Փաստաբանները պահանջում են հրապարակային դատավարություն
14:04, June 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներՇանթ Հարությունյանի ու մյուս 13 մեղադրյալների պաշտպանները պահանջում են ապահովել դատական նիստերի անցկացման այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան պաշտպանական կողմին լիարժեք կատարելու իրենց առաքելությունը, իսկ ամբաստանյալների հարազատներին՝ դատարանի դահլիճում հետևելու նիստի ընթացքին:
Դատարանի փոքր դահլիճում աշխատանքային պայմանների բացակայությամբ խախտվում է նիստերի անցկացման հրապարակայնությունը. նշում էին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործերը դատարանում» թեմայով ասուլիսի մասնակիցները:
Ասուլիսի բանախոսներն էին «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն և Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:
Հունիսի 12-ին Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 2013թ.-ի նոյեմբերի 5-ին Օպերայի շրջակայքում տեղի ունեցած իրադարձությունների համար ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստը:
«Շանթի ու ընկերների գործն իրավագիտական պրակտիկայի մեջ առաջին դեպքն է, երբ Ոստիկանության ծառայողի նկատմամբ կատարված գործողությունը դիտվում է որպես խուլիգանություն: Նման բան չկա անգամ տոտալիտար երկրներում, և սա կարող է վատ նախադեպ դառնալ», – հայտարարեց Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի` այսպես վերացվում է ոստիկանության ծառայողի ու քաղաքացու միջև տարբերությունը, ինչը կարող է դառնալ նոր քրեական քաղաքականության սկիզբ: 2005-ին չեղյալ հայտարարված հասարակական կարգի խախտման մասին հոդվածը վերականգնվում է ու կիրառվում որպես հավաքների ազատության սահմանափակման գործիք:
«Դատարանը պարտավոր է ապահովել նորմալ պայմաններ դատավարության մասնակիցների համար. պաշտպանները պետք է հնարավորություն ունենան նստելու իրենց պաշտպանյալի կողքին», – ասաց Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը` ընդգծելով, որ տուժողները նույնպես պետք է դահլիճում գտնվելու հնարավորություն ունենան:
Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ոստիկանությունն անգամ խոչընդոտել է իրեն ներկա գտնվելու իր պաշտպանյալի գործով դատական նիստին, ոստիկանները պարզապես թույլ չեն տվել նրան մտնել դատարան և միայն դատական կարգադրիչների միջամտությունից հետո փաստաբանը կարողացել է ներս մտնել:
Փաստաբանները տեղեկացրեցին նաև, որ խնդրի վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել, սակայն դատական նիստերն ավելի մեծ դահլիճում անցկացնելու առաջարկը մերժվել է` այն պատճառաբանությամբ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավելի մեծ դահլիճ չկա:
«Շանթ Հարությունյանն ու մյուսները պետք է բոյկոտեն դատական նիստերը, մինչև Դատական դեպարտամենտը չապահովի դատավարության նորմալ պայմաններ», – հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանն իշխանությունների գործողությունները համարեց միտումնավոր և ուղղված Շանթ Հարությունյանին պատժելուն ու լսարանից զրկելուն:
«Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանն էլ գնահատելով Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների գործերով առաջին դատական նիստից առաջ դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի արարքին նշեց. «Հայկ Կյուրեղյանը, ով փլուզեց այս իշխանությունների ստրատեգիան իր ակցիայով, Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական բանտարկյալն է»:
Հունիսի 25-ին՝ 12:30, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվեի Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների գործի դատաքննությունը:
Այս մասին նաև՝ nyut.am, www.armradio.am