«Աշխատողներին կանխամտածված մղում են ստրկական կախվածության դաշտ»
11:47, September 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Աշխատանքային իրավունքներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ներկայացրեց Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացրած «Աշխատանքի իրավունքների երաշխիքները մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» զեկույցը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրի կարևորությանը:
Նրա խոսքով՝ մարդը, որի աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն, կենսական միջոցների հայթայթման տեսակետից իրավական պաշտպանվածություն չունի և իրապես ֆեոդալական կախվածության մեջ է գործատուից՝ լինի դա պետական, թե մասնավոր: Վերջինս էլ իր հերթին է ֆեոդալական կախվածության մեջ պետությունից, նրա մյուս հիմնարար իրավունքները պաշտպանության տեսակետից խոցելի են:
«Ենթադրենք, ոստիկանության բաժնում մարդը ենթարկվում է բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, և երբ ուզում ես իրավունքի պաշտպանության ուղղությամբ աշխատել, քեզ վրա ճնշում են գործադրում այդ մարմինները և սպառնում՝ եթե դու բողոքես ապօրինի գործողությունների դեմ, ապա կարող ես զրկվել աշխատանքից կամ աշխատանքից զրկել քո հարազատին, որը կարող է տան միակ կերակրողը լինել»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ աշխատանքային իրավունքի վիճակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ինքնին իրավունք և սկսել մտածել դրա պաշտպանության մասին, այլ այդ պաշտպանության նշանակությունը դիտարկել այլ հիմնարար իրավունքների հետ փոխկապակցության մեջ:
Նա նշեց, որ աշխատանքի իրավունքի խախտման արձանագրման ուղղությամբ վերահսկողության ինստիտուտ չկա: Նրա խոսքով՝ սա կանխամտածված է, որպեսզի մեր քաղաքացուն, որպես աշխատողի, մղեն ստրկական կախվածության դաշտ՝ թե պետական մարմիններում, թե մասնավորում:
«Պարտադիր կուտակայինի հետ կապված հարցերում մենք տեսանք, որ ուսուցիչները, բացառությամբ մեկ-երկուսի, լռեցին, և ոչ թե որովեհետև համաձայն էին, այլ որովհետև վախեցան կորցնել աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ ԵՊՀ մի քանի դասախոսներ միակ տարբերակը համարեցին բուհից իրենց հեռանալը:
Այս կախվածությունը և աշխատանքային իրավունքների անպաշտպանվածությունը այն մակարդակում են, որ խոչընդոտում են մյուս հիմնարար իրավունքների իրականացմանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ Հայաստանում պետության պարտավորությունը պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանությունը, բայց պետությունը և իշխանությունը բաղկացած են գործատուներից, իսկ գործատուն շահագրգռված է սեփական շահույթով, և նրան առանձնապես չեն հետաքրքրում աշխատողների շահերը:
«Սա է Հայաստանում այն գլխավոր խնդիրներից մեկը, որի պատճառով աշխատողների իրավունքները չեն պաշտպանվում: Նայեք ԱԺ պատգամավորներին, նախարարներին՝ համարյա բոլորը բիզնեսմեններ են, և իրենք արդյոք կնախաձեռնե՞ն այնպիսի օրենսդրություն, այնպիսի կառուցվածքներ, որ պաշտպանվեն իրենց կողմից շահագործվող աշխատողների իրավունքները»,- հավելեց նա:
Աղբյուրը՝ www.1in.am