Վովա Գասպարյանի հայտարարությունը սպառնալիք է ժողովրդին. Արթուր Սաքունց
18:47, September 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՈստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հայտարարությամբ հիմնավորեց, որ Հայաստանում իրավապահ մարմինները քաղաքական նպատակներով են օգտագործվում: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի՝ «թեժ աշնան» մասին հայտարարությանը:
Հիշեցնենք, որ «թեժ աշնան» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան ոստիկանապետն ասել էր. «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»:
Սաքունցի խոսքով՝ այս հայտարարությամբ ոստիկանապետն ակնհայտ գերազանցում է իր պարտականությունները և իր գործողությունները պայմանավորում է քաղաքական դաշտում ընթացքող գործընթացներով:
«Սա որպես սպառնալիք եմ գնահատում՝ ուղղված ժողովրդին: Վովա Գասպարյանն արտահայտվում է գործող ռեժիմի տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա: Իրավապաշտպանի խոսքով՝ այս գործելաոճը Եվրասիական տնտեսական միության կամ ՀԱՊԿ փիլիոսփայության շրջանակներում է, որ ցանկացած քաղաքական գործունեություն, որը դուր չի գալիս իշխող ռեժիմին, կարող է գնահատվել որպես գունավոր հեղափոխության կամ ներքին քաղաքական անկայունության փորձ, որը պետք է ճնշվի իրավապահ մարմինների կողմից: Արթուր Սաքունցը նկատում է, որ իշխանությունների վախն է պատճառը, որ ոստիկանապետը նման հայտարարություններ է անում:
«Իշխանությունը միանշանակ գիտի, որ ինքը բավարար ռեսուրսներ ու վստահություն չունի և ցանկացած ակտիվությունից վախենում է: Վախից սկսել են նման արտահայտություններով մեսիջ ուղարկել հանրությանը, որ չեն հանդուրժելու ընդվզումները»,- նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ www.lragir.am