Հրայր Թովմասյանը գիտեր, եթե խոսեր արդարադատության շահերից, համակարգն իրեն ժամանակից շուտ կհեռացներ. Արթուր Սաքունց
16:59, May 6, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մինչև իր` նախարարի պաշտոնը ստանձնելը համարվում էր Հայաստանի առաջատար սահմանադրագետներից մեկը, որին խորհրդով, հարցերով հաճախակի դիմում էին թե՛ լրագրողները, թե՛ իրավաբանները: Նա իր լուրջ ներդրումն է ունեցել 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների նախագծում, հանդես եկել բազմաթիվ ողջամիտ առաջարկներով:
Թովմասյանն իր պաշտոնը ստանձնեց 2010 թվականին, որից երկու տարի անց` 2012-ին, դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, իսկ դրանից ոչ երկար ժամանակ անց` ականատես եղանք, թե ինչպես է նա պարբերաբար հայտնվում ՀՀԿ-ի հետ կապված կարևոր իրադարձությունների կենտրոնում, հանդես գալիս կուսակցության շահերի ու արարքների պաշտպանողի դիրքերից, իսկ մասնագիտական ոլորտում` անում հայտարարություններ, որոնք հարիր չեն արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնած անձին:
Արդյունքում նախարարը պարբերաբար խնդիրներ էր ունենում թե՛ իր գործունեության նկատմամբ վերահսկողություն ունեցող ԱԺ պատգամավորների, թե՛ նրա գործունեությունից ու քաղաքական դիրքորոշումներից դժգոհ քաղաքացիների հետ: Դժգոհությունների ալիքն այնքան մեծացավ, որ ԱԺ ամբիոնից պատգամավոր Արմեն Ռուստամյանն իրեն թույլ տվեց Թովմասյանի «ղալաթին» «չաթլախով» պատասխանել, իսկ ցուցարարները թել ու ասեղ ուղարկեցին նրան` հորդորելով, որ կարի բերանը, որպեսզի այլևս երբեք չխոսի ու ոչինչ չմեկնաբանի:
Այնուամենայնիվ, ի՞նչ դրական ու ի՞նչ բացասական երևույթներ կարելի է նշել Թովմասյանի` որպես արդարադատության նախարարի գործունեության ընթացքում: Թեմայի շուրջ NewsBook-ը զրուցեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
– Պարո՛ն Սաքունց, ի՞նչն էր դրական և ինչը` բացասական Հրայր Թովմասյանի` արդարադատության նախարարի գործունեության մեջ:
– Հրայր Թովմասյանի` որպես արդարադատության նախարարի գործունեության ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցել եմ նրա արտահայտած գնահատականները լսելու: Ցանկանում եմ ընդգծել քրեակատարողական համակարգի, հիմնարկների վերաբերյալ իր մոտեցումներից այն, որ ազատազրկվածների ինքնավնասումը, բերանը, աչքերը, կարելը բնական երևույթ է համարում, ինչպես նաև «զոն նայողների» ինստիտուտի վերաբերյալ նրա արտառոց վերաբերմունքը, համաձայն որի` այդ ինստիտուտը որոշ դեպքերում օգտակար է քրեակատարողական հիմանարկներում որոշ խնդիրների լուծման համար: Խայտառակություն է արդարադատության նախարարի դիրքից նման արտահայտությունների հնչեցումը, քանի որ արդարադատության նախարարի մոտեցումները պիտի լինեն իրավունքի գերակայության սկզբունքի ապահովմանն ուղղված:
– Քրեակատարողական համակարգի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ նա:
– Կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը քրեկատարողական համակարգում ձախողվեց և իրական որևէ ազդեցություն ունենալ այդ համակարգի վրա չկարողացավ: Դա, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ քրեկատարողական համակարգը, որպես այդպիսին ձևական է ընդգրկված արդարադատության նախարարության կառուցվածքում, քանի որ քրեակատարողական վարչության պետ նշանակում է հանրապետության նախագահը:
– Ի՞նչ դրական քայլեր հասցրեց անել նա:
– Պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ որոշակի նախագծեր կային, որոնք մնացին միայն նախագիծ: Կարծում եմ` այդ ուղղությամբ շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև կարևոր է քրեակատարողական հիմնարկի նոր շենք կառուցելու նախագիծը: Սակայն խնդիրն այն է, որ ավելի շատ կարող ենք խոսել նախագծերի, քան արդյուքների մասին:
– Վերջին մեր-երկու տարիների ընթացքում Հայաստանի հասարակությունը բարձրաձայնեց դատաիրավական համակարգում տիրող ամենթողության իրավիճակի մասին, սակայն Թովմասյանը երբեք չէր արտահայտում այդ ոլորտում եղած այս կամ այն աղմկահարույց գործի վերաբերյալ իր կարծիքը` պատճառաբանելով, որ ինքն արդարադատության նախարար է, ուստի իր արտահայտած կարծիքը կարող է կանխակալ վերաբերմունք առաջացնել արդարադատությունն իրականացնողների մեջ:
– Որպես նախարար ինքը կարող էր իր դիրքորոշումն արտահայտել այն մասին, որ քրեական դատավարություն իրականացնող մարմիններն ամբողջովին խախտել են արդարադատության համակարգը, ինչը չարեց, քանի որ ընդհանուր առմամբ, Հրայր Թովմասյանն ավելի շատ քաղաքական համակարգին ինտեգրվեց, կատարեց այդ համակարգի պահանջները, քան փորձեց ազդեցություն ունենալ այդ համակարգի վրա և փոխել այն: Նա քաջ գիտակցում էր, որ եթե խոսեր արդարադատության շահերից, ապա համակարգն իրեն ժամանակից շուտ կհեռացներ: Կրկնում եմ, նա դիրքորոշում արտահայտելու հնարավորություն միշտ էլ ուներ և շատ լավ գիտի, որ այն, ինչ կատարվում է դատաիրավական համակարգում, քրեական դատավարության և իրավական համակարգը ոչնչացնող է: Իսկ նրա լռությունը գնահատականներից խուսափելու տրամաբանությունից է բխել:
Աղբյուրը ` Newsbook.am