Պետական համակարգի աշխատողները՝ ինչպես ազատազրկվածները
18:44, June 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային Ժողովում արտահերթ նիստերի ժամանակ ընդունվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծի նոր փաթեթը:
Տեղեկացնենք, որ համաձայն այս օրենքի՝ նախկին կուտակային բաղադրիչի փոխարեն գործում է նպատակային սոցիալական վճար, որը գանձվելու է պետական ապարատի աշխատողներից, իսկ մասնավոր հատվածի աշխատակիցները մինչ 2017 թվականը կարող են միանալ համակարգին կամավոր, 2017թ-ից՝ պարտադիր եղանակով:
Այս մասին Irakan.info-ն զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան ասոցացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ.
Պարոն Սաքունց, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է համապատասխանում Սահմանադրական դատարանի ապրիլի երկուսի կայացրած որոշումը այս նոր օրենքին, իրավաչա՞փ է արդյոք օրենքը պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ:
-Ակնհայտորեն այս տարբերակված կիրառումը վկայում է մեկ հանգամանքի մասին, որ պետական մարմիններում աշխատողների՝ քաղծառայողների իրավունքների վերաբերյալ օրենսդրական նորմերը չեն գործում, որովհետև ըստ էության մինչ այս պահը չի եղել որևէ դիմում՝ բացառությամբ մի քանի ուսուցիչների, որոնք մի քանի բողոքի ձայն բարձրացրեցին, որ դիմումները չեն ընդունում, մնացածն ըստ էության ստրկական վիճակում են գտնվում:
Ամրագրում ենք, որ քաղծառայողը երաշխիք չունի, որ իրեն չեն ազատի աշխատանքից, եթե դիմում գրի: Այստեղ ուղղակի ողջամտության մասին է խոսքը, որքանով են հարկերը ողջամիտ ու տնտեսապես ինչքանով է հիմնավորված:
Շատ իրավաբաններ, սահմանադրագետներ խուսափում են խոսել օրենքի իրավական կողմի մասին՝պատճառաբանությամբ, որ փաթեթին ամբողջությամբ չեն ծանոթացել, բայց նույնիսկ ամենահիմնավոր բացատրության դեպքում ինչպե՞ս կարող է ՍԴ-ի որոշումը մասնավոր հատվածի աշխատակիցների վրա ազդել, պետականինը՝ ոչ, քանի որ ստացվում է՝ քաղծառայողը չի կարող կամարտահայտություն դրսևորել և զրկվում է սեփականությունը տնօրինելու իրավունքից:
-Ո՞վ ասեց՝ չեն կարող… Կարող են, եթե իրենք դիմում ներկայացնեն, որ համաձայն չեն վճարելու այդ հարկը կարող են չվճարել: Ուղղակի այստեղ ոչ թե օրենքն է գործում, այլ գործում է պարտադրանքը, և մարդը, վախենալով աշխատանքը կորցնելուց, հրաժարվում է իր իրավունքից:
Ըստ էության, պետական համակարգում աշխատողները համարյա նույն կարգավիճակում են, ինչ քրեակատարողական հիմնարկում գտնվողները՝ ազատազրկվածները, որովհետև քաղծառայողը չի վստահում արդարատության համակարգին, որ կարողանա իր իրավունքները պաշտպանել, վստահություն չունի արդարության նկատմամբ, դրա համար խուսափում է իր իրավուքները պաշտպանել…. Սա ցույց է տալիս, որ գոնե մասնավոր սեկտորում, չնայած դա էլ համատարած չի, իր վրա պետության կողմից ճնշումներ իրականացնելու դեպքում իրենք կբողոքարկեն:
Կարևոր է նաև գործատուի հանգամանքը, թե որքանով է գործատուն կախված իշխանությունից, որովհետև ՍԴ որոշումն ընտրողաբար կիրառվում է այնտեղ, որտեղ քաղաքական իշխանությունն ունի վերահսկողություն: ՍԴ-ի որոշման մեջ նշված էր մինչև օրենսդրական կարգավորում տալը.. ՍԴ-ն էլ միանաշանակ չճանաչեց օրենքը հակասահմանադրական, ուղղակի կամարտահայտության հետ էր կապված, դե հիմա էլ օրենսդրությունը վերցնում կարգավորում է տալիս ու սարքում սոցիալական փաթեթի մի համակարգի մեջ:
Կամավորի հանգամանքը հանվում է, իրավական կարգավորում արդեն կա: Քանի որ նպատակային սոցիալական վճարի հիմնավորվածությունը չի փոխվել, էլի վիճարկելու հարց կա… Կա քաղաքացիական անհնազանդության դրսևորման հնարավորություն, երբ մարդիկ հրաժարվեն վճարելուց, իհարկե տույժեր կիրառել հնարավոր է չվճարելու դեպքում, բայց երբ հանրությունը չվճարի, կդառնա մեռած օրենք, հո բոլորին չե՞ն տուգանելու, դատական հայցեր սկսելու.. Չնայած սա Հայաստանն է, ամեն ինչ հնարավոր է… Այստեղ ժողովրդավարական պետության մշակույթի ու մակարդակի հետ գործ ունենք:
Քաղաքացիական անհնազանդության վրա ինչպե՞ս կանդրադառնա օրենքը: Ըստ Ձեզ՝ մասնավոր սեկտորը կշարունակի՞ պայքարել քաղծառայողների իրավունքների համար, քանի որ ստացվում է՝ մասնավորը ստիպված է պայքարել պետականի համար, բայց պետաշխատողն իր բողոքի ձայնը վախենում է բարձրաձայնել:
-Դե դա առաջին դեպքը չէ, պետական ապարատի աշխատողները որևէ հարցով չեն պայքարում: Պարտադիրի դեմ ուղղված բողոքի ակցիաները մի բան հիմնավորեցին՝ պետաշխատողները դե ֆակտո գտնվում են ստրկական վիճակում… Արդյոք պետաշխատողների մարդկային արժանապատվությունը կդրսևորվի՞ ու կընդվզե՞ն այդ վիճակի դեմ… Կասկածում եմ, բայց չեմ էլ բացառում եմ:
ՍԴ-ի ապրիլի երկուսի կայացրած որոշումը վիճարկել հնարավո՞ր է:
-Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության մեջ սեփականության իրավունքի վերաբերյալ դրույթ կա.. Պիտի նախաձեռնել նման դատական որոշում, տվյալ դեպքում սեփականության իրավունքի սահմանափակում է, այստեղ պետք է լուրջ աշխատանք կատարվի ու հիմնավորումներ լինեն, կանեն թե չեն անի … Մեկ բան է իրավապաշտապանական մոտեցում, մեկ այլ` իրավաբանական. մեզ մոտ իրավապաշտպանների շատ քիչ տոկոսն է, որ իրավապաշտպանական մոտեցում ունի, բայց հարցը զուտ ֆորմալ իրավական դաշտից դուրս է գտնվում, որովհետև շատ ավելի վերաբերում է քաղաքացիական մշակույթին, քաղաքական որոշման կայացման մեջ քաղաքացիների մասնակցության մակարդակին:
Գործ ունենք մի հրապարակային փաստի հետ, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային արտահայտեց` ճիշտ է` 80%-ը դեմ է, բայց լինելու է, սա արդեն խոսուն վկայություն է, թե ինչպես են իշխանությունները վերաբերում հանրային կարծիքին:
Մասնավոր հատվածի աշխատակիցները հնարավորություն ունեն մինչև 2017 թվականը համակարգին միանալ կամավոր եղանակով, ապա այն կլինի պարտադիր, Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ թվականը:
-Դե երևի թե պետք է հարցը տալ նրանց, ովքեր նման ժամանակային տարբերակված մոտեցումներ են առաջ քաշում, որովհետև ես որևէ տրամաբանություն օրենսդիր մարմնի կամ իշխանության կողմից չեմ տեսնում… Իրենց շատ է փող պետք՝ բյուջեի եկամտային մասն ապահովելու համար: Երևի նստել հաշվարկել են, որ մասնատելու տարբերակով են անելու, քանի որ պետականին ավելի հետ կարող են «կոնտրոլ» անել, վարժեցնում են պարտադիրին ժամանակի հետ.. Էլի են տարբեր որոշումներ ընդուվելու, երբ քաղաքացիների թիվը քիչ է, եկամտային աղբյուրները կրճատվում են…
Փոխանակ քաղաքականությունն ուղղեն այնպիսի իրավիճակի, որ մարդիկ կարողանան ապրել, գործեն, ստեղեն, դնում են ճնշումը եղած ռեսուրսների վրա… Հարկային պրեսինգը գնալով ավելի է մեծանալու: Թվաբական հաշվարկ են անում իրենք թվերի ետ գործ ունեն՝ շատ պրիմիտիվ պարազիտային մոտեցում է:
Աղբյուրը՝ irakan.info