Պաշտոնյայի կողմից նման պահվածքը քյոխվայություն է…
11:16, June 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼրագրող-պատգամավոր՝ մարտեր առանց կանոնների շարքը գնալով համալրվում է նոր՝ մեկը մյուսից զավեշտալի ու թարմ տեսանյութերով: Հայրենի խորհրդարանի պատգամավորներն ինչեր ասես, որ չեն անի լրատվականների գոնե թեժ հնգյակում հայտնվելու համար: Հավանաբար վերջիններիս նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ նրանք աչքի ընկնելու այլ միջոցներ չունեն, քան լրագրողների հաշվին ինքնահաստատվելն ու հանրության ուշադրության կենտրոնում լինելը:
Թե իրականում որտե՞ղ է նման պատգամավորների իրական տեղը, ճշտեցինք հաճախ անարդարությունների մասին բարձրաձայնող ու դրա համար մշտապես քարկոծվող անձանց: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Ազգային ժողովի պատգամավորների երեւի թե զգալի մասը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկներում՝ իրենց գործողությունների, ու կոռուպցիոն համակարգի համար: Անպատժելիության հետեւանքով փաստորեն, նրանք լրագրողների հանդեպ նման վարքագիծ են դրսեւորում: Մնացել են ընդդիմադիրներն ու լրագրողները, որոնց նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը լիովին տեղավորվում է անպատժելիության տրամաբանության մեջ»:
Դե իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ,առանց զարմանալու պատգամավորական անհասկանալի դրսեւորումների վրա նկատեց. «Ես զարմացած չեմ, պատգամավորների նման պահվածքի վրա: Կարելի էր զարմանալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը վերջին տարիների պառլամենտարիզմի ընթացքում իրեն ճիշտ դրսեւորեր: Պաշտոնյայի կողմից նման պահվածքը խոսում է քյոխվայական պետության վիճակի մասին: Եթե ժամանակին նման մարդիկ կոչվում էին քյոխվաներ, ապա հիմա՝ նախարարներ, պատգամավորներ, օլիգարխներ: Նրանք նման կերպ են պահում իրենց՝ լավ իմանալով, որ իրենց պատասխանատվության չեն ենթարկի, որովհետեւ իրենք են այդ իշխանության հենարանը, իրենք են ապահովում «ընտրությունները», ֆինանսական մուտքերը: Հայաստանում իշխում է ցինիզմն ու լկտիությունը, իսկ պատգամավորները ճիշտ տեղում են գտնվում»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հավելեց. «Պատգամավորների նման պահվածքը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին անգամն է լինելու: Պատգամավորների մի ամբողջ շերտ կա, որի դաստիարակության, աճի, կրթության միջավայրը եղել է տվյալ բառապաշարի, լեզվամտածողության շրջանակներում: Տվյալ պատգամավորներն իրենց ժամանակ առ ժամանակ զսպում են, սակայն այդ էմոցիաները միշտ չէ, որ ամբողջությամբ կարողանում են հաղթահարել: Դժբախտաբար լրագրողների հանդեպ նման դեպքեր էլի են գրանցվելու: Գտնում եմ, որ պատգամավորների նման պահվածքը պետք է պատժվի ըստ գործող օրենսդրության»:
Աղբյուրը՝ fnews.am
Այս մասին նաև՝ m.1in.am