Հայտարարություն առողջական խնդիրներով անձանց զորակոչի ենթարկելու վերաբերյալ
10:58, January 22, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակաբար խախտում է զորակոչիկների իրավունքները
Շարունակվում են առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը զորակոչիկների եւ ծնողների կողմից: Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, հաշվի չառնել բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, երիտասարդների մոտ առկա լուրջ հիվանդությունների հնարավոր զարգացումները եւ առանց որեւէ հիմնավորման երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի:
2014-2015 թթ. ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Կազմակերպություն դիմած անձանց բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գնահատվել է նրանց առողջական վիճակը, որի արդյունքները ցույց են տալիս, որ հիմնականում նրանց մոտ առկա խնդիրների առկայությունը չի կարող թույլ տալ նրանց անցնել զինվորական ծառայության: Մինչդեռ, նույնիսկ բժշկական հանձնաժողովների եզրակացությունները հաշվի չեն առնվել այս ամբողջ ընթացքում:
Ստորեւ ներկայացվում է կազմակերպություն դիմած մի քանի զորակոչիկների դեպքերի համառոտ նկարագրությունը.
1. …
Զորակոչիկի մոտ առկա է «Ամորձիների հիպոտրոֆիա՝ ֆունկցիայի արտահայտված խանգարմամբ» ախտորոշումը, որը ներառվում է հիպոգոնադիզմ հիվանդության մեջ: Այն սահմանում է՝ էնդոկրին գեղձերի ատրոֆիաներ և հիպոտրոֆիաներ: Ըստ կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) եզրակացության զորակոչիկի մոտ հաստատված է նշված հիվանդությունը, որը սակայն, հաշվի չի առնվել հանրապետական բժշկական հանձնաժողովի կողմից եւ տրվել է ծանուցում զորակոչման մասին:
- Ա. Մ.
Զորակոչիկի մոտ ախտորոշվել է «աջ աչք՝ կերատոկոնուս առաջին-երկրորդ աստիճան: Ձախ աչք՝ կերատոկոնուս առաջին աստիճան»: Զորակոչիկին 2 անգամ տրամադրվել է տարկետում բուժման նպատակով, բացի այդ կատարվել է վիրահատություն, որից հետո տրվել է ամբուլատոր բուժում եւ հսկողություն մեկ տարի ժամկետով: Սակայն առողջական վիճակի որեւէ լավացում չի գրանցվել, նրա մոտ ախտորոշվել է «վիճակ երկու աչքերի եղջերենու քրոսլինքինգից հետո: Աջ աչք՝ կերատոկոնուս՝ երկրորդ աստիճան: Ձախ աչք՝ կերատոկոնուս՝ երկրորդ աստիճան», այնուհետեւ՝ «աջ աչք՝ կերատոկոնուս՝ երկրորդ աստիճան: Ձախ աչք՝ կերատոկոնուս՝ երրորդ աստիճան:» Այսինքն, բժշկական պատմությունից հստակ է, որ կերատոկոնուսը (աչքի եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որն անընդհատ պրոգրեսիվում (հարաճում) է՝ նույնիսկ բուժման պայմաններում) երկու տարուց ավելի քիչ ժամանակահատվածում պրոգրեսիվել եւ խորացել է. աջ աչքի կերատոկոնուսը առաջին-երկրորդ աստիճանից դարձել է երկրորդ աստիճան, իսկ ձախ աչքի կերատոկոնուսը առաջին աստիճանից դարձել է երրորդ աստիճան՝ նույնիսկ կատարված վիրահատություն պայմաններում, որը փաստորեն եղել է ոչ արդյունավետ եւ չի կանխել հիվանդության պրոգրեսը (հարաճը): Բացի դա՝ ամենավերջին բժշկական փորձաքննությամբ հաստատվել է. ձախ աչք՝ կերատոկոնուսը երրորդ աստիճանի է, որը ԿԲՀ-ն անտեսել է, քանի որ եզրակացությունը պետք է ընդունվեր ավելի ծանր հիվանդությանը համապատասխան:
Հաշվի չառնելով այս բոլոր հանգամանքները՝ զորակոչիկին ճանչել են պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, այնինչ վերջինիս նկատմամբ պետք է կիրառվեր 78-րդ հոդվածի բ կետի առաջին սյունակը՝ զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն:
- Դ. Ք.
Զորակոչիկը ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի 10 Գ հոդվածի համաձայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով: Սակայն զորակոչիկը գանգատվում է լեզվի, խոսքի խանգարումից: Ախտորոշվել է «կակազություն՝ թեթեւ աստիճանի, թլվատություն», «հիստերիկ նեւրոզ»: Այնուամենայնիվ, զորակոչիկը չի ենթարկվել մանրակրկիտ բժշկական փորձաքննություն՝ լարինգոօտորինոլոգիական բաժանմունքում եւ հոգեբուժական բաժանմունքում եւ այդ վիճակում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:
- Ե. Ա.
Զորակոչիկը գանգատվում է սկոլիոզի առկայության հետեւանքով ողնաշարի գոտկակրծքային հատվածում ցավերից՝ չի կարողանում երկար կանգնել, չի կարողանում կատարել ծանր աշխատանք: Ոսկրամկանային համակարգի խնդիրների կապակցությամբ հետազոտվել է ՎՕԳԿ-ում:
Հայտնաբերվել է.
- ողնաշարի գոտկակրծքային հատվածի սկոլիոզ I աստիճան, ծռվածության անկյունը 11 աստիճան
- հարթաթաթություն II աստիճան
- կոնքի դեւիացիա դեպի աջ, ստորին վերջույթների երկարությունների միջեւ տարբերությունը 1 սմ՝ առանց ֆունկցիայի խանգարման:
Բացի այդ, զորակոչիկի մոտ առկա է թուլություն, ախորժակի անկման ու մարսողական խնդիրներ: Ունի ալերգիկ խնդիրներ: Առանց համալիր բուժզննություն իրականացնելու եւ առողջական վիճակի իրական պատկերը պարզելու զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:
- Է. Կ.
Զորակոչիկի մոտ ախտորոշվել է «ինսեկտային ալերգիա, սիստեմային (անաֆիլաքսիայի) ռեակցիայի զարգացումով, ինտերմիտվող (սեզոնային) ալերգիա: Վաղ մանկական հասակից ունեցել է նշիկների բորբոքում՝ տոնզիլիտ եւ հիպերտրոֆիա, անամնեզը ներառում է սուր հոդաբորբ, սուր տոնզիլիտ` որն ախտորոշվել է մի քանի անգամ, ինսեկտային ալերգիա՝ մեղվի խայթոցից, ալերգիկ մաշկաբորբ, ջրծաղիկ, միզուղիների ինֆեկցիա, ալերգիկ ռինիտ եւ կոնյուկտիվիտ, աջ ծնկան հոդի բորբոքում, ալերգիկ մաշկաբորբ: Ալերգիկ երեւույթները կրել են սեզոնային բնույթ եւ առաջացել են ալերգիկ ռինիտի, կոնյուկտիվիտի եւ մաշկաբորբի տեսքով:
Առանց հաշվի առնելու վերոնշյալ հանգամանքները, որոնց դեպքում անպայման պետք է որոշվի ֆունկցիայի խանգարման աստիճանը, որը զորակոչիկի հետազոտման ակտերում բացակայում է, եւ որը որոշիչ դեր կարող է ունենալ զինծառայությանը զորակոչիկի պիտանիության որոշման համար, զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:
- Է. Ա.
Զորակոչիկի մոտ 2 անգամ ախտորոշվել է «խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղու խոց 0.6 սմ, խոցասպիական դեֆորմացիա՝ առանց մոտոր եւ էվակուատոր ֆունկցիաների խանգարման»:
Այնուհետեւ ախտորոշվել է «խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղու կոճղեզի խոցեր 0.5 եւ 0.6 սմ, կոճղեզի չափավոր խոցասպիական դեֆորմացիա՝ առանց մոտոր եւ էվակուատոր ֆունկցիաների խանգարման, խրոնիկական խրոզիվ գաստրիտ, բուլբիտ, …լոպտոզ, դիսբակտերիոզ», «խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղու կոճղեզի համբուրվող խոցերշ, խոցասպիական դեֆորմացիա՝ առանց մոտոր եւ էվակուատոր ֆունկցիաների խանգարման»: Այս բոլոր ախտորոշումների առկայությամբ զորակոչիկը 3 անգամ ստացել տարկետում: Սակայն 2014-2015 թթ. զորակոչի ընթացքում ախտորոշվել է խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղու խոցի սրացում: Էռոզիվ գաստրոբուլբիտ, Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայով հայտնաբերվել է՝ արտահայտված էռոզիվ գաստրիտ, էռոզիվ բուլբիտ եւ 14.01.2015 թ-ի ԿԲՀ որոշմամբ, «խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղու համբուրվող խոցեր 0.5 սմ, խոցասպիական դեֆորմացիա՝ առանց մոտոր եւ էվակուատոր ֆունկցիաների խանգարման» ախտորոշման հիման ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով՝ 10 օր բուժումից հետո:
Սակայն, ինչպես փաստում են զորակոչիկը և նրա ծնողները՝ բուժում որպես այդպիսին, չի եղել: Փոխարենը կատարվել է ստուգում և արվել են որոշ դեղորայքային նշանակումներ:
Հետազոտման ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ, մասնավորապես.
- Զորակոչիկը խոցային հիվանդությամբ տառապում է մոտ չորս տարի: Երեք անգամ տրամադրվել է տարկետում բուժման նպատակով, սակայն երեք անգամն էլ բուժումն արդյունավետ չի եղել, քանի որ երրորդ տարկետումից հետո հետազոտվել է եւ խոցային հիվանդությունը կրկին ախտորոշվել է (պահպանվել է),
- Ճանաչվել է պիտանի տասնօրյա բուժումից հետո: Սա փաստում է այն մասին, որ կատարվել է կողմնակալ կանխատեսում, քանի որ նախապես հնարավոր չէ որոշել հիվանդության ելքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ երեք տարիներին բուժումն անարդյունավետ է եղել,
- Չի կատարվել H.pylori որոշման թեստ, որը պարտադիր է բուժման սխեման ընտրելու համար: Հելիկոբակտերի առկայության դեպքում պետք է կատարել հակահելիկոբակտերային թերապիա,
- Չի պարզվել նաեւ խոցի բնույթը եւ պատճառը:
- Կ. Ղ.
Զորակոչիկի մոտ ախտորոշվել է «մտավոր թերնորմալություն», որն անհասկալի եզրույթ է, քանի որ բժշկության մեջ այդպիսի տերմին գոյութուն չունի: Այդպիսի հիվանդություն չկա նաեւ Հիվանդությունների միջազգային դասակարգում 10-ում, անգամ՝ ԽՍՀՄ տարիներին հրատարակված գրականությունում: Ինչեւէ, եթե խոսքը գնում է ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի հոդված 1-ով սահմանված «մտավոր հետամնացություն» հիվանդության մասին, ապա պետք է որոշվեր հիվանդության ծանրության աստիճանը՝ խորը, ծանր, չափավոր և թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, որը չի կատարվել հրամանով սահմանված կարգով, հետեւաբար վերափորձաքննման հիմք է:
Զորակոչիկը գանգատվել է զույգ ծնկան հոդերի ուռածությունից, ցավերից ֆիզիկական ծանրաբեռնվածպւթյան ժամանակ: Ախտորոշվել է «պոլիարթրիտ?», ձախակողմյա վարիկոցելե III (երրորդ) աստիաճան, «մեզիակ կծվածք: Հակադարձ կտրիիչային վերածածկ: Ծամողական էֆեկտիվության աննշան կորուստ՝ 12 % ըստ Ագարովի», «աննշան նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, կարդիալ ձեւ», «աջ ազդրի ստորին երրորդականի մետաֆիզար կեղեւային դեֆեկտ», «աջ ազդրի ստորին երրորդականի մետաֆիզար կեղեւային դեֆեկտ»:
Ավելին, զորակոչիկը տառապում է գիշերային ակամա միզարձակությամբ: Կլինիկայում գտնվելու երեք մահճակալ օրերին առավոտյան համայցի ժամանակ անկողինը եղել է թաց: Ախտորոշվել է «ակամա գիշերամիզություն, հազվադեպ էպիզոդներ: Ձախակողմյա վարիկոցելե III աստիճան»:
Անհասկանալի է զորակոչիկի մոտ ախտորոշումը՝ գիշերամիզություն ըստ անամնեզի, քանի որ այնուամենայնիվ փաստացի դիտվել է գիշերամիզություն եւ ախտորոշվել:
Արձանագրվել է, որ.
- ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի հոդված 1-ով սահմանված «մտավոր հետամնացություն» հիվանդության hամար հրամանով սահմանված կարգով չի որոշվել ծանրության աստիճանը, որը հանդիսանում է վերափորձաքննության հիմք:
- 11-07.11.14 թվականին հետազոտվել է Արմենիա բժշկական կենտրոնում եւ հստակ ախտորոշվել է ակամա գիշերամիզություն, հազվադեպ էպիզոդներ: Իսկ ԿԲՀ-ն հիմք է ընդունել երկրորդ փորձաքննության արդյունքը, այն դեպքում երբ կա հստակ հաստատված դեպք եւ ախտորոշում:
Հրամանի հոդված 55-ը սահմանում է ՝ գիշերամիզությամբ տառապող զորակոչիկները և զինծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման և բուժման: Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր` ուրոլոգի և նյարդաբանի մասնակցությամբ: Այն զորակոչիկները, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և վերջին երեք տարվա ընթացքում այն նրանց մոտ չի նկատվել, ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի:
Իսկ այս դեպքում կա հստակ նկատված գիշերամիզության դեպք, հետեւբար ըստ 55-րդ հոդվածի՝ զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն:
Այս ամենի առկայությամբ զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը:
- Վ. Օ.
Զորակոչիկը գանգատվել է ցավերից եւ ծանրության զգացումից ձախ թուլակողի շրջանում: Հայտնաբերվել է սպլենոմեգալիա: 2012 թվականին հիվանդացել է ինֆեկցիոն մոնոնուկլեոզով: Ախտորոշվել է «վիճակ տարած ինֆեկցիոն մոնոնուկլեոզից հետո: Սպլենոմեգալիա»: ԿԲՀ որոշումով զորակոչիկը, ախտորոշումը՝ «վիճակ ինֆեկցիոն մոնոնուկլեոզից հետո, աննշան սպլենոմեգալիա», ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի 30-րդ հոդվածի Գ կետի I սյունակին համապատասխան ճանաչվել է պիտանի պարտադիր ծառայությանը՝ սահմանափակումով:
ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի 30-րդ հոդվածը նախատեսում է կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները:
Հոդվածի «Բ» կետին են վերաբերում նաև տասներկումատնյա աղիի կոճղեզի արտահայտված ձևախախտումները և հեպատոսպլենոմեգալիաները, երբ լյարդը մեծացած է 2 սմ և ավելի, իսկ փայծաղը սահմանվածից մեծ է 1 սմ և ավելի: Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:
Առողջական վիճակի փորձաքննության ակտով պարզաբանված չէ զորակոչիկի մոտ լյարդի ֆունկցիայի խանգարման աստիճանը, այդ մասին գրառումը բացակայում է ախտորոշման մեջ: ԿԲՀ ախտորոշում բաժնում ավելացրել է «աննշան» բառը, որը սակայն վերաբերվում է չափսերին, եւ չի խոսում ֆունկցիայի խանգարման աստիճանի մասին: Հետեւաբար` զորակոչիկը պետք է ուղարկվեր նոր բժշկական փորձաքննության՝ պարզելու լյարդի եւ փայծաղի ֆունկցիայի խանգարման աստիճանը: Սակայն այդ ամենն առանց հաշվի առնելու չանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:
- Տ. Մ
Զորակոչիկի մոտ սոնոգրաֆիկ հետազոտմամբ հայտնաբերվել է փայծաղի կիստա, ծռմռված կոնտուրներով, 4.4×2.6 սմ չափսերով, կապսուլայում կան կալցիֆիկատներ: Ախտորոշվել է փայծաղի կիստա: Այնուհետեւ, ախտորոշվել է «փայծաղի ոչ պարազիտատ կիստա (4.8 սմ), կարիք ունի վիրահատական բուժման», «փայծաղի կիստա` հեղուկով լցված, 4.8 սմ չափսերով, հաստ պատերով», «փայծաղի ոչ պարազիտար կիստա (սմ): Վիճակ որովայնահատումից, փայծաղի ֆենեստրացիայից, եւ որովայնի խոռոչի դրենավորումից հետո (01/10/2011):
2011 թվականի ԿԲՀ որոշմամբ տրվել է տարկետում երեք տարի ժամկետով:
2014 թ-ին ախտորոշվել է «վիճակ փայծաղի ֆենենստրացիայից հետո, առանց մոտոր էվակուատոր ֆունկցիայի խանգարման»: Այնուամենայնիվ, զորակոչիկը դեռեւս գանգատվում է պարբերաբար բութ ցավերից որովայնում, որի պատճռով չի կարողանում ազատ շարժվել կամ կատարել որոշակի գործողություններ:
Բացի այդ, ինչպես հավաստում է զորակոչիկի մայրը, որդու մոտ առկա է քրոնիկ նեւրոզ, գրգռվածություն, որը բուժզննության ժամանակ անտեսվել է: Ըստ ծնողի՝ զորակոչիկը կարիք ունի արյան ընդհանուր անալիզի, քանի որ նշում է, որ արյունը թանձրացած է, որի մասին նշված է պոլիկլինիկայի փաստաթղթերում: Ունի ատամների կարիես: Այս բոլոր հանգամանքները եւս անտեսվել են բուժզննության ընթացքում, որեւէ կրկնակի փորձաքննության չի ենթարկվել եւ ճանաչվել է պիտանի զինծառայության համար:
Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող եւ ծառայելու ոչ ունակ քաղաքացիներին զորակոչելու սովորությունից եւ համարում, որ այն բոլոր բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, կրում է մակերեսային բնույթ եւ միտված չէ համակարգային փոփոխությունների իրականացմանը։ Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա եւ իրականում, քաղաքական կամք չի դրսեւորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի ցուցաբերում ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին եւ զորակոչիկներին թողնելով հուսալքման եւ անորոշության մեջ:
Առկա խնդիրների պարագայում կազմակերպություն դիմած բոլոր քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելը հարցականի տակ է դնում թե՛ բուժզննության օրինականության եւ հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրիանականության տեսակետից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերստին խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել այս արատավոր երեւույթը եւ նման խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, զորակոչի ընթացքում հիմնվել միայն հիվանդության լրջության աստիճանի եւ օրինականության, այլ ոչ թե հանրապետական բժշկական հանձնաժողովի կամային մոտեցումների վրա: Հակառակ դեպքում կունենանք առողջական վիճակի վատթարացումներ և որպես հետևանք զինվորական պարտականությունների ոչ արդյունավետ կազմակերպում, կանոնադրական հարաբերությունների խախտումներ և այլն:
Սա հերթական ահազանգն է՝ ուղղված եւ՛ պաշտպանական գերատեսչությանը, եւ՛ հանրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
22.01.2015 թ.