Արթուր Սաքունց. «Հայեցակարգի նախագծի մեջ պիտի գրել, որ ՀՀ ղեկավար ուժը ՀՀԿ-ն է և վերջ» (Տեսանյութ)
19:02, July 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Գագիկ Հարությունյանն իր ելույթում ընդամենը դասագրքային ճշմարտություններ էր վերարտադրում, կամ դրույթներ, որոնք միջազգային փաստաթղթերում ուղղակի ամրագրված են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը հնչած` Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` իրենք ակնկալում էին լսել, թե որն է ՍԴ-ի դիրքորոշումը դասագրքային այդ ճշմարտությունների հարցում, կամ ՍԴ-ն ի՞նչ է արել, ի՞նչ որոշումներ է կայացրել, որոնք նպաստել են այդ ճշմարտությունների ամրապնդմանը: Մինչդեռ Արթուր Սաքունցը նշում է, թե «ՍԴ-ն իր պրակտիկայով ցույց է տալիս, որ ավելի երկչոտ վարքագիծ է դրսևորում և իրավունքի գերակայության սկզբունքը չի ապահովում իր որոշումներով»: Վկայակոչելով ՍԴ մի շարք որոշումներ` պարոն Սաքունցն այսպես արտահայտվեց. «ՍԴ-ն քաղաքական զգայուն թեմաների ժամանակ տուրք է տալիս քաղաքական իշխանությունների շահերին: Եվ միանշանակ, այս հարցում էլ նման մտահոգությունն ունեմ»:
Ըստ Արթուր Սաքունցի` «բոլոր ճգնաժամային հարցերը կլուծվեն, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դե յուրե կամրապնդվի միակուսակցական համակարգը»: Նա հեգնում է. «Ուղղակի հայեցակարգի նախագծի մեջ պիտի գրել, որ ՀՀ ղեկավար ուժը ՀՀԿ-ն է և երկրորդ հոդվածով, որ ՀՀԿ բոլոր որոշումները կայացվում են Սերժ Սարգսյանի կողմից: Վերջ, սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվեց այն, ինչ այսօր կա»:
Աղբյուրը՝ www.aravot.am