ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը հիմա լուրջ վտանգի տակ է. Արթուր Սաքունց
15:55, June 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՀայաստանում հիմնական խնդիրը կենսական նշանակության խնդիրների վերաբերյալ դիսկուրսի բացակայությունն է. գործընթացները, որոնք վերաբերում են Հայաստանին, լուրջ քննարկումներ չեն առաջացնում, այդ թվում Ազգային ժողովում: Այս մասին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը:
«Ինձ առավել շատ մտահոգում է այն, որ ըստ էության երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, կնքում են քաղաքական պայմանագիր, և այդ երկրներից մեկը Մինսկի խմբի համանախագահներից է: Միանշանակ է, որ եթե Նազարբաևի փոխարեն Պուտինը նման հարց բարձրացներ, ապա նա որպես համանախագահ երկիր իրեն կդներ շատ խոցելի վիճակի մեջ: Բայց դա բնավ չի փոխում հարցի էությունը, որովհետև Նազարբաևն այդ հարցը բարձրացրել էր Պուտինի ցանկությամբ»,-ընդգծել է Սաքունցը:
Նրա խոսքով՝ միջազգային այն հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, հիմա լուրջ վտանգի տակ է: «Ռուսաստանը շատ կուզենար, որ Մինսկի խմբի արդյունավետությունը նվազեր ,և ողջ տարածաշրջանում ԼՂ խնդրի լուծման բոլոր լծակները վերցներ իր ձեռքը, և դա արվում է Հայաստանին գործընկերության որևէ շրջանակից դուրս մղելով: Դրան զուգահեռ, Հարավային Կովկասում մեծ թափով մեծանում է միլիտարիզացիայի մակարդակը, որի հիմնական խթանողներից մեկը հենց Ռուսաստանն է: Այսինքն, այն պետությունը, որն առաջին պատասխանատուն է ապակայունացնող գործողությունների, այդ երկիրը նաև աջակցում է սպառազինությունների մեծացմանը: Ավելի շատ վտանգավոր գործոն՝ ուժի սպառնալիքի մեծացման, գոյություն չունի: Ընդ որում, Մինսկի խմբի սկզբունքներից մեկը ուժի գործադրումից հրաժարումն է, իսկ այդ խմբի անդամներից մեկը խաթարում է այն»,-նկատել է իրավապաշտպանը:
Այս մասին նաև՝ www.panorama.am