Վերաքննիչը մերժեց Հայկ Կալեյանի գործով բողոքը. «Սա թելադրված որոշում էր»
10:00, July 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Հայկ ԿալեյանՀՀ վերաքննիչ դատարանը այսօր մերժել է 2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի գործով բողոքը:
Հ. Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «անբարոյականություն» անվանեց այս որոշումը և ասաց, որ սրանով նորից ապացուցվեց, որ «ՀՀ արդարադատության համակարգը հանդիսանում է դատախազության ենթակա կառույց»:
«Սա խայտառակություն է և Հ. Կալեյանի՝ գնդացրի 3 կրակոցով ինքնասպանություն գործելու վարկածը անհիմն է: Եթե սկզբում Վերաքննիչ դատարան մեր ներկայացրած ապացույցները դատավորը անվանում էր լուրջ ապացույցներ, ապա որոշում կայացնելիս դրանք անտեսվեցին, ինչը նշանակում է, որ սա թելադրված որոշում է: Սա անմարդկային վերաբերմունքի հերթական դրսևորում է: Մենք պատրաստվում ենք բողոքարկել նաև այս գործով վկաներին խոշտանգելու մասին ապացույցների առթիվ քրեական գործ չհարուցելու որոշումը: Դատարանը անգամ ուշադրության չարժանացրեց այն, որ այդ օրը հրամանատարը զինվորներին առանց համապատասխան զրահաբաճկոնի է տարել կրակելու, և եթե նրա հագին լիներ այդ հագուստը, միգուցե, նրա կյանքը փրկվեր: Այսինքն՝ այստեղ խոսք է գնում նաև պաշտոնական անփութության մասին»,- ասաց նա՝ նշելով, որ թեև իր համար այս որոշումը անսպասելի էր, սակայն քանի դեռ «մեր երկրի Գլխավոր դատախազը Կոստանյանն է, նման գործերով արդար պատիժ չի ակնկալում»:
Ա. Սաքունցի խոսքով՝ դատարանը Հ. Կալեյանին ծաղրուծանակի ենթարկելու համար մեղադրյալի աթոռին նստած ամբաստանյալները համաներմամբ ազատ են արձակվել, իսկ գործով ամբաստանյալներից Ս. Դոմբրյանի նկատմամբ քննիչը քրեական գործ է հարուցել նաև դանահակարության համար ու նա դատապարտվել է դրա համար, իսկ Հ. Կալեյանի իրավահաջորդների իրավունքները կոպտորեն ոտնահարվել են:
«Մենք անպայման բողոքարկելու ենք, սակայն մեծ հույսեր չունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գործով Ս. Դոմբրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորմասի զինծառայող, պարբերաբար, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, վաշտի համածառայակիցների ներկայությամբ զինծառայողներ Ն. Սերոբյանի, Ա. Երեմյանի հետ միասին ծաղրուծանակի է ենթարկել զինծառայող Հ.Կալեյանին, նրա կողմից նման վերաբերմունքի համար նկատողություն անելուց հետո քաշքշել վերջինիս:
Բացի այդ, իրեն շարքից ուշանալու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող լեյտենանտ Ս. Մովսիսյանի հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ` իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ա. Մովսիսյանին` պատճառելով նրա առողջությանը միջին ծանրության վնասվածքներ` առողջության տևական քայքայումով:
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի պաշտոնատար անձ, կոչումով ենթասպա, իր նկատմամբ ստորադրյալ, ժամկետային զինծառայող Հ. Կալեյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունները թերի կատարելու կապակցությամբ զինծառայողների ներկայությամբ վիրավորանք է հասցրել վերջինիս, անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:
Ն. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ N զորամասի զինծառայող, վիճաբանել է շարքային Հ.Կալեյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով հրել է, քաշքշել:
Նախորդող հրապարակում՝ Զինվորի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին
Աղբյուրը՝ www.aysor.am