Զինծառայողներին չեն ծանոթացնում իրենց բժշկական փաստաթղթերին
18:01, March 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄասնավորապես զեկույցում բերվել էր հիվանդությունների այն ցանկը, որոնք բացահայտվել կամ սրվել էին զինծառայության ընթացքում: Դրանց մեջ 8,4% էր կազմել տրավմաները, վիրուսային հիվանդությունները՝ 17,6%, սիրտ-անոթայինը՝ 7%, թոքաբորբը՝ 5,2%… Գեղամ Հարությունյանը գնահատելով զեկույցի կարեւորությունը, իր համար անհասկանալի համարեց, մասնավորապես տրավմաների հետ կապված ասաց, թե չի երեւում՝ արդյոք դրանք բռնությունների՞ արդյունք են, կանոնագրի խախտման հետեւա՞նք, թե՞ կենցաղային: Զեկուցողների համար հարցերից մեկը նաեւ այն էր, թե արդյոք այդ տրավմաները պատշաճ կարգով գրանցվե՞լ են, անցկացվե՞լ են ծառայողական քննություններ, թե՞ ոչ եւ ի՞նչ հաճախականությամբ են առաջացել:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, մեր գործընկեր Ժաննա Ալեքսանյանը անդրադարձավ բողոքարկման մեխանիզմներին, դրանց մշակմանն ու ձեւավորմանը, չնայած իրատեսական չհամարեց, որ կարող է զինվորը բողոքարկել եւ կիրառվեն իրավական մեխանիզմներ՝ բանակի այսօրվա վիճակի համատեքստում: Նա մեջբերեց Նարեկ Այվազյանի հայտնի օրինակը, երբ վերջինին ծեծել էին սոլյարկա վաճառելու համար եւ երբ նա զեկուցագիր էր ներկայացրել վերադասին, ոչ միայն ընթացք չէին տվել եւ ընդառաջել, այլ նա հայտնվել էր բանտում:
ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց 18-20 տարեկան զինծառայողների կենսափորձին, տարակուսանք հայտնեց, որ նա չի կարող բողոքարկել եւ որ իրենք հիմնականում բողոքներ են ստանում զինծառայողների ծնողներից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հակադարձեց, թե լավ էլ կարող են բողոքել եւ որ բողոքում են դպրոցներում եւ որեւէ կապ չունի չափահաս կամ անչափահաս լինելը:
Ի դեպ, զեկույցը ներկայացնելուց հետո Արթուր Սաքունցն արեց առաջարկություններ, ըստ որի՝ զինծառայողների իրավունքները պետք է հստակեցնել, վերացնել կանոնագրքերում առկա հակասությունները, օրենքով ամրագրել, որ անձի առողջական վիճակի մասին, տեղեկատվությունը պարտադիր ուժով տրամադրվի զինծառայողին, սահմանվի երաշխիք՝ բողոքող զինծառայողի անվտանգության համար բողոքի քննության ընթացքում: Ինչ վերաբերում է ծառայության երկարացմանը, ըստ իրավապաշտպանի, կառավարությունը չպետք է որոշի՝ «ծառայությունը երկարացնել անհրաժեշտությունից ելնելով, այսինքն՝ կառավարության որոշումը պետք է լինի պատճառաբանված»:
Ի դեպ, անձի բժշկական օգնության եւ բուժսպասարկման իրավունքը սահմանված է Սահմանադրության 38 հոդվածով, իսկ որպես Սահմանադրության նորմի պահանջ՝ 1998թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ կողմից ընդունվել է օրենք՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին, որտեղ ի թիվս այլ սոցիալական իրավունքների, կարգավորվում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների որակյալ, անվճար բուժօգնությունը: Զեկույցում առանձին տեղ էր հատկացված ՀՀ զինված ուժերում սննդի, ջրի որակին, սանիտարահիգիենիկ պայմաններին: Հարցման մասնակիցների 67%-ը սննդի եւ ջրի որակը գնահատել է «լավ» եւ «շատ լավ», իսկ սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ 74%-ը գնահատել է «լավ» եւ «շատ լավ», իսկ «վատ» եւ «շատ վատ»՝ 24,5%-ը, որը, ըստ զեկուցողի՝ մտահոգիչ է:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/03/20/442626/