Քաղաքական հայացքների համար հոգեբուժարան ուղարկելը դառնում է նախադեպ
09:49, November 29, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՆոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իրականացրած ակցիայից հետո կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, չունի ոչ մի բողոք: Ըստ փաստաբանի՝ Շանթ Հարությունյանը զայրացած է միայն այն փաստից, թե ինչու ինքը պետք է հայտնվեր հոգեբուժարանում, երբ առկա է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ ինքը երբևէ չի տառապել հոգեկան հիվանդությամբ:
Շանթ Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասով՝ իբր նա բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Շանթ Հարությունյանն, ըստ փաստաբանի, այդ մեղադրանքը չի ընդունել, որևէ ցուցմունք այդ առթիվ չի տվել: Նրան մեղադրում են ոստիկանության աշխատակից Էդգար Ալեքսանյանի մարմնի տարբեր մասերին փայտով հարվածներ հասցնելու համար: Մինչդեռ, հենց Ազատության հրապարակում, երբ նա հայտարարել էր երթ կազմակերպելու մասին, եղել են սադրիչներ:
«Նա ի սկզբանե տեղեկացրել էր, որ խնդրում են որևէ մեկին չսադրել, քանի որ խաղաղ երթ են անում: Եթե կլինեն սադրանքներ, ապա կլինի նաև համարժեք պատասխան: Նա ասում էր՝ ես գիտեմ, թե իշխանություններն ինչի են ընդունակ: Ես գիտեի Մարտի 1, տասը զոհեր, դրա համար էլ վերցրեցի այդ փայտերը»,- ասաց փաստաբանը: Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց, որ Շանթը միայն իր վրա հարձակվելու դեպքում է պատրաստ եղել պատասխան տալու: Նա ասել էր նաև, որ իրենք մտադիր են եղել իրականացնելու իրենց սահմանադրական իրավունքը, և չպետք է իրեն ու իր ընկերներին խառնեն մյուս ընդդիմադիրների հետ, քանի որ իրենք ունեցել են հստակ նպատակ: Ինեսա Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց նկարահանված կադրերի վրա, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են երթից առաջ սադրանք կազմակերպում Շանթի ու նրա ընկերների նկատմամբ: Մինչդեռ, երթից առաջ Շանթը դիմել է Ոստիկանությանը՝ պահանջելով չկազմակերպել սադրանքներ:
Փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չկա իրավական որոշակիություն, թե ինչու են իր պաշտպանյալին տեղափոխել հոգեբուժարան: Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը բողոքարկել է դատարանի այդ որոշումը:
«Եթե մենք ունենք եզրակացություն, որ անձը չի տառապել կամ տառապում հոգեկան հիվանդությամբ, իր նկատմամբ սանկցիա են կիրառում, հետո էլ որոշում, որ տանեն հոգեբուժարան, դա զուրկ է իրավական որոշակիությունից: Դա կարող է դառնալ նախադեպ, որ ցանկացած անձի կարող են հարկադրաբար տեղափոխել հոգեբուժարան` քաղաքական հայացքների համար»,-հայտարարեց Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ Շանթ Հարությունյանը չի վստահում իշխանություններին, այդ պատճառով էլ հրաժարվել է բողոքարկել նրանց գործողությունները: Շանթ Հարությունյանին այս պահի դրությամբ արգելել են տեսակցությունները, նա հնարավորություն ունի հանդիպելու միայն իր փաստաբանի հետ:
Շանթ Հարությունյանը նաև մտավախություններ ունի, որ իր հետ կալանավորված անձանց մեջ կարող են լինել նաև սադրիչներ, քանի որ նա բոլորին չի ճանաչում:
Աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1385715933#.UphZ8-OuxV4.facebook
Այս մասին այլ նյութեր՝ http://www.galatv.am/news/view/shant-harutyunyan_2911.html