լիովին տեղավորվում է Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանության մեջ, որի էությունը Արևելյան գործընկերության անդամ երկրների կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը վիժեցնելն է: Մասնավորապես Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը հրապարակավ և ոչ մեկ անգամ պնդել են ԵՄ ասոցացման պայմանագրին միանալու իրենց վճռականության մասին: Եվ Ռուսաստանի կողմից ակնկալվում էր նման քաղաքականություն՝ վիժեցնել Հայաստանի՝ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչն արվեց ՄՄ գաղափարն առաջ բերելով: ՄՄ-ն կամ Եվրասիական տնտեսական միությունը շատ ավելի շուտ են ստեղծվել, բայց երբ ստեղծվում էին այդ կառույցները, այն ժամանակ ՌԴ-ի կողմից Հայաստանին ՄՄ-ի մեջ ներգրավելու ձգտումներ չէինք տեսնում: Այսինքն՝ Հայաստանը չի մասնակցել ոչ Եվրասիական տնտեսական միության հիմնադրմանը և ոչ էլ ՄՄ-ին և բնականաբար չի էլ կարող անդամագրվել ՄՄ-ին, որովհետև ՄՄ-ն հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունների (Բելառուս, Ռուսաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան) մի մասի կողմից, այնուհետև Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը ստեղծեցին ՄՄ-ն, այսինքն՝ ոչ սկզբից և ոչ էլ ընթացքում Հայաստանի նկատմամբ որևէ պահանջներ չեն եղել, և այս գործընթացը Հայաստանի նկատմամբ սկսվեց Արևելյան գործընկերության համաձայնագրի ստորագրման անմիջապես նախորդող փուլում: Այնպես որ, Հայաստանի՝ ՄՄ-ին անդամագրումը զուտ ձևական բնույթ ունի՝ չնայած տեսնում ենք, որ բացի Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից, նաև կառավարությունն է որոշում ընդունել ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով՝ ՄՄ անդամակցության հետ կապված համապատասխան փաստաթղթերը կազմակերպելու: Զարմանալի է, որ հատկապես հոկտեմբերի 25-ից հետո բացահայտվում է, որ խնդիրը ոչ թե Հայաստանի ՄՄ անդամակցումն է, այլ ենթարկեցնելը ՌԴ-ին:
2000 թ. Պուտինի իշխանության գալուց հետո շատ ավելի ակնառու դարձավ, որ ՌԴ-ն որդեգրել է Խորհրդային Միության ռեանիմացիան: Ընդհանրապես Արևմուտքում ռենեսանսը՝ վերածնունդը, դրական իմաստով է կիրառվում, քանի որ այն վերաբերում է միջնադարյան մոտ 1400 տարի խորը կղերական տիրապետությունից վերադարձ դեպի մշակույթ, որը վաղուց մոռացության էր մատնվել: Պուտինի «ռենեսանսն» ավելի շուտ Խորհրդային Միությունը վերակենդանացնելու նպատակ ունի: Որպես քաղաքական գործիչ՝ նա իր արժեքային համակարգով հիմնվում է տոտալիտար սկզբունքների վրա և որպեսզի իր մերկությունը թաքցնի՝ նա չի ուզում այդպիսի խոշոր ռեսուրսներ ունեցող պետությունը հանդես գա մարգինալի կարգավիճակում, ինչպիսին Խորհրդային Միությունն էր երկար տարիներ: Չնայած Խոհրդային Միությունը մենակ չլինելու միտումով առաջարկել էր համաշխարհային հեղափոխության կոչը, որի համար բանակցում էր տարբեր երկրների հետ և իշխանության էր բերում իրեն ենթակա իշխանություններին և համաշխարհային սոցիալիստական համակարգեր ստեղծում, որ ինքը միայնակ չլինի: Ռուսաստանն իր տոտալիտար մերկությունը սքողելու համար ստեղծում է Հայաստանի նման երկրների պակտ, որոնցով արդարացնում է իր քաղաքակրթական գոյությունը:
Ցավալին այն է, որ մենք զրկվեցինք պատմության խոռոչից դուրս գալու եզակի հնարավորությունից և շրջվելու դեպի քաղաքակրթական մեկ այլ համակարգ, որտեղ մենք ձեռք կբերեինք զարգացման շատ լուրջ հնարավորություններ. մենք այդ խնդիրների լուծման հնարավորություններից զրկվեցինք: Ասոցացման համաձայնագիրը կարող էր հանդիսանալ Հայաստանի համար յուրօրինակ Մարշալի պլան, ինչպիսին ձևավորվեց Արևմտյան Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տնտեսական և քաղաքական համակարգերը վերականգնվելու նպատակով, որոնք մեծապես տուժել էին ֆաշիստական դիկտատուրայից, ինչպես նաև համաշխարհային պատերազմից:
Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք:
Այստեղ խոսքը գնում է իշխանությունների քաղաքական կամքի բացակայության մասին: Եվ ինչքան էլ մենք փորձենք հասկանալ՝ որոնք են արտաքին միտումները՝ հանձին Պուտինի կողմից իրականացվող քաղաքականության, այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր են ներքին գործոնները, որոնց պատճառով արտաքին գործոնները կարողացան իրականացվել: Ներքին գործոններ են՝ ժողովրդավարական ինստիստուտների ոչ լիարժեք կայացածությունը, համատարած կոռուպցիան և իշխանությունների գործունեության անկանախատեսելիության մեծ աստիճանը: Եվ ներքին քաղաքականության անկանխատեսելիությունը պարարտ հող հանդիսացավ պուտինյան դիկատատորական մղումների իրականացման համար: Այս երկիմաստ վիճակը լուրջ մարտահրավեր է:
Այն հատվածը, որը դեմ է Սերժ Սարգսյանի որոշմանը, ի՞նչ պետք է անի: Ելքեր կա՞ն: Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ի՞նչ պետք է արվի հետագայում ԵՄ հարաբերությունների կարգավորման համար:
Միանշանակ է, որ պետք է ուժերի մոբիլիզացիա: Ես չեմ կարծում, որ մենք չունենք իրավիճակը փոփոխելու հնարավորություն, բայց այն պետք է կրի կազմակերպված բնույթ: Խնդիրն այն է, որ քաղաքական ինստիտուտներն ըստ էության պետք է լուծեին պուտինյան Ռուսաստանից քաղաքական կախվածության խնդիրը: Սա միակ քաղաքական ծրագիրն է, որն ընդհանրապես կարող է այս պահին գոյություն ունենալ որևէ քաղաքական ուժի համար: Բացի այդ, բավական լուրջ կազմակերպչական աշխատանքներ պետք է տարվեն: Ես հասկանում եմ, որ մեծ ֆինանսական, մարդկային ռեսուսներից է կախված: Համար առաջին խոչընդոտն ապատեղեկատվությունն է և հանրային ուշադրության կենտրոնում պսևդոհարցերի, կեղծ օրակարգի ձևավորման միջոցով հիմնական խնդրից ուշադրությունը շեղելու միտումը: Պետք է կարողանանք դա հաղթահարել, ինչի համար լուրջ աշխատանք է պետք տանել: Հանդիպումներ, քննարկումներ, հանրային դիսկուրս՝ դա այն հիմնական ճանապարհն է, որ մենք կարողանանք այս իրավիճակը փոխել: Եվ պետք է բանավեճերի օրակարգ ձևավորել:
Ինչո՞ւ հանրային դիսկուրս կամ կոնսոլիդացիա մեծ հաշվով չի լինում, ամբիցիանե՞րն են շատ:
Քաղաքական ուժերը չունեն այն հստակ մոտեցումը, որը կոչվում է ՄՄ վերաբերյալ դիրքորոշում: Ինձ համար տարօրինակ է նման մարտահրավերի նկատմամբ համարժեք վերաբերմունքի բացակայությունը: 2013թ. փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրումից: Այսինքն՝ այն ժամանակ արդեն նախագահական ընտրություններին թեկնածուներ չառաջադրելը նշանակում էր հրաժարվել քաղաքականությունից, բայց մենք չենք կարող պատկերացնել, որ այդ հրաժարումը կարող է գոյություն ունենալ կամ արտահայտվել նույնիսկ նման կարևոր խնդրի դեպքում, ինչպիսին անկախության հետ կապված մարտահրավերն է:
Տարոն Մարգարյանը օրերս հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա, հնարավո՞ր է նման խնդրից հանրության համբերության բաժակը լցվի:
Ամեն ինչ էլ հնարավոր է: Իհարկե պատմական զուգահեռները խիստ վտանգավոր են, որովհետև դրանք տարբեր պայմաններում են լինում, բայց 1988-ին նախորդեցին էկոլոգիական շարժումները: Հնարավոր է՝ 150դրամի քաղաքացիական շարժումը հանգեցնի նման կարևոր խնդրի շուրջ մոբիլիզացիային: Բայց խնդիրն այն է, որ իշխանություններն էլ լավ դաս քաղեցին ամռանն ապակենտրոն, ինքնաբուխ, բազմաշերտ քաղաքացիական շարժման այդ դրսևորումից, և իրենք էլ կփորձեն դեմն առնել: Ինչքան հասկանում եմ, իշխանությունը միշտ մտնում է այնպիսի շրջապտույտի մեջ, որ ինչ էլ անում է, վերջին հաշվով ստացվում է ավելի վատ, այսինքն՝ նա չունի իրավիճակին համարժեք պատասխան տալու տեսլականը, և օրեցօր իրավիճակն ավելի շատ անկառավարելի է դառնում և օրեցօր քաղաքացիական և տարբեր բնույթի շարժումները թատերաբեմ դուրս կգան: Եվ այս պարագայում քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ավելի են զարգանալու սոցիալական վիճակի վատթարացման հետևանքով, կարող են հանգեցնել այն պահանջի ձևավորմանը, որը կոչվում է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացում: Հիմա, Պուտինն ավելի շուտ կհեռացնի Սերժ Սարգսյանին, թե հանրապետության քաղաքացիները, այդ հարցը կանոնակարգվում է: Նախատեսվում է, որ նա Հայաստան կայցելի Վիլնյուսի գագաթնաժողովից անմիջապես հետո, և հետաքրքիր է, որ դա համընկնում է նաև նոյեմբերի 29-ին 20 թվականի Հայսատանը կոմունիստներին հանձնելու որոշման և տխրահռչական պայմանագրի կնքման հետ: Անլուծելի խնդիրներ հասարակության մեջ չկան: Ուղղակի մեր լուծումը հերթական անգամ ցավոտ է լինելու, մարդկային կորուստներ կունենանք: Մեր ժամանակը հիմա չի աշխատում ՀՀ օգտին, և սա շատ լավ պետք է գիտակցել: Մարտահրավերները շատ ավելի լուրջ են, քան կարող ենք պատկերացնել:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/90407#sthash.q6rRkTIt.dpuf