Քաղաքական ուժերը քաղհասարակությանը թողել են անտեր. Ա. Սաքունցը՝ ՄՄ-ի դեմ բողոքի ալիքի բացակայության մասին
10:38, November 25, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում ԵՄ-ի հետ ասոցացման համար պայքարում է քաղաքացիական հասարակությունը, Ուկրաինայում՝ քաղաքական ընդդիմությունը, գումարած՝ քաղհասարակությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այսօր մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը մնացել է մենակ, անտեր՝ ընդդեմ քաղաքական օրակարգում գոյություն ունեցող մեկ հիմնախնդրի՝ ՄՄ անդամակցության»,- ասաց Սաքունցը՝ ի պատասխան հարցի, թե ինչու Ուկրաինայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու հետ կապված բողոքի զանգվածային ալիքներ են, իսկ Հայաստանում բավարարվեցին Անկախության՝ բավականին սակավամարդ երթով, և, փոխարենը, Facebook-ում այս թեմայով բոցաշունչ «ստատուսների» պակաս չկա:
«Ֆեյսբուքյան քննարկումները հիմնականում իրականացնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք, իհարկե, իրենց քայլը կկատարեն, բայց քաղաքացիական հասարակությունը չի կարող փոխարինել քաղաքական ուժերին: Ուկրաինայում այն, ինչ կատարվում է, արդյունք է քաղաքական ընդդիմության գործունեության, որը ներկայացված է իրենց ԱԺ-ում և որը ունի հստակ քաղաքական մոտեցում և քաղաքական դիրքորոշում՝ ԵՄ ասոցացման վերաբերյալ»,-նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ Ուկրաինայում ընդվզումը պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ուկրաինայի քաղաքացիները շատ ավելի հայրենասեր են, շատ ավելի համարձակ կամ իրազեկ, այլ որովհետև նրանց «պատրաստելու» համար ավելի շատ աշխատանք է կատարվել, ինչի արդյունքն էլ երևում է նման «կրիտիկական պահերին»:
Նա հավելեց, որ բացառությամբ «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, որոնք հստակ երկրի ապագան կապում են ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, Հայաստանում մյուս ընդդիմադիր կուսակցությունները չունեն կամ չեն արտահայտում հստակ դիրքորոշում այս հարցում: