Լիա Միսակյանի գործով հարցաքննվեց նոր փորձագետ
13:20, September 11, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց դատակոչված փորձագետ, մասնագիտությամբ մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ «Արաբկիր» ԲԿ ընդունվելու պահին բժշկուհի Լիլիթ Վարդանյանը նշանակել է այդ օրվա նկարագրված տվյալներին համապատասխան բուժում: Փորձագետը պնդեց, որ Լիա Միսակյանի մոտ եղել է ագրոնուլոցիտոզ, որն արյան մեջ լեյկոցիտների խիստ նվազեցումն է: Լիա Միսակյանի մոտ եղել է հիվանդության դասական տարբերակը, որին բնորոշ է արագընթացությունը, թոքաբորբը: Փորձագետը նշեց, որ թոքաբորբը, սակայն ցայտուն արտահայտված չի լինում և հնարավոր է նույնիսկ ռենտգեն հետազոտությունը ցույց չտա: Ա. Խաչատրյանը նաև նշեց, որ ագրոնուլոցիտոզն այնպիսի վիճակ է, որի դեպքում բժիշկը չի կարող հստակ ասել, որ տվյալ հիվանդի մոտ առկա է այդ հիվանդությունը. ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել արյան ընդհանուր քննություն: Փորձագետը նշեց, որ իրենց հանձնաժողովի կողմից տրված փորձագիտական եզրակացությամբ վեր են հանվել թույլ տրված հետևյալ սխալները՝
- արյան հետազոտության պատասխանը բժիշկների մոտ հայտնվել է հունվարի 2-ին,
- արյան անալիզը տեսնելուց հետո պետք է կատարվեր արյունաբանի կոնսուլտացիա,
- հիվանդության պատմագիրը պատշաճորեն չի լրացվել,
- չնայած 2013 թ. հունվարի 2-ին կատարվել է ռեանիմոտոլոգի կոնսուլտացիա, սակայն միգուցե իմաստ ուներ երեխային տեղափոխել վերակենդանացման բաժանմունք:
Գործով մեղադրող Դ. Կարապետյանի այն հարցին, թե փաստորեն երեխան դատապարտված է եղել, փորձագետը բացասական պատասխան տվեց, սակայն հավելեց, որ մահացոթյան հավանականությունը մեծ է եղել: Փորձագետը նշեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ նշված բոլոր հիվանդություններն ագրոնուլոցիտոզի հետևանքներն են, բացի այդ նշեց, որ հնարավոր չէր որոշել թոքաբորբի և նշիկաբորբի վաղեմությունը, ինչը կատարվել էր դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ: Մեղադրողի այն հարցին, թե արդյոք արյան անալիզի առկայության դեպքում կնշանակվեր նույն բուժումը, փորձագետը հայտնեց, որ ջերմիջեցնող դեղամիջոցները կհանվեին և կնշանակվեր հակաբակտերիալ բուժում, սակայն, այնուամենայնիվ, փորձագետը պնդեց, որ բուժող բժիշկների գործողությունների և երեխայի մահվան միջև պտճառական կապ առկա չէ:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը հետաքրքրվեց, թե ինչ հիմքով է եզրակացության հետևությունների բաժնում գրվել, որ նշանակված բուժումը հակացուցված չի եղել, որին ի պատասխան փորձագետը նշեց, որ դա վերաբերում է ընդունման պահին նշանակված բուժմանը: Ա. Խաչատչրյանը հայտնեց, որ ցանկացած դեղամիջոց կարող է առաջացնել ագրոնուլոցիտոզ, իսկ հարցին, թե արդյոք բժիշկը պարտավոր չէր իր նշանակումների ճշտությունը ստուգելու համար վերցնել արյան քննության արդունքները, փորձագետը դրական պատասխան տվեց, նշելով, որ արյան քննության արդյունքները պետք է վերցվեին 6-12 ժամվա ընթացքում: Բացի այդ, նշեց, որ արյան քննության արդյունքներին չծանոթանալը խորացրել է Լիա Միսակյանի վիճակը, սակայն միանշանակ ասել, որ դա ազդել է վերջնական ելքի վրա, հնարավոր չէ (50-50 հարաբերակցությամբ): Փորձագետ Ա. Խաչատրյանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցերին ի պատասխան հայտնեց նաև, որ, դատելով Լիա Միսակյանի վիճակից, նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու ուղիղ ցուցում չի եղել, սակայն, հաշվի առնելով նրա վիճակի փոփոխությունները, ավելի նպատակահարմար կլիներ նրան տեղափոխել վերակենդաացման բաժանմունք:
Այնուհետև, փորձագետի հարցաքննությունը շարունակեց պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կատարվում արյան քննության արդյունքների փոխանցումը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որտեղ աշխատում է փորձագետը: Վերջինս նշեց, որ եթե լաբորատորիայի աշխատողը չի բերումարյան քննության արդյունքները, հիմնականում բուժքույրերն են գնում բերում: Պաշտպանի հարցին ի պատասխան, փորձագետը հայտնեց, որ չկա որևէ իրավական ակտ կամ ներքին կանոնակարգ, որը սահմանում է արյան քննության արդյունքները վերցնելու կարգը և ժամկետները: Պաշտպանը փորձեց պարզել, թե արդյոք անհրաժեշտ էր արյան փոխներարկում և պլազմա կատարել, որի ի պատասխան փորձագետ Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ագրոնուլոցիտոզի զարգացման վրա:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պատշտան Գ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ եթե հիվանդը ջերմությամբ ընդունվում է հիվանդանոց, բժիշկը պարտավոր էր ջերմիջեցնող նշանակել՝ առանց արյան քննության արդյունքների պատասխանները ստանալու:
Դատավարության կողմերի հարցերից հետո փորձագետին որոշակի հարցեր ուղդեց նաև նախագահող դատավոր Լ. Ավետիսյանը: Վերջինս փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ սխալներ են թույլ տրվել բժշկական անձնակազմի կողմից: Փորձագետը նշեց, որ ընդունվելու պահին որևէ սխալ չի տեսնում, ամենամեծ սխալն արյան անալիզի ուշ տեսնելն է եղել, սակայն՝ ում կողմից է թույլ տրվել այդ սխալը, փորձագետը չկարողացավ հայտնեց: Ըստ փորձագետի, երրորդ օրը, երբ երթապահել է բժշկուհի Իրինա Մամյան, չեն կատարվել կուագուլոգրմմա և արյունաբանի կոնսուլտացիա:
Դատավորի այն հարցին, թե արդյոք երեկոյան 20:00-ից մինչև հաջորդ առավոտյան ժամը 08:00-ի միջև ընկած ժամանակահատվածում բժշկուհի Լիլիթ Վարդանյանը չպետք է հետևեր արյան անալիզների պատասխանների ստացմանը, փորձագետը պատասխանեց, որ բժշկուհին պետք է հետևեր արյան քննության արդյունքների ստացմանը: Զարինե Այվազյանի թույլ տված հնարավոր սխալների վերաբերյալ դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք նա չպետք է հետևեր արյան անալիզի պատասխանների ստացմանը, եթե հիվանդության պատմագրում տեսել էր արյան քննություն նշանակելու փաստը: Այս հարցին ևս փորձագետը դրական պատասխան տվեց, ասելով, որ «նա պետք է այդ օրը տեսներ անալիզները»: Դատավորը փորձեց պարզել՝ որքան կլիներ Լիա Միսակյանի մահվան հավանականությունը, եթե բոլոր բժիշկները երեխայի հիվանդանոց ընդունվելու պահից բարեխղճորեն կատարեին իրենց պարտականությունները, փորձագետը հայտնեց, որ մահացության հավանականությունը կբարձրանար 60 %:
Այսքանով փորձագետի հարցաքննությունն ավարտվեց, սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 10:30-ին: