Ջրծաղիկից մահացած զինվորի` Հայկ Խաչատրյանի մահվան մեջ մեղավոր ոչ բոլոր անձինք են պատժվել
14:46, February 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակում տեղի ունեցող սպանությունների որոշ դեպքեր ուսումնասիրելիս փաստաբանները կանգնում են մի խնդրի առաջ. տուժող կողմը հնարավորություն չի ունենում ծանոթանալ քրեական գործի նյութերի մեծ մասին, միայն նախաքննության ավարտից հետո են ծանոթանում դրանց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ սպանության դեպքեր են լինում, որոնց վերաբերյալ կեղծ վարկածներ են ներկայացվում, երբեմն հակասում են դատարանում և նախաքննության ընթացքում եղած ցուցմունքները: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ Շուշանյանի, հարկ է, որ եղած սպանությունները բացահայտվեն:
Փաստաբանն անդրադարձավ նաև 2011-ին ջրծաղիկ ախտորոշմամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած շարքային զինվոր, 19-ամյա Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրգործին: Հայկը նախապես եղել է կենտրոնական զինվորական հոսպիտալում, մահից մեկ օր առաջ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց: Այն, որ զինվորը ջրծաղիկի հետևանքով է մահացել, կասկած չի հարուցում, խնդիրն, ըստ փաստաբանի, այլ է:
«Մենք համոզված ենք ու պնդում ենք, որ բոլոր մեղավոր անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ երկու ամբաստանյալներին պետք է ավելի ծանր մեղադրանք առաջադրել: Ի դեպ, քրգործի նյութերից երևում է, որ Հայկ Խաչատրյանը դեկտեմբեր ամսին 16 ժամ անընդմեջ, առանց հանգստանալու, ինչ-որ սպայի կամայական հրամանի հետևանքով պահակային ծառայության մեջ է գտնվել, որից հետո իր մոտ սկսվել են դիմային ծնոտի հետ կապված խնդիրներ, նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Պարզելու համար, թե ով է եղել այդ սպան, ինչպես նաև այս պահին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ որևէ քննություն չի կատարվել, ուստի մեր պահանջներից մեկը նաև դա է, որ դա նույնպես պետք է բացահայտվի, որպեսզի այդ սպան կամ սպաները պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով` պատճառահետևանքային կապն առկա է և ակնհայտ. եթե նրան 16 ժամ այդ ցրտին չկանգնեցնեին, դիմային ծնոտի բորբոքում չէր առաջանա, հոսպիտալում չէր հայտնվի, հետևաբար ջրծաղիկով չէր վարակվի:
Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_right_248560.html