ՀՀ-ի նկատմամբ ևս սանկցիաներ կլինեն, եթե այսպես շարունակվի. Սաքունցին Շիրինյանը հակադարձում է՝ ռուսական տանկերի տա՞կ մտնենք
20:33, March 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊատժամիջոցներ կկիրառվե՞ն Հայաստանի նկատմամբ, թե՞ ոչ՝ կախված է միայն իշխանությունների պահվածքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Եթե Հայաստանի իշխանությունները գլխապատառ պաշտպանեն Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը և Ուկրաինայի տարածքի նկատմամբ փաստացի անեքսիան, ապա, բնականաբար, պատժամիջոցները կլինեն ոչ միայն անմիջական ագրեսորի, այլև նրա աջակցողների նկատմամբ, որովհետև նրանք էլ են անմիջական մասնակից դառնում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին։ Այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը ասել էր, որ Կիևը Հայաստանից պաշտոնական տեսակետ է ակնկալում՝ Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ Սա հաջորդել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։
Արթուր Սաքունցը հավելեց, որ Ուկրաինայի արձագանքից հետո նման սանկցիաների կարող են դիմել ոչ միայն Հայաստանի, այլև այն կառավարությունների նկատմամբ, որոնք կաջակցեն Պուտինի այս քաղաքականությանը, «այս թվում նաև՝ դեսպանների հետկանչման ճանապարհով»:
Ի պատասխան հարցի, թե նման զարգացումների դեպքում, պատժամիջոցների՝ այդ թվում բանկային հաշիվների սառեցման վտանգի տակ կհայտնվեն ՀՀ քաղաքական-տնտեսական էլիտայի այն ներկայացուցիչները, որոնք ակտիվ են, ու արդյոք առաջին հերթին դա կվերաբերվի ՀՀ իշխանություններին՝ ամենաբարձր մակարդակներում, պատասխանեց. «Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան, Տիգրան Սարգսյան: Ինչ վերաբերում է գործարարներին, որոնք, թեև դժվար Ուկրաինայի հարցով ելույթներ ունենան, բայց սենց բան կա. նյուրենբերգյան դատավարության ժամանակ բավականին լուրջ քննարկման ու իրավական գնահատականի արժանացան նաև ֆաշիստական Գերմանիայի այն գործարարները, որոնք համագործակցել էին նացիստական իշխանությունների հետ: Մասնավորապես՝ «Կրուպ» ֆիրման ու նաև այն գործարարները, որոնք օգտագործել էին ռազմագերիների, սակայն սա մի քիչ ուրիշ թեմա է: Բայց խնդիրն այն է, որ էն գործարարների հետ համագործակցությունը , որոնց նկատմամբ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն սանկցիաներ կկիրառեն, նրանց հետ համագործակցողները նույնպես կպարտվեն»,- նշեց իրավապաշտպանը:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը, արձագանքելով նման գնահատականներին, հարցրեց. «Նույնիսկ եթե նման սանկցիաներ կիրառվեն, Հայաստանը Արթուր Սաքունցի աշխատանքի խաթեր պիտի Ռուսաստանի տանկերի դեմ մտնի՞: Ենթադրենք ամերիկացիներն ու Բրյուսելը նման սանկցիաներ կիրառեն, սա չարյաց փոքրագույնը կլինի չէ՞, եթե դա եղավ»:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ բոլոր նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, սադրիչներ են:
Իր գնահատականները Լևոն Շիրինյանը շարունակեց հարցականների շարքով. «Ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք ոռնոցներդ դրել Ուկրաինայի համար, երբ համաշխարհային տեղաշարժ է տեղի ունենում և մի բևեռը Ռուսաստանն է: Ամերիկացիք են պապանձվել, սրանք ի՞նչ են ուզում, որ էս երկիրը ի՞նչ լինի: Ուզում եմ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ Ռուսաստանին հակադրվել է Արթուր Սաքունցի ցանկությունով, Շահումյանը կորցրինք: Իրեն հարցրեք, կասի: Սրանք էս Հայաստանը Ֆրանսիայի տե՞ղն են դրել, ուզում են Մայդանը մեյդան սարքե՞ն, այն դեպքում, երբ Ուկրաինան ադրբեջանական բանակն է զինել: Հիմա այդ Ուկրաինայի համա՞ր են ոռնում»:
Լևոն Շիրինյանը ամփոփեց, որ այս պարագայում Հայաստանը պետք է քչից-շատից իր դաշնակցային պարտավորությունները կատարի Ռուսաստանի հետ, և որ ՀՀ Նախագահի քաղաքական կուրսը, չափազանց ճիշտ է և բխում է Հայաստանի շահերից: «Որոշ մարդկանց վնաս է, իրենց գործն է, կարող են գնալ Մագադան»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/03/22/sankcia/