Այսօր հանրահավաք է. սպառնու՞մ են «Դ!եմ եմ»-ին
09:58, April 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունԱյսօր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը ժամը 14.00-ին հանրահավաք կանցկանցի Մատենադարանի մոտ:
Մինչ այդ, սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հանդես եկավ հաղորդագրությամբ, որը «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները որակեցին սպառնալիք: Դատախազությունը իր հաղորդագրությունում նշել է. «Ապրիլի 9-ին, «Դ!եմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան եւ հարակից փողոցների երթեւեկությունը: Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն»:
ՀՀ գլխավոր դատախազությունը իր հաղորդագրությունում զգուշացնում է նաեւ, որ կրկնվելու դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: «ՀՀ դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոպիտ եւ միտումնավոր խախտումներով: Առավել եւս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը եւ այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»,-նշված է դատախազության` երեկ տարածած հաղորդագրությունում:
Դատախազության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը (դատախազության լիազորությունները) սահմանում է, որ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան, դատախազությունը` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ. դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:
Ինչպես տեսնում ենք, վերը նշվածում առկա չէ մի կետ, ըստ որի, դատախազությունը լիազորություն ունի հանդես գալ նման հայտարարությամբ եւ ավելին` զգուշացնել պատժել: Ոչ թե դատախազությունը, այլ ոստիկանությունն իրավունք ունի բողոքի ակցիայի մասնակցին պատասխանատվության ենթարկել, այն էլ մի դեպքում միայն, եթե վերջինիս գործողությունները դադարում են խաղաղ լինել:
Երեկ մեր զրույցում «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ սա իրենք դիտում են սպառնալիք: «Շատ ավելի կարեւոր գործեր կան, որոնցով պիտի զբաղվի դատախազությունը, քան փողոցը փակելու վերաբերյալ հայտարարություններ տարածի: Շատ լավ կլիներ, որ իրենք զբաղվեին հենց իրենց գործով եւ ոչ թե ահաբեկեին քաղաքացիներին: Մինչ այժմ մենք օրենք չենք խախտել ու ավելի զգուշավոր լինելու կարիք պարզապես չկա, որովհետեւ օրինապաշտ քաղաքացիները գործում են օրենքի շրջանակներում` պաշտպանելով իրենց իրավունքները իշխանությունների ապօրինի գործելաոճի դեմ: Քաղաքացին այլ տարբերակ, այլ միջոց չունի պաշտպանելու իր իրավունքները»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը: Վերջինս նշեց, որ այս հայտարարությունը անմիջական կապ ունի այսօրվա կազմակերպվելիք հանրահավաքի հետ, եւ ըստ նրա, պարզապես փորձում են վախեցնել մարդկանց, որպեսզի նրանց թիվն ավելի քիչ լինի. «Կամ եթե հարկ լինի, որեւէ անհնազանդության ակցիա անելու, մարդիկ վախենան: Սա այն դեպքը չէ, երբ գործ ունեն մի խումբ արկածախնդիր, անգրագետ երիտասարդների հետ, ինչպես իրենք են մեզ շատ անգամներ անվանել, այլ գործ ունեն բարձ իրավագիտակցությամբ, կիրթ քաղաքացիների հետ, ովքեր գիտեն իրենց իրավունքներն ու հնարավորությունները, եւ խաբելն այդքան էլ հեշտ չի լինի»,-մեր զրույցում ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մեր զրույցում նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ամբողջովին գերազանցել է իր լիազորությունները եւ հայտարարությամբ արձանագրել է, որ ինքը ոչ թե իրավապահ մարմին է հանդես գալիս, այլ որպես քաղական իշխանության պատվերը կատարող մարմին: «Առավել տրամաբանական կլիներ, որ նա ոստիկանության մասին հայտարարություն տարածեր, որ ոստիկանության աշխատակիցները պատշաճ ապահովեին քաղաքացիների բողոքի ակցիաները, նրանց անվտանգությունը եւ անխափան իրականացումը: Եթե Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքների կամ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հավաքների ժամանակ ճանապարհներ են փակում կամ եթե իրենք են միջոցառումներ կազմակերպում, դա թույլատրելի՞ է, ինչի՞ չեն այն ժամանակ խոսում քրեական եւ վարչական պատասխանատվության մասին»,- մեր զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.armtimes.com