Վիլնյուսում Հայաստանին չեն անդրադառնում
12:03, November 28, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը»,- այսօր Վիլնյուսում`քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հիշեցնենք, որ ֆորումը տեղի է ունենում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Ֆորումի ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկավ Լիտվայի նախագահը: Եվրախորհրդարանի 21-րդ նախագահը` պարոն Քոկսն իր ելույթում հայտարարեց. «Եվրոպան բաց է համագործակցության համար, Եվրոպան չի փոխվել, հուսանք, դուք էլ չեք փոխվել»:
Ի դեպ, քաղաքացիական ֆորումը բավականին ներկայացուցչական է, դրան մասնակցում են նախկին նախագահներ, բարձրաստիճան դիվանագետներ: Ելույթ ունեցողների նախապես հայտարարված ցանկից որոշ մարդիկ հրաժարվել են ելույթներից` ի նշան հիասթափության, որ ակնկալիքները չիրականացան: Հիշեցնենք, որ Ուկրաինան վեց ամսով հետաձգեց ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրումը, իսկ Հայաստանը հրաժարվեց:
Վաղը այդ համաձայնագրերը կստորագրվեն Վրաստանի եւ Մոլդովայի հետ: Ուշագրավ էր, որ ֆորումում ելույթ ունեցողները Հայաստանի թեմային չանդրադարձան: Բոլոր օրինակները եւ ափսոսանքի արտահայտությունները Ուկրաինայի մասով էին:
Ֆորումին մասնակցում է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, որն ֆեյսբուքյան իր էջում այսպիսի դիտարկում է արել. «Քաղհասարակության ֆորումի առավոտյան բացման նիստում, արձանագրում ենք`միայն Ուկրաինայի հետ կապված հարցերին են այս պահին ուշադրություն դարձնում, անկախ երկրի նկատմամբ ճնշումները եվրոպական վարքագիծ չեն կարող համարվել, Արևելյան գործընկերությունը հանդիսանում է զարգացման հնարավորություն եւ քաղաքացիական հասարակությունը մնում է այդ հնարավորությունների իրականացման կարևոր երաշխիքը»: Այսօր Վիլնյուսում տեղի է ունենալու նաեւ Արեւելյան գործընկերության բիզնես-համաժողովը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/11/28/409636/