ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարություն. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով
16:44, July 31, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀակամարտության գոտում 2014թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դիվերսիոն գործողությունները և դրանց հետևանքով մահացությունների թիվը:
Զուգահեռաբար, հակամարտության գոտում կտրուկ աճել են սպառազինությունների ծավալը և մրցավազքը: Այս գործընթացին ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, որն ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանի Հանրապետությանը: Ի պատասխան, հայկական կողմը, թեև փոքր ծավալներով, սակայն փորձում է հավասարակշռել իրավիճակը:
Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքներից մեկը` հակամարտության լուծման խաղաղ ճանապարհը, վտանգված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի վտանգավոր քաղաքականության պատճառով:
Զուգահեռաբար.
– Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների, իրավապաշտպան գործիչների նկատմամբ իրականացվում է համատարած հետապնդումներ, ճնշումներ, որոնք ուղեկցվում են անհիմն քրեական հետապնդումներով, ազատազրկումներով, իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության դադարեցմանն ուղղված գործողություններով՝ զանգվածային լրատվամիջոցներով նրանց, որպես օտարերկրյա գործակալներ ներկայացնելու և այլ վարկաբեկիչ պրոպագանդիստական մեթոդներով,
– ՀՀ իշխանությունները, 2013թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, ամբողջությամբ ենթարկվեցին Կրեմլի ճնշումներին՝ ըստ էության երկրի հետ կապված արտաքին քաղաքականության բնագավառոմ որոշումների ընդունման իրավասությունը հանձնելով Ռուսաստանի Դաշնությանը:
– 2008թ. մարտի 1-ին քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո նվազել էին քաղաքական հետապնդումները, սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո այդ հետապնդումները վերստին ուժեղացան այն քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, որոնք ընդդիմացել էին սեպտեմբերի 3-ի որոշմանը:
Այսպիսով, հակամարտության մեջ ներգրավված երկրներում ռազմականացման գործընթացին զուգահեռ ուժեղանում են ճնշումները քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական այլախոհների նկատմամբ:
Իրադարձությունների հետագա զարգացումը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղասիրական և իրավապաշտպանական գործունեության վրա: Դրանք կարող են հանգեցնել մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի կտրուկ վատթարացմանը:
Մինչ միջազգային քաղաքական և հասարակական ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի Արևելքում ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականության վրա, ղարաբաղյան հակամարտության գոտում Կրեմլի վտանգավոր քաղաքականությունը կարող է հանգեցնել տեղական ուժերի կողմից չվերահսկվող իրավիճակի և լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկսմանը։
Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ անդամ պետություններ, պարտավորություններ ունեն և՛ իրենց քաղաքացիների, և՛ միջազգային կառույցների առջև։ Ե՛ւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ-ն պարտավորություններ են վերցրել ղարաբաղյան հակամարտությունը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով՝ ղեկավարվելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով:
Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում ոչ միայն մարդու իրավունքներին, այլև տարածաշրջանում բնակվող մարդկանց խաղաղության իրավունքին՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկախատեսելի զագացումներից զերծ պահելու համար: Այդ նպատակով դիմում ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կառույցներին և նրանց ներկայացուցիչներին՝ հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը սպառնացող գործընթացների և պատերազմի սպառնալիքների կանխարգելման ուղիների հստակեցման նպատակով:
Վանաձոր, 31 հուլիս, 2014 թ.
Հայտարարությունն ուղարկվել է Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հատուկ զեկուցողին, Հարավային Կավկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ավագ խորհրդատուին, ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի համակարգողին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ԽԿԿ նախագահին, ԵԽ երևանյան գրասնեյակի ղեկավարին, Հայաստանում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին և Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանին, Հյուման Րայթս ՈւոչիԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաշնի ղեկավարին, Ամնեսթի Ինթերնեշնլի գլխավոր քարտուղարին ևՖրոնտ լայն դիֆեներս իրավապաշտպան կազմակերպության ԵՄ գրասենյակի շահերի պաշտպանության պատասխանատուին: