«Նման քաղաքական իմպոտենտներին պահելը շատ թանկ հաճույք է»
07:50, December 25, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժեր«Ասպարեզ»-ը Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակի եւ արտաքին դրության վերաբերյալ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարԱրթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներքաղաքական կյանքը 2013 թվականին:
-Կարելի է արձանագրել, որ ԱԺ ներկայացված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ի հետ միացյալ, եւ «Ժառանգությունն» առաջադրեցին իրենց թեկնածուներին նախագահական ընտրություններում: Մյուսները` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, թվում էր՝ պետք է հանդես գային միասնական ինչ-որ գործընթացով, սակայն հրաժարվեցին նախագահական պայքարից, ինչը մի քիչ տարօրինակ է, քանի որ քաղաքական այդ ուժերը հավակնում էին ինչ-որ ծրագրեր իրականացնել: Ինչ մնում է ԲՀԿ-ին, ես միշտ վերապահումով եմ վերաբերվել այդ քաղաքական ուժին, որը, ըստ էության, ստեղծվել է մի մարդու կողմից:Ավելին, Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանի 5 րոպե հանդիպումից հետո պարոն Ծառուկյանը որոշեց, որ նախագահական ընտրություններին չի մասնակցելու: Այսինքն, իր` նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելը որոշվեց Ս.Սարգսյանի կողմից: Մյուս քաղաքական ուժերը հրաժարվելով նախագահական ընտրություններին մասնակցելուց՝ ավելի խորացրեցին քաղաքական ճգնաժամը Հայաստանում: Իհարկե, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ որոշակի պայքար գնաց, սակայն դա էական ազդեցություն չունեցավ, ինչպես նախագահական ընտրությունները, որը համազգային էր:
Հայաստանում քաղաքական իրավիճակը բավական տխուր է, բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության, «Ազատ դեմոկրատների», ԱԻՄ-ի, ԱԺ բացարձակ մեծամասնությունը` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, գնահատական չտվեցին Ս.Սարգսյանի` Մաքսային միության անդամակցելու հայտարարությանը, ադրյո՞ք ՄՄ-ին անդամակցելը Հայաստանին ձեռնտու է, թե ոչ: Կարելի է ասել` 2013 թվականը Հայաստանում այլընտրանքների բացակայության ժամանակաշրջան էր: Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի այլընտրանք էր, բավական մեծ ձայներ հավաքեց եւ կարելի է ասել` այդ ձայները քաղաքացիների ձգտումն էր դեպի այլընտրանք: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեղավորը ո՞չ թե քաղաքացին է, որ դիրքորոշում չունի, ձայն չի տալիս, այլ՝ այլընտրանք առաջարկողները, ովքեր կա՛մ թույլ են, կա՛մ բացակայում են: Քաղաքական ուժերն ավելի շատ ստրկամտության օրինակ են ցույց տալիս, քան` քաղաքացիական մտածելակերպ: 25 տարի Հայաստանի քաղաքական դաշտում շարունակ իշխում է նույն էլիտան, իսկ այն անհրաժեշտ է փոխել, որովհետեւ իրենք արդեն սպառել են իրենց մտքերը, տեսակետները եւ այլեւս անելիք չունեն:
-2013 թվականին մեր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար արդյո՞ք ճիշտ ուղղություն ընտրել էինք, թե՞ ոչ:
– Մենք այսօր ունենք մեր իշխանության անպատասխանատու վարքագիծը կանխելու խնդիր: Հայաստանում ներքին ռեսուրսների կառավարումն ու օգտագործումը ոչ մի ձեւով չբերեցին մեր արտաքին խնդիրների լուծմանը, ավելի շատ տեղի ունեցավ ռեսուրսների մոնոպոլիզացիա: Իշխող կուսակցությունն ամեն գնով ձգտում է պահպանել իր իշխանությունը: Մենք արտաքին աշխարհի համար դարձել ենք անըմբռնելի, անկանխատեսելի երկիր:
-Հայաստանի համար ձեռնտու է անդամակցել ՄՄ-ի՞ն, թե՞ ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության, բարեփոխումների իրականացման տեսանկյունիցԱսոցացման համաձայնագրիստորագրումն ավելի ձեռնտու էր: Այն հստակ դրույթներ է սահմանում: Եթե դիտարկում ենք ՄՄ-ի փաստաթղթերը, այնտեղ ոչ մի արժեքային բան չկա, հասկանալի չէ` ինչի՞ համար պետք է այդ միությունը ստեղծվի: Այնտեղ որոշումների ընդունման հարցում ՌԴ-ն մոնոպոլ դիրք ունի: Ես ՄՄ-ն անվանում եմ հիվանդությունների պահպանման համակարգ: Մինչեւ հիմա չեմ էլ հասկանում, թե ի՞նչն է մղում ՌԴ-ին` արագացնելու այդ միության վերջնական ձեւավորման գործընթացը: Այն ուղղակի հանդիսանում է Վլադիմիր Պուտինի քաղաքական արկածախնդրության իրականացման մեխանիզմ: Իհարկե, մենք չենք կարող Պուտինին մեղադրել, թե նա ինչու է այդպես վարվում: Բայց հանձինս այդ մարդու, մարտահրավեր է ստեղծվում նաեւ ՌԴ քաղաքացիների, այդ թվում` հարեւան երկրների համար, ինչպես ժամանակին Նացիստական ռեժիմն էր, որ վտանգավոր դարձավ գերմանացիների եւ հարեւան երկրների համար:
-Ինչպե՞ս եք վերաբերվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20 % բաժնետոմսերի առքուվաճառքի» համաձայնագրին, որն ԱԺ-ն, իբր թե վավերացրել է:
-Դա նշանակում է, որ մենք ընդհանրապես իրավունք չունենք որեւէ այլ երկրից գազ գնել եւ կնքել որեւէ այլ պայմանագիր, որը կհակասի Հայաստանի` «ՀայՌուսգազարդ»-ի հետ կնքած պայմանագրին: Սա կապիտուլյացիայի, նաեւ` գաղութացման պայմանագիր է, այնպես, ինչպես ժամանակին նացիստական Գերմանիան առաջադրում էր հարեւան երկրներին այնպիսի պայմաններ, որոնք ստիպված հաշտվում էին դրանց հետ եւ երկիրը հանձնվում էր նացիստական ռեժիմի ենթակայությանը: Այժմ Ռուսաստանը եւս գործում է նացիստական Գերմանիայի տրամաբանության շրջանակներում: Զենքի սպառնալիքը հանդիսանում է ՌԴ ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական գործոնը:
-Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ժողովրդի որոշակի հատված Մայդանում իր դիրքորոշումն արտահայտեց ընդդեմ ՄՄ-ին անդամակցելուն եւ կան նաեւ այդ կառույցին անդամակցելու կողմնակիցներ, Հայաստանում քաղաքացիական հասարակությունն այս հարցերում դիրքորոշում արտահայտելու տեսանկյունից, կարծես` պասիվ է, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը:
-Մեր ժողովուրդը պասիվ չէ: Առաջին հերթին ասեմ, որ Հայաստանում Ասոցացման համաձայնագրի դեմ կատարվեցին լուրջ քարոզչական աշխատանքներ, եւ այդ ամբողջ փաթեթը փոխանակ լուսաբանվեր, որը չարվեց, փոխարենը դեմ էին տրվում, այսպես ասած, գենդերային խնդիրները: ՄՄ-ն հարեւան երկրները գաղութացնելու միջոց է, նպաստում է տեղական ռեժիմներին ամրապնդելու իրենց իշխանությունը: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ունեին բավական լուրջ ընտրազանգված, սակայն ժողովրդին չներկայացրեցին իշխանության` ՄՄ-ին անդամագրվելու դեմ այլընտրանք: Եթե ՄՄ-ի սպառնալիքների հետ կապված հստակ դիրքորոշում լիներ, համոզված եղեք, որ ժողովուրդը դուրս կգար փողոց. 2003 թվականին դուրս եկավ, 2008-ին, 2013-ին դուրս եկավ, սակայն քաղաքական պատասխանատուներն իրենց ստրկական մտածելակերպով ադեկվատ չեն գործում: Մեր ժողովուրդը Եվրամայդանին պատրաստ է, իրեն հարկավոր է իր կենսական խնդիրները լուծելու համար նվազագույն պայմաններ: Մեր քաղաքական ուժերը ՀՀԿ-ի հետ միասին մասնակցում են ՀՀ-ի ոչնչացմանը: Քաղաքական այլ ուժեր զարմանալիորեն խոսում են իշխանափոխության մասին` մասնակցելով Ս.Սարգսյանի իշխանության ամրապնդմանը:
-Ինչպիսի՞ն էր 2013 թվականը բանակում եւ արդարադատության ոլորտում տիրող իրավիճակի տեսանկյունից:
-Կարող ենք ասել, որ բանակում մահացության դեպքերի վերաբերյալ՝ առնվազն այն գործերում, որոնցում ես ներգրավված եմ, օբյեկտիվ քննություն չի կատարվել, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկել: Փորձում են ավելի շատ հանցագործությունը բարդել զինծառայողների վրա, զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ հրամանատարական կազմի պատասխանատվությունը որեւէ կերպ իրավական գնահատական չի ստանում:Ստացվում է` վերջիններս մեղավոր չեն, այլ` զինվորները, ովքեր ծեծում են մեկը մյուսին, սպանել են կամ մեկը մյուսին ստիպել են ինքնասպան լինել: Ճիշտ է` 2013 թվականին մեր զինված ուժերում մահացության դեպքերը 2012 թվականի համեմատ նվազել են, սակայն, որակական տեսակետից, զինված ուժերում տիրող իրավիճակի փոփոխման առումով, հրամանատարների պատասխանատվության բարձրացման հարցում, առաջընթաց տեղի չի ունեցել: Չեն իրականացվում օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություններ: Լիսկայի տղայի եւ թիկնապահի նկատմամբ քրեական գործի հարուցման մերժումը եւ նրան ազատելը, գնդապետ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը ցույց է տալիս, թե ինչպիսին է Հայաստանում վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ: «Հարսնաքարում» զինվորական բժշկի սպանության գործը քանի որ օլիգարխի հետ էր կապված, փորձեցին ծածկադմփոց անել, նույնիսկ չհամարձակվեցին բացահայտել Նեմեց Ռուբոյի հեռախոսային խոսակցությունները:Սրանով ուզեցին ասել, որ զինծառայողներն օլիգարխի հանդեպ գրոշի արժեք էլ չունեն: Այսօր զինծառայողները սոցիալական բնակարանային շատ խնդիրներ ունեն եւ նրանց անվտանգությունն ապահովված չէ: Հետաքրքիրն այն է, որ իբեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով, Ս.Սարգսյանը որոշում է, որ ՀՀ-ն պետք է անդամակցի ՄՄ-ին, սակայն էլ ինչու՞ են խոսում, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, եթե դա այդպես է, ո՞նց կարող ես այդ բանակով չապահովել քո անվտանգությունը, որ ստիպված անվտանգության նկատառումներոից ելնելով գնում ես ՄՄ: Ինչ մնում է արդարադատության ոլորտին, ես ողջունում եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, դա անակնկալ զեկույց էր, որը Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի ապացույցն էր: Նշեմ, որ Հայաստանում չկա իշխանությունների տարանջատում:
-Ի՞նչ կասեք 2014 թվականի բյուջեի հաստատման մասին:
-Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, քանի որ մի երկրի վարչապետը, ով պատասխանատվություն չի կրում օֆշորային սկանդալի համար, ինձ ի՞նչ պետք է առաջարկի: Ես զարմացա, որ բյուջեի քվեարկության ժամանակ բացի ՀՀԿ-ից մնացածներն էլ մասնակցեցին, ընդհանրապես չպետք է մասնակցեին: Բյուջեի մասին փաստաթուղթն իրականության հետ որեւէ կապ չունի: Դրանում պարզապես ներկայացված է միջոցառումների ցանկ, չկա զարգացման կոնցեպցիա, ծախսային բյուջե է: Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի զեկույցը ցույց տվեց պետական բյուջեի միջոցների մսխման մի ամբողջ համակարգ, դա որեւէ հետեւանք ունեցա՞վ: Այդ բյուջեն հերթական կոռուպցիոն ախորժակների բավարարման միջոց է: Այսօրվա իշխանությունն ու նրա քաղաքական արբանյակները ՀՀ քաղաքացիներին ոչինչ չունեն առաջարկելու: Նման քաղաքական իմպոտենտներին պահելը մեզ համար շատ թանկ հաճույք է:
-Գալիք տարուց ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը, հասարակությունը չի հանդուժելու այս ցինիկ ռեժիմին: Պետք է ի հայտ գան նոր քաղաքական ուժեր, Հայաստանի` ՄՄ-ին անդամակցումը պետք է կասեցվի: