ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց բռնության ենթարկված վկաների գործով վերաքննիչ բողոքը
12:48, January 22, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժեր, Հայկ Կալեյան2015 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ա. Պետրոսյանի, հրապարակեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացված որոշումը: Մասնավորապես, դատարանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով: Նշվածի վերաբերյալ Հայկ Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ներկայացված հանցագործության հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որ սակայն հետագայում կարճվել էր: Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որն անփոփոխ էր թողել այն:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը կներկայացվի այն սահմանված կարգով ստանալուց հետո: