«Մենք խուլիգանությունից այնքան հեռու ենք, ինչքան մեր իշխանությունները պետական մտածողությունից»
14:42, June 28, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՇանթ Հարությունյանը և 13 քաղաքացիներն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքներում, այն է` խուլիգանություն (անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել են խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով):
14 ամբաստանյալներից յուրաքանչյուրը յուրովի պատասխանեց մեղադրանքը ընդունել-չընդունելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի հարցին: Օրինակ` Շանթն ասաց, որ իր սխալն այն է եղել, որ «ոստիկաններին Բաղրամյանում՝ նախագահականի մոտ պիտի տփեի»։
«Ես կատարել եմ պատժիչ գործողություն իմ երկրի թշնամիների դեմ». սա էլ Լիպարիտ Պետրոսյանի պատասխանն էր դատավորի հարցին: Հայկ Հարությունյանն ասաց, որ իրեն կարող են մեղադրել միայն մի բանում` սրտացավ քաղաքացի լինելու մեջ։
Ամբաստանյալ Սևակ Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Արտաքին թշնամին տվեց 6000 զոհ, ներքինը` միլիոն ու կես մարդու կորուստ: Էստեղ մարդիկ են, ովքեր իրենց կյանքով են ապացուցել իրենց նվիրումը հայրենիքին…Մենք խուլիգանությունից այնքան հեռու ենք, ինչքան մեր իշխանությունները պետական մտածողությունից»։
Արմեն Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Իմ սահմանադրական իրավունքն եմ պաշտպանել: Ես 8 ամիս ոչ թե կալանավորման, այլ իշխանական գերության մեջ եմ. սահմանում թուրքերն են գերի պահում, այստեղ՝ դուք, ի՞նչ տարբերություն»:
Վարդան Վարդանյանը ևս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը. «Ինձ խուլիգան մի անվանեք, գնդակահարության դատապարտելու ենթակա ինչ հոդված ուզում եք տվեք, բայց ոչ խուլիգանություն… էն ժամանակ ասեիք, որ խուլիգան եմ, երբ ռուս զինվոր էինք ծեծում, զենք էինք գողանում, առանց զենքի կռիվ էինք գնում, էն ժամանակ ասեիք, որ սա խուլիգանություն ա… թուրքը վիզս կտրել ա, դուք էլ մնացածը կտրեք»,- հայտարարեց Վարդան Վարդանյանը։
Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ պայքարի է ելել երկիրը ազատագրելու համար:
Շահեն Հարությունյանը ևս իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, որ չի զղջում, որ եղել է ու այսուհետ ևս լինելու է իր հոր կողքին:
«Եթե ռուսական ԿԳԲ-ի աշխատակիցներին լարենք մեր երկրից, իմ խափանման միջոցը էն ժամանակ կփոխվի։ Հայաստանում ռուսական ԿԳԲ-ն ԱԱԾ-ին հրահանգել է ոչնչացնել նրանց, ովքեր ուզում են ազատության համար պայքարել։ Իմ քաղաքական պայքարը շարունակվում ա, կապ չունի՝ հրապարակում թե բանտում»,- հայտարարեց Շանթ Հարությունյունը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը`իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Արա Զաքարյանը նշել էր նաև, որ եթե մերժվի այն, թող որ դատավորը միջնորդի, որպեսզի Արմենի խնամքին գտնվող 3 անչափահաս երեխաների համար պետական բյուջեից գումարներ դուրս գրվեն:
Ընդմիջման ժամանակ պատասխանելով «Հետքի» հարցին` փաստաբանն ասաց, որ նման դրույթ կա Քրեական դատավարության օրենսգրքում, սակայն պրակտիկորեն չի գործում: «Վարույթ իրականացնող մարմինը պիտի հոգա այդ մասին ու դիմի, որպեսզի կալանքի տակ գտնվող անձը, ով խնամքին անձինք ունի, կարողանա հոգալ նրանց ապրուստի հարցը: Գումարները պիտի հատկացվեն պետական բյուջեից»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը:
Դատավոր Մարտիրոսյանը մերժել էր նաև Տիգրան Պետրոսյանի կալանքը վերացնելու մասին միջնորդությունը: Փաստաբանի գնահատմամբ` դատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված չէ. «Դատավորը պարզապես նշել է, որ հիմնավոր կասկածը, որ Տիգրանը ազատության մեջ գտնվելու պարագայում կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, դեռ առկա է»:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատավարությունն այսօր սկսվեց իրարանցմամբ: Շանթը մի պահ գիրկը նստեցրեց որդուն` նույն գործով անցնող միակ անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանին: Ուղեկցող ոստիկաններից մեկն ասաց, որ օրենքը դա արգելում է: «Թքած ունեմ Ձեր օրենքի վրա»,- հետևեց Շանթի պատասխանը: Սկսվեց իրարանցում: Շանթը հեռացվեց դահլիճից, տղան փորձեց գնալ հոր հետևից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչի պատճառով քաշքշուկ սկսվեց:
Ամեն բան հանդարտվեց Շահենի մոր` Ռուզաննա Բադալյանի միջամտությունից հետո: Ընդմիջման ժամանակ«Հետքի» հարցին պատասխանելով` Շահենն ասաց, որ, իր կարծիքով, ոստիկանը սադրեց այդ իրավիճակը, ասաց, որ իր արժանապատվությունը ոտնահարված է զգում:
Մեկ այլ միջադեպ նիստի շրջանակներում. կարգադրիչները դատարան թույլ չէին տալիս մտնել ամբաստանյալներից պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի կնոջը` Շողեր Հակոբյանին` պատճառաբանելով, թե նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, երբ կարգադրիչի` պայուսակը զննելու պահանջին ի պատասխան` պայուսակի պարունակությունը շուռ է տվել սեղանին: «Դա նրանք համարեցին անհարգալից վերաբերմունք ու ինձ արգելեցին բարձրանալ նիստերի դահլիճ, ինձ ֆիզիկական ցավ պատճառելով` ոստիկանները դուրս հանեցին շենքից, այդ թվում` «հրեշտակների» խմբից կին ոստիկանը եղունգով վնասեց ձեռքս»,- ասաց Շողերը: Դատարանի նախագահին գրված դիմումից հետո վերջինս կարողացավ ներկա գտնվել նիստին:
Կնոջն այլայլված տեսնելով` Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Նկատում եմ, որ կնոջս մարմնին վնասվածքներ կան։ Չհասկացա, ինձնով չեք բավարարվում, իմ կնո՞ջն եք ուզում վնաս հասցնել»,- ասաց ամբաստանյալը։
Աղբյուրը՝ hetq.am