Օրենքի առաջ հավասար են բոլորը
18:41, September 15, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքՀայաստանի Հանրապետությունում առանձին խումբ անհատներին տրվում են առավելություններ և նրանց թույլատրվում են օրենքի «որոշակի» շրջանցումներ, նրանք բիզնեսի արտոնյալ պայմաններ ունեն ու մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում են: Այս խմբում ծերերը չեն, զինծառայողներն ու նրանց ընտանիքները չեն, այս խմբում անապահով ընտանիքները չեն և նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձիք չեն, այս խմբում պաշտոնյաներն ու նրանց հարազատներն են:
Բազմաթիվ պաշտոնատար անձանց ու նրանց հարազատներին տրված արտոնությունների պատճառով ոտնահարվում են այլ քաղաքացիների իրավունքները, խախտվում է նրանց կյանքի բնականոն ընթացքը:
ՀՀ քաղաքացիներից շատերը մի կողմ են դնում իրենց իրավունքներն ու համակերպվում են տիրող իրավիճակի հետ: Քաղաքացիներից ոմանք էլ, հաշվի չառնելով որևէ խոչընդոտ, որոշում են պայքարել իրենց խախտված իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:
Այսպես վարվեց Երևան քաղաքի Մ. Մաշտոցի 31 հասեցում բնակվող Ստելլա Առուստամյանը:
Հիշեցնենք, որ Ստելլա Առուստամյանը դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն և հայտնել, որ իրենց շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Կամելոտ» ռեստորանն աշխատում է մինչև ուշ գիշեր և անընդմեջ հնչող բարձր երաժշտության պատճառով խաթարվում է Ս. Առուստամյանի և նրա ընտանիքի անդամների հանգիստը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի կողմից կազմված հիշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներով հաստատված տվյալները հիմք ընդունելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմեց Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ 00:00-ից հետո առանց աշխատելու թույլտվության «Կամելոտ» ռեստորանն աշխատեցնելու իրավախախտման շուրջ քննություն կատարելու, վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը նախ գտավ, որ 00:00-ից հետո բարձր երաժշտություն միացնելը չի կարող նույնացվել վկայակոչված վարչական իրավախախտման հետ, քանի որ բարձր երաժշտություն կարող է միացվել առանց ռեստորանն աշխատեցնելու, իսկ այնուհետև, ներկայացված բողոքի հիման վրա վարչական վարույթ իրականացնելու պահանջը կրկին մերժեց՝ այս անգամ իրավախախտման կատարման պահից վարչական տույժ նշանակելու ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ:
Բայց, քանի որ նշված ռեստորանը պատկանում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ներկայումս նախկին տեղակալ և ՀՀ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբորը՝ Նազարեթ Մնացականյանին, երկար ժամանակ չհաջողվեց որևէ կերպ վերականգնել Ստելլա Առուստամյանի իրավունքները:
Չնայած բազմաթիվ բողոքներին՝ 2014 թ. ապրիլի 25-ին ներկայացված դիմումի հիման վրա նույն թվականի ապրիլի 26-ին «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրվեց ժամը 00:00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Ընդ որում, անհասկանալիորեն նշված թույլտվությունը տրվել էր 2014 թ. հունվարի 1-ից մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար, այն դեպքում, երբ թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացվել էր 2014 թ. ապրիլի 25-ին: Պետք է ընդգծել, որ ՀՀ կառավարության «Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 00:00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը» սահմանող որոշմամբ հստակ սահմանվում է, որ թույլտվությունը տրվում է հայտատությունից գանձվող պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում՝ վճարման օրվանից:
Ստացվում է, որ Ն. Մնացականյանին պատկանող «Կամելոտ» ռեստորանի անօրինական գործողությունները վերացնելու փոխարեն այն տեղափոխեցին օրինական դաշտ, քաղաքացիների իրավունքների խախտմանը տալով «օրինական» բնույթ:
Ստելլա Առուստամյանը սակայն, չկորցնելով վերջին հույսը, շարունակում էր բողոքներ ուղարկել պատկան մարմիններին: Վերջապես բնակչի բողոքի հիման վրա ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, շուրջ 3 ամիս առաջ, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի ղեկավար Ա. Բեյբությանի կողմից հարուցվեց վարչական վարույթ՝ «Կամելոտ» ռեստորանից հնչող երաժշտության աղմուկի համարժեք մակարդակը պարզելու համար:
Վարչական վարույթի շրջանակներում կատարված գործիքային չափումները ցույց տվեցին, որ ռեստորանի գործունեության ընթացքում առաջացած աղմուկի համարժեք մակարդակը կազմել է 44 դԲԱ՝ գերազանցելով սանիտարական նորմերով սահմանված թույլատրելի 30 դԲԱ-ը: Արդյունքում, հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Կամելոտ» ռեստորանը ենթարկվեց վարչական պատասխանատվության սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները խախտելու համար և նրա նկատմամբ կիրառվեց 40.000 ՀՀ դրամի տուգանք: Բացի այդ, վարչական մարմինը կարգադրությամբ «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանը պարտավորեցրեց 30 օրվա ընթացքում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ՝ գործունեության ընթացքում առաջացած աղմուկի մակարդակը սանիտարական նորմերի թույլատրելի մակարդակին համապատասխանեցնելու համար:
Պետք է ընդգծել, որ իրականացված վարչական վարույթը ևս մեկ դրական տեղաշարժի պատճառ դարձավ: Մասնավորապես կատարված գործիքային չափումներից հետո Երևանի քաղաքապետարանը խիստ զարմանալի նախաձեռնողականությամբ «Կամելոտ» ռեստորանին զրկեց ընդամենը 2.5 ամիս առաջ տրված 00:00-ից հետո աշխատելու թույլտվությունից, իսկ ռեստորանի տնօրինությունը պարտավորվեց աշխատել մինչև 00:00-ն:
Վերը նշված կարգադրագրով սահմանված 30-օրյա ժամկետի ավարտից հետո ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կետրոնի ղեկավար Ա. Բեյբությանի կողմից կրկին հարուցվեց վարչական վարույթ ձայնամեկուսացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ տրված կարգադրագրի առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կրկին կատարվեցին գործիքային չափումներ և դրանց արդյունքներով պարզ դարձավ, որ «Կամելոտ» ռեստորանի կողմից «կատարված» աշխատանքները չեն հանգեցրել խնդրի լուծմանը: Մասնավորապես, գործիքային չափումները ցույց տվեցին, որ աղմուկի համարժեք մարկարդակները կրկին գերազանցում են սանիտարական նորմերով թույլատրված 30 դԲԱ-ը՝ այս անգամ կազմելով 38 դԲԱ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2014 թ. սեպտեմբերի 9-ին կայացած լսման ընթացքում պարզվեց, որ «Կամելոտ» ռեստորանը ձայնամեկուսացման աշխատանքներ կատարելու առաջադրանքը կատարելու համար փոփոխել է որոշ սարքավորումներ: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք էական ազդեցություն չեն ունեցել:
Ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, լսելով կողմերի բացատրությունները՝ Երևանի քաղաքային կետրոնի ղեկավար Ա. Բեյբությանն արձանագրեց, որ «Կամելոտ» ռեստորանի կողմից կատարված փոփոխությունների արդյունքում ևս աղմուկի համարժեք մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը, ուստի այս անգամ ևս ռեստորանը ենթարկվեց վարչական պատասխանատվության, միաժամանակ ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ 80.000 ՀՀ դրամի չափով:
Ա. Բեյբությանը հայտնեց, որ այս անգամ ևս «Կամելոտ» ռեստորանին կտրվի ձայնամեկուսացման աշխատանքներ կատարելու կարդագրություն և առաջարկեց այդ աշխատանքները կատարելու համար հրավիրել համապատասխան մասնագետների: Կարգադրությունը կատարելուց հետո, կամ դրա կատարման համար սահմանված 30-օրյա ժամկետի ավարտից հետո կրկին կհարուցվի վարչական վարույթ՝ կարգադրության կատարումը ստուգելու համար:
Հուսով ենք, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնը կշարունակի հետամուտ լինել իր իսկ կարգադրության կատարման և Մ. Մաշտոցի 31 հասցեում գտնվող շենքի բնակիչների հանգստի իրավունքը պաշտպանելու հարցերում: