Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը
18:22, December 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունքՎերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ մերժվեց հիշյալ դատավճռի դեմ մեղադրողի բողոքը:
Դատախազ Ա.Ափիյանն իր բողոքում միջնորդում էր բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ 30.05.2014թ. դատավճիռը, որով նա արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / առաջադրված մեղադրանքում, այն է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ:
Մեղադրողը միջնորդում էր ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովին մեղավոր ճանաչել հիշյալ դրվագներով ու դատապարտել ազատազրկման ձևով պատժի՝ ամբաստանյալ Ա.Ցվերիանովին կալանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է. դատարանը սխալ հետևության է հանգել և արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ: Մեղադրողն իր բողոքում մեծ տեղ էր հատկացրել նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայության կողմից հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը. նյութերը նախապատրաստվել են քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի, այն է՝ քննչական գործողությանը չմասնակցած, սակայն արձանագրության մեջ հայտնված թարգմանի ստորագրության առնչությամբ:
Պաշտպան Անժելա Հոբոսյանը առարկեց վերաքննիչ բողոքի դեմ՝ հայտարարելով, որ մեղադրողը բողոքում հստակ չի մատնանշել, թե առաջին ատյանի դատարանը օրենքի ո՞ր նորմերն է խախտել: Մեղադրողը չի մատնանշել նաև, թե Ա.Ցվերիանովին մեղսագրված գողություններն ու գողության փորձերը ո՞ր ապացույցներով է հիմնավորել նախաքննական մարմինը, որոնք առաջին ատյանի դատարանն անհիմն անտեսել է:
Ա.Հոբոսյանի գնահատմամբ՝ ամբողջ նախաքննությունն ընթացել է օրենքի կոպտագույն խախտումներով: Մասնավորապես՝ Ալեքսանդր Ցվերիանովին բերման ենթարկելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժնում նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, խփել էլեկտրաշոկով, մահակներով հարվածներ հասցրել ոտնաթաթերի տակի հատվածներին, սպառնացել են նսեմացնել Ցվերիանովի տղամարդկային արժանապատվությունը, ինչի հետևանքով վերջինս վախից ու անզորությունից ցանկացել է պատուհանը ջարդելով իրեն դուրս նետել:
Դատարանում Ցվերիանովը ցուցմունք է տվել առ այն, որ չդիմանալով ճնշումներին՝ ընդունել է չկատարած գողությունների կատարումը, ինչին ի պատասխան՝ նրան խորոված ու ոգելից խմիչք են «հյուրասիրել», արդյունքում քննիչը չի հարցաքննել Ցվերիանովին որպես կասկածյալ, որովհետև «Ցվերիանովը չէր տիրապետում իրեն, ադեկվատ չէր շրջապատին»: Այդ կապակցությամբ քննիչը տեղեկանքում նշել է, որ «Ցվերիանովը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ»:
Անժելա Հոբոսյանն ընդգծեց, որ քննիչների կողմից «հյուրասիրության», այն է՝ Ա.Ցվերիանովին հարբեցնելու հետ կապված նույն Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում, որի շրջանակում իր պաշտպանյալը ճանաչվել է որպես տուժող և իր տեղեկություննով՝ կա երկու մեղադրյալ:
Նախաքննական մարմնի խախտումների շարքում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի ձերբակալության արձանագրության մեջ բացակայում է քննիչի ստորագրությունը, այսինքն՝ կալանավորելու ու կալանքի ժամկետը երկարացնելու հետագա որոշումներն անօրինական են եղել:
Տարբեր օրերի քննչական գործողություններին մասնակցել են նույն երկու ընթերակաները, ինչն անթույլատրելի է օրենքով՝ նույն ընթերակաների մասնակցությունը չի կարող կրել պարբերական բնույթ:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանն ի հայտ էր բերել բազմաթիվ խախտումներ, որոնք տեղ-տեղ հասնում էին զավեշտի: Դատարանը ոչ միայն եզրահանգել էր, որ «մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի հավաստի ապացույց», այլև ուշադրություն է հրավիրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված, տեղ-տեղ զավեշտի հասնող բազմաթիվ խախտումների վրա:
«Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև դատական պրակտիկայում հազվադեպ, իր բնույթով եզակի ևս մեկ զավեշտական քննչական գործողության, այն է՝ կարտոֆիլի ճանաչման արձանագրությանը:
Այո’, այո’, «կարտոֆիլի ճանաչման» արձանագրությանը: Արհեստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով նախաքննական մարմինն ընտրել է ծայրահեղ միջոց. տուժող Ի.Հարությունովային ճանաչման է ներկայացրել վկա Ա.Հովհաննիսյանի կողմից ներկայացված կարտոֆիլի քանակները:
Արդյունքում՝ տուժող Ի.Հարությունովան չի ճանաչել ներկայացված կարտոֆիլները՝ որպես իր խորդանոցից գողացված՝ հայտնելով, որ ճանաչման ներկայացված կարտոֆիլներն ավելի փոքր են: Ծիծաղելի է, սակայն փաստ է, որ նմանատիպ ապացույցներով է նախաքննական մարմինը ցանկացել հիմնավորել ամբաստանյալ Ա.Ցվերիանովի խոստովանական ցուցմունքը»,- նշվում էր առաջին ատյանի դատարանի դատավճռում:
Դատարանն անգամ որոշ դեպքերում նախաքննական մարմնի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու «հիմնավոր համոզմունք» էր հայտնել:
Աղբյուրը՝ pastinfo.am