«Հայաստանում պատմական լյուստրացիա է տեղի ունենում»
11:45, September 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՅԴ-ն ունի արտակարգ և լիազոր դեսպան, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքականությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, և ինձ համար զարմանալի չէր, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել ոչ իշխանական ուժերի հանրահավաքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ի սկզբանե մասնակցել են մարտի 1-ի հանցագործությանը, երբ Ազգային ժողովում հավանություն են տվել ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու որոշմանը, ուստի իր համար ոչ մի տարօրինակ բան չկա նրանց գործողություններում:
«Այդ հանրահավաքի միակ խորհրդանշական նշանակությունն այն է, որ այն հոկտեմբերի 10-ին է նշանակված, որը համընկնում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված որոշման հետ, որը տեղի է ունենալու Մինսկում: Թե բովանդակային առումով ինչ կլինի հանրահավաքում, դա ավելի կարևոր է, բայց գոնե այդ մի քայլը կատարեցին: Այսինքն՝ քաջություն կունենա՞ն արդյոք հանրահավաքի թեմատիկան կապել այդ օրը ՀՀ ինքնիշխանության մարտահրավերի հետ կապված իրենց վերաբերմուն արտահայտելուն, դա ժամանակը ցույց կտա: Չնայած նորից եմ կրկնում, որ մեծ կասկած ունեմ, որովհետև մինչև հիմա որևէ արձագանք, բացի այնպիսի դիրքորոշումներից, որը համընկնում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վարքագծին, չեմ տեսել»,- ասաց Սաքունցը:
«Մարդիկ, որոնք ընդամենը մեղադրողի կողմից մեղադրանքի առաջադրման և ժամկետների հետ կապված են Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին ճանաչում քաղբանտարկյալ, դա էլ տարօրինակ է: Այնուամենայնիվ, շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, որը ես անվանում եմ պատմական լյուստրացիա՝ առանց իրավական ընթացակարգի: Հայաստանում տեղի է ունենում բացահայտումների մի ամբողջ շարան, որը շատ առողջարար գործընթաց է»,-ամփոփեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ www.1in.am