Գոյություն չունեցող ընթերակաների գործով նոր քրեական գործ է հարուցվել
18:13, February 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավունքների չարաշահման արգելում | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն2014 թ. հունիսի 24-ին իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակչուհի Սվետլանա Պապիկյանը: Ս. Պապիկյանը հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունք խարդախության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Քաղաքացին հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողույթուններն ընթացել են խախտումներով, մասնավորապես քննիչի կողմից իրականացված զննության արձանագրության ներքո ստորագրած ընթերակաները իրականում գոյություն չունեցող անձիք են և ըստ Ս. Պապիկյանի ենթադրյալ ընթերակաների փոխարեն ստորագրել է հենց ինքը՝ քննիչը՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տ. Թադևոսյանը:
Այս մտահոգությունները պարզաբանելու համար Ս. Պապիկյանի փաստաբանի կողմից հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բազումի անձնագրային բաժին: Հարցման արդյունքում պարզվել է, որ այդպիսի անուն ազգանունով անձանց մասինպետռեգիստրի համակարգչային պահոցում տվյալներ չկան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. հունիսի 24-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պահանջով բացահայտել նշված հանցագործությունը, հարուցել քրեական գործ և մեղավորներին ենթարկել համապատասխան պատասխանատվության:
2014 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին, սակայն սեպտեմբերի 29-ին կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Վերոնշյալ որոշումն ուղարկվել է վերահսկող դատախազին քննության օրինականությունը ստուգելու համար, ում կողմից էլ որոշում է կայացվել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը վերացնելու և քրեական գործը կրկին ՀՀ ՀՔԾ ուղարկելու վերաբերյալ:
2014 թ. սեպտեմբերի 16-ին քրեական գործը կրկին վարույթ է ընդունվել, սակայն նույն քննիչի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կրկին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ:
2014 թ. դեկտեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումները և դեկտեմբերի 12-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որով կազմակերպությունը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2014 թ. դեկտեմբերի 26-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը նախաքննության նկատմամբ դատական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է: