ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը Լոռու մարզի փաստաբանների տարածած հայտարարության վերաբերյալ
17:25, May 6, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2014թ. ապրիլի 15-ին Լոռու մարզի փաստաբանների անունից հայտարարություն է տարածվել, որով Լոռու մարզի փաստաբանները իրենց վրդովմունքն են հայտնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համայակ Սահակյանի վերաբերյալ քննվող քրեական գործի ժամանակ 2014 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած աննախադեպ միջադեպի կապակցությամբ: Դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը Հ. Սահակյանի պաշտպան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը:
Ըստ փաստաբանների հայտարարության, դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաև խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Լոռու մարզի թվով 30 փաստաբաններ իրենց հայտարարությամբ դատավորի գործողությունները որակել են անօրինական:
Ի պատասխան փաստաբանների հայտարարության, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված քրեական գործով փաստաբանների բողոքի առիթները և ներկայացրել է վերը նշված գործով, փաստաբանի չներկայանալու հիմքով, դատական նիստերի հետաձգումներն ըստ ամսաթվերի:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից է դատական իշխանությունների անկախության ձևավորման աջակցությունը՝ որպես արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիք:
Հաշվի առնելով փաստաբանների կողմից բարձրացված հարցի կարևորությունը, նաև դատական դեպարտամենտի ներկայացուցչի փաստարկները՝ կազմակերպությունը կիրականացնի նշված դատական գործի մոնիթորինգ, որի արդյունքների հիման վրա կհրապարակի իր դիրքորոշումը: