Մաքսային միությանն անդամակցելը մարտահրավեր է, հակասահմանադրական քայլ. Արթուր Սաքունց
06:35, February 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄաքսային միության անդամակցելը դա մարտահրավեր է, հակասահմանադրական քայլ, իսկ ՀՀ քաղաքացիների համար անորոշություն. այս համոզման է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Ի՞նչ է նշանակում Մաքսային միություն, մի տարածքի մեջ, որի հետ բացարձակապես որևիցե ընդհանուր հաղորդականության հնարավորություն չունես, մի հատ բարակ թել է Հայաստանից Վրաստանով ձգվող դեպի այդ Մաքսային միություն ասած տարածքը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի և կոնկրետ իր՝ Արթուր Սաքունցի անունից հանդես գալու որևէ իրավասություն չունի։
Արթուր Սաքունցին շատ ավելի մտահոգում է ռուսաստանյան արժեքների հետ ընդհանրություն շարունակելու հանգամանքը։ «Բայց ինձ ամենից շատ մտահոգում է այդ արժեքների մասին ընդհանուր հայտարարությունը, ընդհանրություն չենք կարող ունենալ մենք պուտինյան Ռուսաստանի հետ, որտեղ օրը ցերեկով մարդկանց ունեզրկում են, դատապարտում են անհիմն ազատազրկման, քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներ են իրականացվում, այսինքն՝ դա ավտորիտար ռեժիմ է, և ես նրա հետ ի՞նչ ընդհանուր արժեքներ կարող եմ ունենալ»,- ասաց նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը չի կասկածում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ճնշումներ են եղել, բայց ըստ նրա, այստեղ հարցն ավելի շատ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ով ըստ նրա, միանձնյա որոշում է կայացնում՝ հաշվի չառնելով նաև իր թիմակիցների կարծիքը։
«Ամեն ինչ էլ հավատում եմ Պուտինից, որ ինքը նորմալ քաղաքակիրթ լեզվով խոսելու և հաղորդակցվելու կարողությունից զուրկ է, ելնելով նրա բազմաթիվ հրապարակային հայտարարություններից տարբեր թեմաներով, դա միանշանակ չեմ բացառում, բայց այստեղ ոչ թե Պուտինի ճնշումների մասին է խոսքը, այլ Սերժ Սարգսյանի՝ որպես անձ։ Բրյուսելում և այլ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպմանը նա մի բան է ասում, Ռուսաստանի հետ՝ մեկ այլ բան, որպեսզի մարդիկ, այսպես ասած, անհարմար վիճակի մեջ չընկնեն»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը վստահ է, որ Հայաստանի վրա բանեցված ճնշումները առնչվում են Մարտի 1-ի դեպքերին։ «Մարտի 1-ի հանցագործությունը դա պետական մասշտաբի հանցագործություն է և չբացահայտելը մշտապես խոցելի վիճակում է թողնելու և՛ Սերժ Սարգսյանին և՛ Ռոբերտ Քոչարյանին և դրա անմիջական պատասխանատուներին, և ճնշումների հարցում այդ գործոնը Ռուսաստանը միշտ էլ օգտագործելու է անհատական հանդիպումների ժամանակ, ես դա չեմ էլ կասկածում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ղեկավարների վրա Ռուսաստանի կողմից բանեցվող ճնշումների մատնանշմանը, ապա նա նկատեց, որ եթե հանկարծ փորձ կարվի Մաքսային միության մեջ մտնելը պայմանավորել Ղարաբաղի հարցի փրկության հետ, դա ինքը համարում է նվազագույնը ոչ խելամիտ։ «Եթե չասենք պոպուլիստական, որովհետև Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանը կյանքում չի կարող հանդիսանալ։ Մենք դրանում համոզվեցինք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում, երբ Ռուսաստանը ոչ թե երաշխավորը հանդիսացավ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու, այլ իր մեթոդով բռնագրավելու որոշակի տարածքներ։ Պատերազմի վարքագիծ ունեցող պետություն է Ռուսաստանը, այնպես որ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն այդ սպառնալիքից է ընկրկել»,- ասաց նա։
Ամեն դեպքում, ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանն ամբողջությամբ չի խզի հարաբերությունները ԵՄ-ի հետ։ «Իհարկե ԵՄ-ի մոտ որոշակի մտախոհություններ կառաջացնի նման գործընկերությունը շարունակելու առումով, բայց չեմ կարծում, որ իրադրությունը անելանելի է, որովհետև Սերժ Սարգսյանը չի կարող միանձնյա նման որոշումներ կայացնել, կարծում եմ՝ Եվրոպական միության ներկայացուցիչները նույնպես հասկանում են իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և իրենք մեր վրա ոչ թե ճնշում կգործադրեն, այլ ինչպես նախկինում, կշարունակեն նաև նույն համբերատարությամբ աշխատել»,- ասաց նա։
Արթուր Սաքունցը վերջում զգուշացրեց, որ քաղաքացիական հասարակության կողմից արձագանքը չի ուշանա։ «Սպասեք բավական լուրջ հակադարձման, շատ լուրջ հակադարձման, տարբեր գործողություներ, անպայման, կհետևեն»,- ասաց նա։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/09/04/arthur-sakunc