ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայկ Կալեյանի գործով բողոքների քննությունը
15:48, May 20, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Կալեյան2014 թ. մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ե.Դարբինյանի, շարունակվեց Հայկ Կալեյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով մեղադրող Հայկ Մկրտչյանի ներկայությունն ապահովելու նպատակով:
Դատաքննության ընթացքում գործով մեղադրող, ԼՂՀ Ասկերան քաղաքի 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մկրտչյանը հրապարակեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների դեմ ներկայացված պատասխանները: Հայկ Մկրտչյանը նշեց, որ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը. նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական, օպերատիվ-հետախուզական և դատավարական գործողություններ, քննարկվել են ինչպես սպանության, այնպես էլ ինքնասպանության տարբեր վարկածներ, գործի նախաքննությունը և դատաքննությունը իրականացվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի, և ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ կատարվել է ինքնասպանություն: Այդպիսով, Հայկ Մկրտչյանը խնդրեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Դատաքննության ընթացքում դատարանի կողմից մեղադրողին տրվեցին մի շարք հարցեր բողոքաբեր Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ, որոնց մեղադրողն իր պատասխանում չէր անդրադարձել, սակայն այդ հարցերին տրվեցին ոչ բովանդակային և հստակ պատասխաններ: Այսպես, նախագահող դատավոր Ե. Դարբինյանի այն հարցին, որ տուժող Հ. Կալեյանը ծաղր ու ծանակի ենթարկվել է դեզադապտացիոն վիճակում և արդյոք այդ գործողությունները չեն ազդել նրա վիճակի վրա այն դեպքում, երբ հրամանատարությունը տեղյակ է եղել, մեղադրող Հայկ Մկրտչյանը պատասխանեց, որ քրեական գործով չի հիմնավորվել և չկան ապացույցներ հրամանատարության մեղավորության վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ ավելի ուշ վերջինս նշեց, որ դեպքի առնչությամբ կատարված ծառայողական քննության շրջանակներում որոշ զինծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Դատարանը փորձեց պարզել, թե արդյոք քննությամբ բացահայտվել է տուժողի` հրաձգության հարթակում առանց զրահաբաճկոնի գտնվելու պատճառները, ինչին ի պատասխան Հայկ Մկրտչյանը հայտնեց, որ բոլոր զինվորները զրահաբաճկոն չեն ունեցել:
Դատարանը անդրադարձավ վերաքննիչ բողոքում բարձրացված կարևոր ևս մեկ խնդրի, այն է` տուժողը չէր կարող վերևից ներքև վնասվածք ստանալ. կրակողի դիրքը պետք է առնվազն ավելի բարձր լիներ, քան հրազենային վնասվածք ստացողինը: Սակայն, մեղադրողն այս հարցին նույնպես լիարժեք պատասխան չտվեց, միայն նշելով, որ այդ կապակցությամբ փորձաքննության ընթացքում փորձագետ Հրայր Ղուկասյանը ներկայացրել է իր պատասխանները:
Մեղադրողը հայտնեց նաև այն մասին, որ չնայած դեպքը տեղի է ունեցել հրաձգության հարթակում, որտեղ ներկա է գտնվել ամբողջ վաշտը, այնուամենայնիվ ոչ ոք հստակ չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ Հայկ Կալեյանը գնդացիրով կրակելուց հետո շրջվել է դեպի վաշտը, ինչի պատճառով բոլորը խառնվել են և չեն տեսել, թե ինչպես է Հայկ Կալեյանը ինքնասպանություն գործում:
Դատարանի կողմից առաջադրվեցին ևս մի քանի հարցեր, որոնք վերաբերում էին տուժողի առողջական խնդիրներին, մասնավորապես, վերջինիս գիշերամիզությանը և ոտքերի ցավերին: Մեղադրող Հայկ Մկրտչյանը հայտնեց, որ գիշերամիզության դեպք տեղի է ունեցել մեկ անգամ, որին արագ արձագանքել են` փոխելով տուժողի անկողինը, սակայն բուժկետ դիմելու և չընդունելու առնչությամբ մեղադրողը հստակ պատասխան չտվեց:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքի վերաբերյալ ներկայացված պատասխանում մեղադրողը հայտնեց, որ գործի դատաքննության ժամանակ երկու վկաների կողմից նախաքննության ընթացքում բռնության ենթարկվելու վերաբերյալ հայտնած տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն և լուծվել ընթացքը` կարճելով հարուցված քրեական գործի վարույթը: Քրեական գործը հարուցվել է Արթուր Սաքունցի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա: Սակայն, հաղորդում ներկայացրած Արթուր Սաքունցը միայն դատաքննության ընթացքում տեղեկացավ դեռևս 2013 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին (դատախազը հստակ չէր հիշում որոշման կայացման ամիսը) քրեական գործի վարույթը կարճելու մասին, որի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը հաղորդում ներկայացրած Արթուր Սաքունցին տրամադրվել էր միայն հաղորդման հիման վրա կայացված որոշումը ստանալու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո` 2014 թ. մայիսի 7-ին, երբ արդեն իսկ կայացված էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում:
Դատարանը պարտավորեցրեց մեղադրողին հաղորդում ներկայացրած անձին տրամադրել կայացված վերջնական որոշման օրինակը: Բացի այդ, դատարանը հետաքրքրվեց, թե ինչու ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը չի քննվել հատուկ քննչական ծառայության կողմից, որին ի պատասխանը դատախազը հայտնեց, որ դատախազությունը առանձին կառույց է և կապ չունի պաշտպանության նախարարության հետ: Դատարանը փորձեց պարզել նաև գործով հարցաքննված վկաներին շուրջ 10 օր ռազմական ոստիկանությունում պահելու պատճառները, սակայն մեղադրող Հայկ Մկրտչյանը որևէ պատասխան չտվեց այս հարցին: Դատարանը, առաջարկեց փոխել ձևավորված գործելաոճը և առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած նախադեպային որոշումներով:
Դատաքննության ընթացքում մեղադրող Հայկ Մկրտչյանը ներկայացրեց նաև ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի պատասխանը, որով հայտնեց, որ ծաղր ու ծանակի ենթարկելը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է, հետևաբար խնդրեց այդ բողոքը ևս մերժել: Սակայն, վերաքննիչ բողոքների վերաբերյալ ներկայացված պատասխանները պարունակում էին հակասական տվյալներ, մասնավորապես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի պատասխանում մեղադրողը հերքել էր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի պարբերական լինելու փաստը, մինչդեռ պաշտպանի բողոքի պատասխանում հայտնել էր, որ նման վերաբերմունքը պարբերական բնույթ է կրել:
Նախապես մեկ այլ դատական նիստ նշանակված լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հունիսի 13-ին, ժամը 12:00-ին: