«Սերժ Սարգսյանը Լիսկայի գործում իր համար ալիբի է ստեղծում»
15:59, September 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը կարևոր ինդիկատոր է, որը ցույց է տալիս Հայաստանի մոտակա զարգացումների ուղղությունն ու տրամաբանությունը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ այս քայլով Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ հանրության կարծքին իրենց համար նշանակություն չունի: Նա հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից հեռանալն ուղղակիորեն կապված էր Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցածի և Ավետիք Բուդաղյանի սպանության հետ: Եվ այսօր, երբ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն այս գործով մանրամասներ է հրապարակում, իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերանշանակում են:
«Մենք ժամանակին քննության հետ կապված մի շարք հարցեր էինք բարձրացնում: Մասնավորապես, այն, որ այդ գործը չպետք է քննվեր Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից: Ճիշտ է, Բուդաղյան եղբայրներից մեկը բանակի ծառայող է, բայց հանցագործությունը կատարվել էր քաղաքացիական անձանց կողմից: Այստեղ ակնհայտ տարբերակված մոտեցում կար Հարսնաքարի դեպքի հետ համեմատած: Հարսնաքարի դեպքով քննությունն իրականացվեց Ոստիկանության քննչական ծառայության կողմից, չնայած որ Վահե Ավետյանը նույնպես սպա էր՝ ռազմական բժիշկ: Ի սկզբանե այստեղ կար նաև այլ հանգամանք, որ այն ժամանակվա Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը նախքան նախաքննության ավարտն արդեն իսկ ուղղորդում տվեց: Այսինքն՝ ի սկզբանե Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցավ հովանավորչություն, որի նպատակն էր քրեական հանցագործություն կատարելուց նրան մեկուսացնել ու փրկել: Այս պարագայում մնում էր, որ ամբողջ պատասխանտվությունը պետք է բարդվեր Բուդաղյանների վրա: Այն ժամանակվա հանրային ընկալման ֆոնին միակ տարբերակը, որը մնում էր Սուրիկ Խաչատրյանին, դա մարզպետի պաշտոնից հրաժարական տալն էր, չնայած, որ պատասխանատու իշխանության առկայության պարագայում հենց իշխանությունը պետք է նման անձին այդ պաշտոնից հեռացներ»,- ասաց նա:
Սաքունցը նկատում է, որ այս գործով խայտառակ նախաքննություն իրականացնելուց հետո, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, թղթով հիմնավորեցին, որ Սուրիկ Խաչատրյանը մեղավոր չէ, ընդհակառակը, նույնիսկ որոշվեց, որ պաշտպանվել է: Սաքունցի խոսքով՝ կոծկվեցին գործում առկա շատ-շատ փաստական հանգամանքներ:
«Երկարատև պայքարից հետո Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը կարողացավ դատարանից ստանալ կարճված քրեական գործի մանրամասները: Հենց այն ժամանակ, երբ Հայկ Ալումյանը մանրամասներ է հրապարակում, որոնց հիման վրա միանշանակ է Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և թիկնապահի կողմից կանխամտածված և դիտավորյալ սպանություն կատարելու հանգամանքը՝ հրազենի կիրառմամբ, այդ ժամանակ որոշում է կայացվում Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում վերանշանակել: Մի կարևոր հանգամանք էլ՝ այդ նշանակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վերստին բացակայում է հանրապետությունից: Նման հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի լուծման ժամանակ Սերժ Սարգսյանն իր համար ալիբի է ստեղծում, որ ինքը անմիջականորեն կապված չէ դրա հետ»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այս փուլում, երբ փաստաբանը գործով նոր մանրամասներ է հրապարակել, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը միանշանակ հովանավորչություն է:
«Այսինքն՝ իշխանությունները մարդուն, որի հանցավոր արարքների մասին ակնհայտ հրապարակված տվյալներ կան, նշանակում են մարզպետ՝ վերցնելով հովանավորչության տակ: Դա ուղղակիորեն ուղերձ է՝ ուղղված դատական իշխանությանը, իրավապահ համակարգին, որ Սուրիկ Խաչատրյանը պետք է մնա անձեռնմխելի: Սա ուղերձ է նաև հանրությանը, որ՝ հույս չունենաք, թե արդարադատություն կլինի: Քանի որ Հայկ Ալումյանն այդ կարճված նախաքննության նյութերի մասով պետք է բողոքարկում ու միջնորդություններ ներկայացնի, այս նշանակումը նաև հրապարակային ուղերձ է՝ ուղղված հանրությանը, թե տեսեք՝ և դատարանները, և նախաքննության մարմինները հրահանգ ունեն, որ պետք է այս քրեական հանցագործության գործով Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները մնան անպատիժ: Մինչև գործի ավարտը, իսկ ավարտ նշանակում է դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում, Սերժ Սարգսյանը չպետք է նման նշանակում աներ: Սրանով Սերժ Սարգսյանը վերստին ապացուցում է, որ դատական իշխանության, իրավապահ մարմինների անկախությունը դա աբսուրդ է, դե ֆակտո Հայաստանում դա գոյություն չունի»,- ասում է իրավապաշտպանը:
Նա նկատում է, որ նման դիրքորոշում Սերժ Սարգսյանը հրապարակային ցույց տվեց նաև Շանթ Հարությունյանի գործի հետ կապված, երբ նախքան դատարանի որոշումը, հրապարակային հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այսինքն՝ երկրի ղեկավարությունը կանխորոշում է դատական ակտը: Անհարգալից վերաբերմունքի նման ցուցադրական դրսեւորումը երկրի իրավական և դատական համակարգի նկատմամբ, ըստ Սաքունցի, փաստում է, որ երկրում չկա դատական իշխանություն, ամեն ինչ որոշվում է նախագահականում:
«Սա իրապես ամենահզոր մարտահրավերն է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն ունեցավ՝ հանձինս ՀՀ քաղաքացիների»,- ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ միամիտ կլինի կարծել, թե իշխանությունները չգիտեին, որ նման որոշումը հանրության մոտ դժգոհություն կառաջացնի: Եթե այդ տեսակետից ենք խնդիրը դիտարկում, ապա միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունները կարևորություն չեն տալիս հանրային կարծիքին, այնպես, ինչպես սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումն էր, որը կայացվեց մեկ գիշերվա ընթացքում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու:
«Եվ վարքագիծը հենց սեպտեմբերի 3-ից սկսած փոխվեց, որովհետև մինչև սեպտեմբերի 3-ը կար Եվրամիության հետ ասոցացման գործընթացը, և գոնե առերևույթ կար խաղի կանոնների պահպանում այն իմաստով, որ հանրային կարծիքը նշանակություն ուներ: Բայց սեպտեմբերի 3-ից հետո վարքագծի կտրուկ փոփոխություն կա, որի բուն իմաստը հանրային կարծիքի վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնելն է և բոլոր խնդիրները, ինչպես միշտ, կաբինետներում լուծելը, բայց այդ լուծման մասին հրապարակավ հայտնելը: Նման ցինիզմը լիովին տեղավորվում է հենց Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության վեկտորի շրջանակներում: Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն արդեն որևէ պատասխանատվություն սեփական քաղաքացիների և միջազգային հանրության, եվրոպական կառույցների առաջ, չունեն»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը նկատում է, որ Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ապացուցում է, որ Հայաստանը գնում և ինտեգրվում է բռնապետական երկրների տիրույթին:
Բացի այդ, նրա խոսքով, կա նաև այլ հիմք՝ Սուրիկ Խաչատրյանը բավական լուրջ մասնակցություն ունի այն հնարավոր հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել հենց Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Սուրիկ Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իրականացված Մարտի մեկի հանցագործության կարևոր մասնակիցներից մեկն է եղել, որին անխուսափելի մասնակից է նաև Սերժ Սարգսյանը: Նրանք իրար հետ կապված են ընդհանուր հանցագործությունների թելերով, և մեկը մյուսի նկատմամբ պարտավորությունը հենց այդ հանցագործությունների շաղկապված լինելն է: Ուրիշ որևէ քաղաքական գործոն այս նշանակման հարցում չկա”,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ www.lragir.am