«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի հետքերով
14:48, September 27, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունԱրդեն անդրադարձել էինք անհայտ կորած անձանց խնդրին և տեղեկացրել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի բացակայության մասին:
Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել էր «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, սակայն այն հավանության չարժանացավ:
2010 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշակած նախագիծը պետք է վերամշակեր և համապատասխանեցներ միջազգային չափանիշներին և Կարմիր խաչի տիպային օրինակներին: Պարբերական հանդիպումներից հետո օրենքի նախագիծը բերվեց վերջանական տեսքի ու համապատասխանեցվել բոլոր անհրաժեշտ չափանիշներին:
Օրենքի արդեն վերջնական մշակված նախագիծը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարություն, սակայն նախագիծը ՀՀ Ազգային ժողովում չհայտնվեց, քանի որ ըստ ՀՀ Արդարադատության նախարարության գրության «… նախագիծը չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին …»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. հուլիսի 21-ի գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունից խնդրել է տրամադրել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, այն օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու և կրկին անգամ համապատասխան իրավասու մարմնի միջոցով ներկայացնելու համար:
ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվեց պատասխան, որով հայտնում էին, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նածագիծը ձեռք բերելու համար կազմակերպությունը կարող է դիմել հիշյալ օրենքի նախագիծը մշակող մարմին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կազմակերպությունը 2014 թ. օգոստոսի 27-ին դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն ստանալու նախագիծը, սակայն, ինչպես պարզվեց նախարարության պատասխան գրությունից նախագիծը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չունի, վերջինս պարզելու համար իր հերթին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Այլ բան չի մնում անել, քան ենթադրել, որ այս երկու իրավասու պետական կառույցները, որոնք մասնակցություն են ունեցել օրենքի նախագծի կազմմանը, իրենց արխիվում չեն գտնում օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծի անհայտ կորցնելը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՀՀ համապատասխան մարմինները պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին:
Հուսով ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կձեռնարկեն անհրաժեշտ ջանքեր հայտնաբերելու և տրամադրելու պետական մարմիններում անհետացած «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը: