«Գիտենք, թե ովքեր են այդ փորձաքննություններն անցկացնողները, և ինչ կարելի է նրանցից ակնկալել».Արթուր Սաքունց
15:31, November 19, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, Քաղբանտարկյալներ«Իշխանության կողմից կառավարվող որոշ լրատվամիջոցներ ու որոշ քաղաքական գործիչներ Շանթ Հարությունյանին փորձում են ներկայացնել որպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ դրանով նվաստացնելով նրան: Դա այն տարածված պրակտիկան է, երբ քաղաքական այլախոհին փորձում են որպես հոգեկան հիվանդ ներկայացնել»,- Շանթ Հարությունյանին դատահոգեկան փորձաքննության ենթարկելու որոշման մասին կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և նկատեց, որ այս պրակտիկան առավել շատ տարածված էր Խորհրդային և առհասարակ տոտոլիտար երկրներում:
Սաքունցը վստահ է, որ սրանով փորձ է արվում Շանթ Հարությունյանին զրկել իր քաղաքական հայացքները գոնե դատական ատյաններում ներկայացնելու հնարավորությունից : «Ակնհայտորեն փորձ է արվում խեղաթյուրել և իրավիճակից կտրել Շանթ Հարությունյանի գործողությունը, որը ես գնահատում եմ որպես քաղաքացիական անհնազանդության ակցիա, ինչը Շանթ Հարությունյանը կատարել է` իր քաղաքացիական դիրքորոշումը քաղաքական իրավիճակի վերաբերյալ արտահայելու համար»,- վստահեցրեց իրավապաշտպանը: Նա համոզված է, որ Սերժ Սարգսյանի` Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ապօրինի որոշման դեմ ընդվզելու այլ ելք ՀՀ քաղաքացին պարզապես չուներ:
Սաքունցը, հղում կատարեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» նախաբանի երրորդ պարբերությանը, որում ասվում է, որ պետությունը չպետք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք որպես վերջին միջոցի մարդուն կթողնեն միայն մեկ տարբերակ, այն է ` ընդվզել, ապստամբել այդ օրենքի դեմ:
«Այսինքն` եթե օրենքներն ու գործողությունները հակաիրավական են, և այլ միջոցներ մարդուն չիմնում` այդ որոշումները բողոքարկելու և դրանց վրա ազդեցություններ ունենալու, ապա մարդն իրավունք ունի ցույց տալու իր քաղաքացիական անհնազանդությունը, ընդվզել և ապստամբել»,- ասաց նա` ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր չի ներկայացնում հանրությանը իր որոշման հիմնավորումները: «Դա արդեն իսկ խախտում է: Իրավական պե
տության նախագահը պիտի լինի բարեխիղճ, իր գործողությունների համար հաշվետու: Բացի դա` նա զրկում է քաղաքացիներին կարծիք արտահայտելու, որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից»,- ասաց իրավապաշտպանը և կարծիք հայտնեց, որ նման իրավիճակում պետք է ոչ թե փորձ անել Շանթին որպես հոգեկան առողջական խնդիրներ ունեցողի դիտարկել, այլ շտկել իրավիճակը: «Մեր երկրում գիտենք, թե ովքեր են այդ փորձաքննություններն անցկացնողները և ինչ կարելի է նրանցից ակնկալել: Սա փորձ է խեղաթյուրել իրականությունը, սա քաղաքական հետապնդում է»,- վստահ է նա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am