Ինչ է սպասվում Վրաստան մեկնել ցանկացողներին
20:35, August 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ Վրաստանում կիրառվելիք վիզային ռեժիմի հարցը ՀՀ քաղաքացիների մասով կարող է լուծում ստանալ: Այս կարծիքին է Թբիլիսիի հայերի ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը:
Վրաստանի նոր օրենսդրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից այն օտարեկրացիները, ովքեր ցանկանում են Վրաստանում մնալ 90 օրից ավելի՝ աշխատելու, սովորելու կամ ընտանիք կազմելու նպատակով, պետք է վիզա ստանան Վրաստանի հյուպատոսական ծառայությունից:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ քննարկվելիք հարցերի օրակարգում նաև այս հարցն է ներառված:
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ վրացական կողմից ստացված տեղեկատվությունն այս պահին այնպիսին է, որ օրենսդրական այդ փոփոխության նպատակը Վրաստանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելուն ուղղված չէ:
«Ակնկալում ենք, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները նույն ռեժիմով կկարողանան ելումուտ անել Վրաստան, ինչպես որ այսօր է: Հայտնի է, թե ինչու են ընդունել այդ օրենքը, դրա ընդունման պատճառը հաստատ Հայաստանի քաղաքացիները չեն»,- Lragir.am-ի հետ զրույցում նշեց նա:
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ վիզային ռեժիմ սահմանելու նպատակն առաջին հերթին այն է, որ Վրաստանը փորձում է իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության անդամ երկրների օրենսդրությանը: Բացի այդ, նրա խոսքով, վերջին տարիներին դեպի Վրաստան միգրանտների մեծ հոսք է նկատվում Աֆրիկյան և հարավ-արևելյան Ասիայի երկրներից:
«Ոչ մի կերպ այդ հոսքը չի կառավարվում, շատերը մնում են Վրաստանում, Վրաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործում՝ Եվրոպա տեղափոխվելու համար: Մեր տեղեկություններով՝ վիզային ռեժիմը այդ երկրների քաղացիներին է հիմնականում վերաբերելու»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Վրաստանը բացառություն անի Հայաստանի համար, Հայաստանը հերթական անգամ հայտնվում է աղքատ բերեկամի կարգավիճակում:
«Նախ Ռուսաստանն է միգրացիոն առումով բացառություն անում Հայաստանի քաղաքացիների համար, հիմա էլ Վրաստանը: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն Ռւսաստանից, այլ նաև Վրաստանից է կախման մեջ ընկնում, որպեսզի ինքնամեկուսացումից դուրս գալու ելք ունենա: Այսինքն՝ Հայաստանի համար կրկնակի կախվածության ռեժիմ է ստեղծվում, անընդհատ բառառությունների միջոցով երկար չես կարող գոյատևել, ստացում է, որ աղքատ բարեկամի կարգավիճակում ես գտնվում»,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ www.lragir.am