Քաղբանտարկյալների գործով շարունակվեց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու փուլը
18:29, August 28, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին սկսվեց սույն գործով լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկման փուլը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի մի շարք պատվոգրեր, որոնք վերջինս ստացել էր սկսած 1994թ. ՀՀ զինված ուժերում զինծառայություն իրականացնելու ընթացքում:
Հայկ Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սարգսյանը նույնպես դատարանին ներկայացրեց Հայկ Հարությունյանին տրված երեք պատվոգիր և բնութագիրը: Ռուբեն Սարգսյանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց ևս մեկ միջնորդություն: Վերջինս հայտնեց, որ Հայկ Հարությունյանը մասնակցել է մարտական գործողությունների, սակայն իր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնվել է, որ Հայկ Հարությունյանի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր առկա չեն: Ռուբեն Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել հինգ անձի, ովքեր կհավաստեն Հայկ Հարությունյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը:
Սույն գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը փաստեց, որ Հայկ Հարությունյանը մարտական գործողություններին մասնակցել է իր ջոկում: Գործով մեղադրող Գ. Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ և որպես պատճառաբանություն հայտնեց, որ պաշտպանի միջնորդության մեջ նշված անձինք որևէ առնչություն չունեն տվյալ քրեական գործի հետ:
Դատարանը, քննարկելով միջնորդությունը, մերժեց այն, գտնելով, որ միջնորդությունը գործով որևէ ապացույցի հետ կապ չունի, սակայն արձանագրված համարեց այդ առնչությամբ Վարդան Վարդանյանի կատարած հայտարարությունը:
Դատական նիստի ընթացքում միջնորդություններով հանդես եկավ ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Վերջինս միջնորդեց վերացնել Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, այն մերժելու դեպքում կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով, այս պահանջը ևս մերժելու դեպքում՝ կալանավորումը փոխարինել գրավով: Պաշտպանն իր միջնորդությամբ հայտնեց, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Արմեն Հովհաննիսյանի կողմից Արա Մարտիրոսյանին և Գեղամ Խաչատրյանին հրելու կամ հարվածելու փաստը, իսկ վերջինիս հրելու փաստի մասին վկայել է միայն ինքը՝ Գեղամ Խաչատրայանը: Տիգրան Պետրոսյանի կողմից ոստիկանության աշխատակցին հրելու կամ քաշքշելու փաստի մասին նույնպես առկա է միայն այդ ոստիկանի վկայությունը: Պաշտպանը վկայակոչեց ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում հայտնած իրավական դիրքորոշումն ըստ որի, միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Երկու դեպքում էլ գործով մեղադրողն առարկեց միջնորդությաունների դեմ՝ գտնելով, որ կալանավորման կիրառման հիմքերը դեռևս չեն վերացել:
Դատարանն Արա Զաքարյանի միջնորդությունները խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո որոշմամբ մերժեց դրանք՝ դատական նիստերի դահլիճում հրապարակելով միայն որոշումների եզրափակիչ մասերը:
Պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունները քննարկելուց հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ընդմիջումից հետո չէր ներկայացել դատական նիստին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին: