Մաքսային միությանն անդամակցելով՝ ՀՀ-ն կանգնեց դժվարին խնդրի առջև
14:06, February 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունՕրերս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էին դիմել մի խումբ քաղաքացիներ և ցանկություն հայտնել արտագնա աշխատանքի մեկնելուն խոչընդոտող ՌԴ-ում նոր միգրացիոն օրենքի վերաբերյալ արտահայտել իրենց բողոքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ՝ մի քանի լրատվական կայքերից հրավիրված լրագրողների հետ զրույցում, նրանք ներկայացրեցին իրենց խնդիրը:
Արտագնա աշխատանքով իրենց ընտանիքները պահող մարդկանց խնդիրը հանդիսանում է նոր օրենքի ներդրմամբ առաջ եկող բարդությունները: Ինչպես արդեն գիտեք, ըստ ՌԴ-ում ընդունված նոր օրենքի, օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ի տարածքում 180 օրվա ընթացքում կարող են լինել միայն 90 օր: Արտագնա աշխատանքի մեկնողների առջև խնդիր է ծառանում, քանի որ նրանց որոշակի դեպքերում հարկավոր է 3 կամ ավելի ամիս աշխատանք գտնելու և այնուհետ գումար վաստակելու համար, իսկ այժմ նրանք ոչ միայն անվստահելի են դառնում ռուս գործատուի համար, այլ լավագույն դեպքում նրանց 3 ամսում աշխատած գումարը կբավականացնի միայն ճանապարհածախսի և 3 ամսվա ՌԴ-ում բնակության համար:
Արտագնա աշխատանքի մեկնողների կարծիքով այս օրենքը հատկապես խիստ և անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ըստ նրանց Հայաստանը միացել է Մաքսային միությանը և այդպիսով պետք է խնդիրներ չառաջանային:
Սակայն, ինչպես արդեն ակնհայտ է, ՄՄ-ին միանալու դեպքում առաջարկվող դրական փոփոխությունների հակառակ կողմում ավելի քան բացասական փոփոխություններ են:
Արտագնա աշխատանքի մեկնողները տարակուսում են, որ ՀՀ-ն չունի այնքան միջոցներ, որ կարողանա աշխատանքով ապահովել բոլոր արտագնա աշխատանքի մեկնողներին: Ինչպես ասաց մասնագիտությամբ իրավաբան, սակայն ՌԴ-ում այլ աշխատանքով օրահաց վաստակող Արտակ Բաղդասարյանը «Սոդոմ-Գոմոր է լինելու, եթե Հայաստանում աշխատանք լիներ, ես ինչի պիտի գնայի Ռուսաստան կամ այլ երկիր,… դիմելու ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելու ենք այս մասին գոնե Վլադիմիր Վլադիմիրիչին խնդրեն՝ հայերի հանդեպ մեղմ վերաբերմունք ցուցաբերի»:
Այս խնդրով գրասենյակ դիմած քաղաքացիները դեռ մի մասն են այն մեծ թվով արտագնա աշխատանքի մեկնողներից, ովքեր շուտով կկանգնեն ՌԴ-ից վտարվելու և գործազուրկ մնալու խնդրի առջև:
Այս խնդրի վերաբերյալ հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: