Շանթ Հարությունյանի փաստաբանն ունի եզրակացություն, ըստ որի Շանթը երբեք չի ունեցել հոգեկան հիվանդություն
09:15, November 29, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՇանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր առավոտյան այցելել է Շաթ Հարությունյանին, ով այժմ գտնվում է հոգեբուժարանում:
«Իր վիճակը նորմալ է, որեւէ բողոք չունի, վերաբերվում են իր հետ շատ նորմալ, այդ առումով որեւէ խնդիր չկա»,-ասաց Ինեսա Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նշում է, որ Շանթ Հարությունյանը անհանգստացած է, թե ինչու պետք է հայտնվեր հոգեբուժարանում, քանի որ նա երբեք որեւէ հոգեկան հիվանդություն չի ունեցել եւ չունի:
«Նա երբեք չի տառապել հոգեկան հիվանդությամբ, ես այդ եզրակացությունը ստացա դատարանից»,-ասաց փաստաբանը:
Շանթ Հարությունյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, մինչդեռ փաստաբանը, ի սկզբանե, այդ մեղադրանքը անհիմն է համարում:
«Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ ոստիկանության աշխատակից է, թե ոչ, քանի որ քաղաքացիական հագուստով շատ անձինք են եղել: Եւ այդ ոստիկանը նույնպես եղել է քաղաքացիական հագուստով ու չի ներկայացել»,- պարզաբանեց Ինեսա Պետրոսյանը:
Շանթ Հարությունյանը ընդհանրապես ցուցմունք չի տվել: Փաստաբանը նշում է, որ ինքը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու մասին:
«Իրավական որոշակիություն չկա այդ որոշման մեջ: Ներկայացվել է ընդամենը 2009-ի եզրակացությունը, որը հիմք է հանդիսացել այժմ իրականացնել դատահոգեբուժական փորձաքննություն»,- ասաց Պետրոսյանը:
Տեսակցությունների վրա արգելանք է դրված: Այժմ հարազատներին արգելում են, որ տեսակցեն Շանթ Հարությունյանին:
«Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին որոշել է ընդամենը երթ կազմակերպել։ Երբ որ նկատել է, որ սադրիչներ կան, նա ի սկզբանե տեղեկացրել է որ չսադրեն: Նա այսօր ինձ ասաց այդ մասին, որ փոխանցեմ, որ իրենք ցանկություն են ունեցել խաղաղ երթ անցկացնել եւ Շանթը զգուշացրել է, որ եթե սադրանքներ լինեն՝ վճռական քայլերի կարող է դիմել եւ պատասխան տալ: Դա է եղել պատճառը, որ այդ ամենը տեղի է ունեցել։ Եղել է պատճառ, որ տեղի է ունեցել այդ ամենը»,-ասում է փաստաբանը:
Ինեսա Պետրոսյանը նշում է, որ դա քաղաքական ակցիա է եղել, եւ Շանթ Հարությունը դեռեւս չի էլ հասցրել սկսել իր երթը, եւ տեղի է ունեցել այդ բախումը:
Աղբյուրը՝ http://araratnews.am/շանթ-հարությունյանի-փաստաբանն-ունի-ե