Օլիմպիադայից հետո բուռն զարգացումներ կլինեն Հայաստանում
14:23, February 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունն այդպես էլ չի համախմբում հանրությանը, լոկալ խնդիրների շուրջ համախմբվելուց առաջ չանցանք: Ինչո՞ւ:
Հայաստանում յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունները ոչ թե իրավիճակին են տիրապետում, այլ իրականացնում են Պուտինի հանձնարարականները: Այսինքն՝ իշխանությունների՝ դեպի ՄՄ կատարած քայլերը կամ արտաքին քաղաքականության բնագավառում արմատական փոփոխությունները կատարվում են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կոնկրետ Վլադիմիր Պուտինի հրահանգների հիման վրա: Ինչ հրահանգ տրվում է, սրանք լավ կոմերիտականների կամ պիոներների նման փորձում են կատարել: Իրականում խնդիրն այն է, որ պուտինյան քաղաքականության ազդեցությունը շատ մեծ է, և որքան էլ զարմանալի է, դրան դիմակայելու հնարավորությունները ստեղծում է հենց Պուտինը: Մասնավորապես, միգրացիոն օրենսդրության փոփոխությունը որոշակի խլրտումներ է առաջացնում և բացահայտում այսօրվա իշխանության չգոյությունը: Այսօր Հայաստանում չկա պատասխանատվությունն իր վրա վերցնող որևէ քաղաքական ուժ, գոյություն ունեցող քաղաքական ուժերը միայն զբաղված են իմիտացիայով: ՀՀԿ-ի փոխարեն նրանցից յուրաքանչյուրը լինելու դեպքում ի՞նչ են առաջարկելու հանրությանը՝ ոչ մի բան: Իսկ հանրությունն էլ այն իներցիոն իրավիճակում է, որում շարունակաբար ապրել է վերջին տասը տարիների ընթացքում, և այդ իներցիոն վիճակից դուրս չի եկել, դրա համար սեպտեմբերի 3-ից հետո արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն նրանց համար չկար, քանի որ իրենք արդեն կողմնորոշված էին դեպի Ռուսաստան: Ռուսաստանը միգրացիոն օրենսդրությամբ այդ արտաքին կողմնորոշման վրա արգելք է դնում, որոշակի դժվարություններ ստեղծում, ինչն անտրամաբանական է, իսկ սա անպայման իր հետևանքները կունենա:
Հաջորդ խնդիրը գազի գնի բարձրացումն է, որի մատակարարը Ռուսաստանն է: Գազի գնի բարձրացումը կենսամակարդակի վրա ազդեցություն ունենալով, ինչպես նաև կենսամիջոցների ապահովման ճանապարհին արգելքներ դնելով, պետք է անպայման ռուսական կողմնորոշման վրա բացասական ազդեցություն ունենա:
Հաջորդ խնդիրն այլընտրանքների անհրաժեշտությունն է: Ցավոք սրտի, Եվրամիությունից միայն Լեհաստանն է, որ Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծում ավելի դյուրին տարբերակով աշխատանքային նպատակներով գնալ Լեհաստան:
Իսկ գործող քաղաքական ուժերը, պարտադիր կուտակայինի հարցը բարձրացնելով, խաղում են Սերժի քաղաքական դաշտում, որովհետև 38 տոկոս աղքատության, երիտասարդության հիմնական մասի գործազրկության պարագայում պարտադիր կուտակայինն այն նշանակությունը չունի Հայաստանում, ինչքան փորձում են ներկայացնել: Եվ ՍԴ-ն ոչ թե ճնշման, այլ խաղի հետևանքով նման որոշում ընդունեց, սա մուկն ու կատվի խաղի արդյունք է, որը փորձում են որպես հաջողություն ներկայացնել: Այսինքն՝ մեզ մոտ դիմակազերծման պրոցեսները դեռևս չեն ավարտվել թե ռուսական վեկտորի, թե մեր քաղաքական իրավիճակի առումով, և հանրությունն իր պահանջները, որ սովորել էր երկար ժամանակ այլևս իշխանությանը չներկայացնել, հիմա պետք է վերադառնա իշխանության՝ պահանջներ ներկայացնելու իրավիճակին, որովհետև մինչև հիմա հույսը կտրելով կամ ուշադրություն չդարձնելով գնում էր երկրից հեռանալու տարբերակով, հիմա երկրից հեռանալու տարբերակի սահմանափակումը ստիպում է մտածել՝ իսկ ինչո՞ւ գնալ Ռուսաստան:
Արդյոք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ:
Ուկրաինայի դեպքերն արժանապատվության, մտածելակերպի, խնդիրների լուծման այլ հնարավորության տեսակետից անպայման ազդեցություն ունենալու են: Մարդիկ տեսնելու են՝ բացի հիասթափվելուց, կա սեփական երկրում խնդիրների լուծման հնարավորություն, և դա Մայդանը ցույց է տալիս: Մայդանի ազդեցությունը ժամանակի ընթացքում ավելի կմեծանա, որովհետև դեռ բոլորը շունչները պահած սպասում են ինչ է լինելու, որովհետև Մայդանի հաջողությունն անպայման դոմինոյի էֆեկտ է ունենալու:
Բացի այդ, հայ-վրացական սահմանի հարցը ժամանակի ընթացքում նույնպես կունենա իր ազդեցությունը, որովհետև մաքսային համակարգին սերտաճելու կամ ինտեգրվելուն զուգահեռ հայ-վրացական սահմանի թափանցիկությունը նվազելու է: Այսինքն՝ այն կարգավիճակով փոխվելու է, որը նույնպես մեկ լրացուցիչ գործոն է քաղաքացիների արտաքին կողմնորոշումների վրա, որովհետև ըստ էության ռուսական կողմնորոշումն այլևս արդյունավետ չէ և սնանկ է:
Շատ կարևոր է Եվրոպական Միության վարքագծի փոփոխությունը: Ես տեսնում եմ այդ փոփոխությունը: Ամենավերջին հայտարարությունը Մերկելի հայտարարությունն է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, ինչպես նաև Թուրքիան իր պատմության հետ առերեսում ունենա և ընդունի, որ կատարել է ցեղասպանություն: Դրան զուգահեռ, Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը Թուրքիայում, Էշթոնի և Ֆյուլեի հայտարարությունը, որ պետք է մշակել Արևելյան գործընկերության համար ասոցացման նոր ծրագիր, այսինքն՝ Եվրամիությունը բավական երկարաժամկետ ընթացակարգեր ունի հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում:
Սրանք գործոններ են, որոնք ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքացիների արտաքին կողմնորոշման վրա անխուսափելիորեն ազդելու են: Պետք է դնենք այլընտրանքներ փնտրելու խնդիր: Դրա համար ժամանակ է պետք, և այս պահին ինչ էլ նախաձեռնես, ժամանակավրեպ է:
Այստեղ կա ներքին հանգամանք, որը շատերի կոկորդում ոսկորի նման կանգնել է. Շանթ Հարությունյանի և իր ընկերների ազատազրկված լինելու հանգամանք է, փաստ, որը չեն կարող անտեսել, չնայած փորձում են մոռացության մատնել, անտեսել: Այսինքն՝ խորը ճգնաժամի ընթացքում այն գործոնները, որոնք ձևավորվելու են ժամանակի ընթացքում, իսկ դա կարող է նվազագույնը տևել 5-7 ամիս, դրանք մեծ ազդեցություն են ունենալու և բերելու են հանրային մտածելակերպի փոփոխության, իսկ առանց դրա մենք այս վիճակից դուրս գալու հնարավորություն չունենք: Մենք հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք Սոչիի օլիմպիադայից հետո: Առայժմ Պուտինը դադար է առել, օլիմպիադան դեռ պետք է մարսի, որից հետո շատ ավելի ակտիվ է դրսևորելու իրեն: Ընդ որում՝ իրավիճակը բավական փոխված է, իրենց ավանտյուրայի համար պայմանները շատ անբարենպաստ են դասավորվում, և այն կարճաժամկետ էյֆորիան, որ ունեցան Արևելյան գործընկերության ասոցացման ծրագրի ձախողման ժամանակ, չունի այն ակնկալվող արդյունքները, որ իրենք կուզենային տեսնել: Պուտինյան ավանտյուրան չընդունողների և Ռուսաստանի՝ որպես միակ արտաքին քաղաքական վեկտորի պարտադրանքը սպառվելու է:
Մայդանի հաղթանակն ի՞նչ կտա և, հակառակը, պարտությունը ինչի՞ կհանգեցնի:
Մայդանի պարտություն նշանակում է Ուկրաինայում դիկտատուրայի հաստատում, ինչն անհնար է: Մայդանն այն ոսկորն է, որը հիմա ուկրաինական քաղաքական դաշտի կոկորդում է, ինչպես մեզ մոտ Շանթն ու իր 15 համախոհներն են քաղաքական դաշտի կոկորդում: Մայդանի հաղթանակ՝ նշանակում է Ուկրաինայի զարգացում: Ես տեսնում եմ, որ կարող է լինել միջանկյալ տարբերակ. դիկտատուրան չի կարող հաղթել, քանի որ ըստ էության դիկտատուրական մտածելակերպը և որոշումներ կայացնելու միանձյա քաղաքականությունն այլևս մերժված է Ուկրաինայում: Հիմա Յանուկովիչը պետք է պատվով դուրս գա: Դրա համար ելքը լինելու է նախագահական և պառլամենտական արտահերթ ընտրությունը: Հանգուցալուծումը կլինի Սոչիի օլիպիադայից հետո, անպայման կգնան արտահերթ նախագահական և պառլամենտական ընտրությունների: Ուկրաինան պարտադրված է հաղթել, որում իր մասնակցությունն են ունենալու և Մայդանը, և ուզած թե չուզած Յանուկովիչն ու իր թիմը:
Տեսակետ կա, որ ստեղծված իրավիճակում իշխանությունն ինքն իր միջից իմիտացիոն հեղափոխական գործողություններ առաջ կքաշի:
Մեզ մոտ էլ միանշանակ լինելու են փոփոխություններ, բայց դրանց նախաձեռնողը իշխանությունը չի լինելու: Հայաստանում քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը, ցավոք, սնանկ են, նրանք հանրությանն այլընտրանք չեն առաջարկում, և մենք համոզվել ենք, որ չեն կարող առաջարկել: Հասարակությունն իր ամբողջության մեջ արտաքին քաղաքական վեկտորով կողմոնորոշված է, արտագնա աշխատանքի մեկնողներն ասում են՝ այնպես արեք միգրացիոն օրենսդրությունը փոխվի, փոխանակ ասեն՝ այնպիսի քաղաքականություն պետք է իրականացնեք, որ մեր կենսամիջոցների հայթայթումը մեր երկրում իրականացնենք:
Հայաստանում թե իշխանությունը և թե ընդդիմությունը մարելու են, բայց դրա ժամանակը արագացնել հնարավոր չէ: Այլընտրանքի ընկալումը բացի ռուսական ուղղություններից այլ ուղղությունների ձևավորումն է լինելու, բայց դա արագ չի լինելու: Հայաստանում ժամանակացույցը միջնադարին բնորոշ ժամանակացույցի տեմպով է ընթանում, երբ իրադարձություններն ավելի մեծ ժամանակամիջոցում են տեղի ունենում: Ինչպես լոռեցին կասի՝ մենք դինջ ենք: Մեզ մոտ այդ պրոցեսը դանդաղ է գնալու, և արհեստականորեն հնարավոր չէ արագացնել այն:
Հայաստանի քաղաքացիները դեռևս Հայաստանով չեն զբաղվում, առայժմ զբաղվում են իրենցով, և խնդիրների լուծման տարբերակը ռուսական գծի մեջ են տեսնում, և երբ այդ գիծը կսկսի չաշխատել (իսկ այդ գիծը չի աշխատելու), ուզած-չուզած սկսելու են զբաղվել սեփական երկրով: Իշխանությունը չի ուզում, որ քաղաքացիները զբաղվեն սեփական երկրով, ընդդիմությունը չի բարձրացնում նման խնդիրներ: Եվ այս ճղճիմ իրավիճակում ես տեսնում եմ պոտենցիալ զարգացումներ, և եթե մենք ժամանակի տիրույթում դիտարկենք, կարելի է ասել, որ կարող ենք գժվել անելանելությունից, բայց եթե դիտարկում ենք ավելի երկարաժամկետ տիրույթում, ապա տեսնում ենք, որ բավական հետաքրքիր գործընթացներ են:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/94767#sthash.cuMl4iDN.dpuf