Հայկ Կալեյանի գործով բռնության ենթարկված վկայի գործով բողոքի քննությունն ավարտված է
18:19, January 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժեր, Հայկ Կալեյան2015 թ. հունվարի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Պետրոսյանի, շարունակվեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման է ենթարկվում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտի օրինականության հարցը:
Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ գործով նախաքննության իրականացրած քննիչը տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի՝ ԼՂՀ Մարտակերտ քաղաքում և դիմում է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, ուստի խնդրել է բողոքի քննությունն անցկացնել իր բացակայությամբ:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ բողոքի՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է վարույթն իրականացրած մարմնի մասնակցությունը դատական նիստին:
Դատարանը, քննարկելով միջնորդությունը, գտավ, որ բողոքի քննությանը քննիչի մասնակցության հիմքեր դեռևս չկան և որոշեց նիստը շարունակել վերջինիս բացակայությամբ:
Դատարանը հրապարակեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի էությունը: Այնուհետև բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ներկայացվեցին վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվեցին նախաքննության ընթացքում ոչ պատշաճ քննություն կատարելու վերաբերյալ մի շարք փաստարկներ: Դատական նիստի ընթացքում Ա. Սաքունցը ներկայացրեց նաև վերաքննիչ բողոքի լրացում, որ կազմվել էր նախաքննության նյութերին ծանոթանալու արդյունքում:
Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը փորձեց պարզել, թե բողոքաբերի ներկայացուցիչը իր վերաքննիչ բողոքով վիճարկում է ապացույցների ոչ պատշաճ գնահատումը, թե քննչական գործողություններ չկատարելը: Ի պատասխան՝ Ա. Սաքունցը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման ժամանակ դրսևորվել է սուբյեկտիվ մոտեցում, քանի որ մի դեպքում գործով տուժող Արմեն Բոզոյանը հայտնել է իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին, մյուս դեպքում՝ պետական կառույցների պատասխանատու աշխատակիցները հերքել են իրենց կողմից Արմեն Բոզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, իսկ քննիչը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ ղեկավարվել է վերջիններիս ցուցմունքներով: Միաժամանակ, Ա. Սաքունցը նաև փաստեց, որ քննիչի կողմից չեն կատարվել որոշ քննչական գործողություններ, օրինակ՝ ցուցմունքների միջև հակասությունները պարզելու համար չեն կատարվել առերես հարցաքննություններ:
Դատարանը ճշտեց նոր ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու հանգամանքը և այդպիսով բողոքի քննությունը համարեց ավարտված: Դատարանի կողմից կայացված որոշումը կհրապարակվի 2015 թվականի հունվարի 22-ին, ժամը 09:55-ին: