Քառյակի պահանջը վկայում է, որ կա համաձայնություն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու. Արթուր Սաքունց
11:21, April 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ ներսում ուժերի վերադասավորման հետևանք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ չի կարծում՝ վարչապետի հրաժարականը որևէ կապ ունի իրական կյանքի հետ: «Վարչապետը՝ իր ամբողջ գործունեությամբ, և կառավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նրանց բոլոր գործողությունները մեր իրականության հետ բացարձակապես կապ չունեն. նրանք թե՛ իրենց որոշումներում, թե՛ քայլերում, գործողություններում, ղեկավարվում են միայն իրենց իշխանության պահպանման, շահերի բավարարման տեսանկյունով, այնպես որ սա որևէ կերպ հանրային պահանջների, հանրային խնդիրների լուծման մեջ ոչ բավարար դերի հետ կապել ուղղակի անտրամաբանական է: Մեկ իմաստ ունի, իհարկե. ներքին խմորումների կամ վերադասավորումների հետևանք է, բայց հանրային մատուցմամբ կներկայացնեն իբրև հանրային դժգոհության բավարարման միջոց»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կերպ դժգոհության ալիքը որոշ ժամանակ կզսպեն՝ հատկապես առաջիկա՝ Մաքսային միությանն անդամագրվելու հետ կապված գործընթացներից հանրային ուշադրությունը շեղելու համար:
«Նոր թեմա է, հա՞: Կուտակայինի թեման ՍԴ խայտառակ որոշմամբ փակեցին, հերթական նոր տեսարանն է պետք հասարակության համար, որի շուրջ ԶԼՄ-ներում շատ լուրջ, խորիմաստ մեկնաբանություններ կսկսեն»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ եթե դիտարկումներ անեն, պիտի նշեն՝ մեզանում վարչապետները միայն մի դեպքում են ուժեղ եղել,- քանի որ այստեղ նախագահն է ամեն ինչ որոշում, և բոլոր լիազորությունները կենտրոնացած են իր ձեռքում,- միայն մի դեպքում է վարչապետն ունենում ուժեղ դիրք՝ երբ նախագահի դիրքն է բավական թույլ եղել: Տվյալ դեպքում, սակայն, չի երևում, որ Սերժ Սարգսյանն իրեն թույլ է զգում, դրա համար, ըստ Սաքունցի, տարբերություն չկա՝ ում էլ նշանակի վարչապետի պաշտոնում, իհարկե, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի:
«Եթե նա, չգիտեմ ինչ անտրամաբանական իրավիճակի արդյունքում, նշանակվի վարչապետ, դա նշանակում է՝ միայն տվյալ պարագայում կարող ենք համարել, որ ինչ-որ լուրջ պրոցես է տեղի ունենում, բայց լուրջ՝ իշխանության ճակատագրի համար, իսկ հանրության համար ավելի վատ տարբերակ կարող է լինել՝ ՄՄ, ռուսական տիրապետության ամրապնդման տրամաբանության տեսակետից:
Ոչիշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջը ես համարում եմ խաղ, որն անիմաստ պահանջ էր, քանի որ իրենք էլ լավ գիտեն՝ հիմնական վճռորոշ դիրքն ունի հանրապետության նախագահը, այսինքն՝ եթե չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, վարչապետի հրաժարականի պահանջն անիմաստ բան է»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ ամենևին չի երևում, որ ոչիշխանական ուժերն այնքան հզոր են, որ կարող են ինչ-որ բան թելադրել, ոչիշխանական ուժերի պահանջն ավելի շատ խոսում է, որ նրանք ունեն համաձայնություն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու, և այդ դեպքում դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը ոչ թե բավարարում է իրենց պահանջը, այլ ուղղակի կարող է իրենց էլ մատուցի այնպես, իբր խնդիրներ լուծեց:
«Բայց էս խաղերը մեզ չեն վերաբերում, մեր՝ հանրային որևէ նշանակության խնդրի հետ՝ վարչապետի փոփոխություն, ԱԺ-ում փոփոխություն, կապ չունեն: Մենք ունենք մեկ խնդիր՝ Մաքսային միության խնդիրը: Եթե հիմա ՄՄ անդամակցման վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ դեմ լինելու, չկա, իսկ մնացած բոլորը կողմ են, մնացածն այդ շրջանի ներսում՝ ոչիշխանական, իշխանական, ինչի մասին էլ ուզում է խոսեն, համաձայնության գան, ով ում կբավարարի, ինչպես կբավարարի՝ հանրության շահերի հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն:
Հիմա, ճիշտ է, իրենք կզրկվեն խաղալիքից, թեմայից, մի ուրիշ բան կմտածեն երևի թե, կամ էլ իրենց թեկնածուն կառաջարկեն. շատ հետաքրքիր է՝ ով է լինելու նա: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում Ռոբերտ Քոչարյանը՝ հատկապես ՀՅԴ և ԲՀԿ ակտիվության ֆոնին, և դա կլինի լուրջ մարտահրավեր հանրությանը»,- ասաց նա:
Աղբյուրը՝ www.1in.am