Հետաքրքիր է, ինչքա՞ն պետք է շարունակվի նախաքննությունը
11:46, August 23, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքԱյս տարվա հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու գործով Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ-ն այս փուլում ձեռնպահ է մնում գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց:
Այդ օրը մի խումբ քաղաքացիներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա էին իրականացրել, այնուհետև ցուցարարների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ոստիկանների հարվածներից տուժել էին ցուցարարներ:
Lragir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայությանը՝ փորձելով պարզել, թե հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ օրս՝ դեպքից մոտ երկու ամիս անց, քանի՞ ոստիկան է հարցաքննվել, ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրանց, ի՞նչ ընթացքում է քրգործը:
Ի պատասխան ՀՔԾ-ից տեղեկացրել են. «Հարուցված գործի առնչությամբ ներկայում Հատուկ քննչական ծառայությունում ընթանում է նախաքննություն, և նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով՝ այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում չենք կարող հրապարակել»:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ հունիսի 23-ին Սարյան փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների դեպքով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել էր մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քաղաքացիները հաղորդում էին տվել այն մասին, որ հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22 հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել էր նաև, որ նույն օրը Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:
Այս դեպքից երկու օր անց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կամ ուժ կիրառելը սահմանված է օրենքով: Ըստ նրա՝ շատ դեպքերում ուժի կամ հատուկ միջոցների չկիրառումը կարող է ոստիկանի համար խնդիրներ առաջացնել: Նա նշել էր, որ պետք է քննվեն նաև ոստիկանների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը:
Երիտասարդ ակտիվիստ Արա Կարագյոզյանն այս գործով տուժած է ճանաչվել: Նա հունիսի 23-ին Սարյան փողոցում մարմնական վնասվածքներ էր ստացել ոստիկանների կողմից, այնուհետև լրագրողներին հայտնել, որ ոստիկանները հարվածել են իր գլխին և սրտին: Ակտիվիստը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն էր ցուցաբերվել: Արա Կարագյոզյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ գործով տուժող է ճանաչվել, բայց հարվածած ոստիկանների անձն իրեն մինչ օրս հայտնի չէ:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ասում է, որ կզարմանա, եթե բռնություն գործադրած ոստիկանները պատժվեն: «Ասում են՝ նախաքննությունը շարունակվում է, հետաքրքիր է, ինչքա՞ն պետք է շարունակվի նախաքննությունը, եթե ամեն ինչ պարզ է, կադրերը կան, ամեն ինչ երևում է: Էլ ի՞նչն են իրենք քննում»,- Lragir.am-ի հետ հարցադրում արեց իրավապաշտպանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում էլ բողոքի ակցիաների ժամանակ նմանօրինակ բռնություններ են արձանագրվել, սակայն ոստիկաններն անպատիժ են մնացել: Նա նշեց, որ չկա ոչ մի տեղեկատվություն այն մասին, թե հունիսի 23-ին Սարյան փողոցում բռնություն գործադրած ոստիկաններն այսօր աշխատում են, թե ոչ:
«Նախաքննության ժամանակահատվածում այդ ոստիկանների լիազորությունները պետք է ժամանակավորապես դադարեցվեին: Այդ ժամանակ մենք կհավատայինք, որ ինչ-որ քննություն ընթանում է: Բայց, իմ կարծիքով, այդ ոստիկաններն այսօր էլ աշխատում են: Եթե նրանց ազատած լինեին, միանգամից կհայտարարեին՝ տեսեք, այս մարդկանց լիազորությունները դադարեցրեցինք, որ քննությունը շարունակենք»,- ասաց նա:
Միքայել Դանիելյանը նշում է, որ այդ օրը Սարյան փողոցում ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ միանշանակ բռնություն է կիրառվել: «Միանշանակ, ոստիկաններն այդ օրն իրենց լիազորություններն անցել են: Օրենքի կոպիտ խախտում է եղել, և նրանց պետք է պատժեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով Գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կամ ուժ կիրառելը սահմանված է օրենքով, իրավապաշտպանը նշեց. «Կոստանյանն ասում է՝ ամեն ինչ օրենքով է, բա այդ դեպքում ի՞նչ քննություն են շարունակում, Կոստանյանն իրենց նախօրոք մաքրել է, ինչի՞ մասին է խոսքը: Հակասություն կա իրենց գործողությունների միջև, եթե Գլխավոր դատախազն ասում է՝ ամեն ինչ օրենքով է, ուրեմն կամ ինքն է ստում, կամ քննչական մարմիններն են ստում»:
Միքայել Դանիելյանը նշեց, որ նախքան նախաքննության ավարտը Գևորգ Կոստանյանը նման հայտարարություն չպետք է աներ:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հոդվածը պատրաստել է Lragir.am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը