Human Rights Watch կազմակերպության 2014 թ. զեկույցի անդրադարձը Հայաստանին
10:07, January 1, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում: Լրագրողների նկատմամբ ճնշումները և բռնությունները շարունակվել են:
Մարդու իրավունքների այս և շատ այլ խախտումներ արձանագրված են Human Rights Watch կազմակերպության 2014 թ. զեկույցի Հայաստանի մասում:
Զեկույցում նշվում է, որ չնայած նրան, որ պարտադիր զինվորական ծառայության` այլընտրանքային ծառայության մասով իրականացված փոփոխություններն արժանացան գովասանքի, բանակում շարունակվում են չարաշահումների լուրջ դեպքերը: Տեղական խմբերն արձանագրել են բռնի կերպով հոգեբուժարանում հոսպիտալացման դեպք: Լուրջ խնդիր է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունը և խտրականությունը: Կառավարությունը դեռևս միջոցներ պետք է ձեռնարկ` ուղղված անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիության անհարկի սահմանափակումների վերացմանը:
Զեկույցում նշվում են նաև խնդիրներ, որոնք արձանագրվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից: Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հինգ պետական նյարդահոգեբուժական հիվանդանոցներում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ ավելի քան 300 հարցազրույցների հիման վրա իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փաստացի կամ ենթադրյալ հոգեբանական հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ պահվում են այդ հաստատություններում առանց իրենց գիտակցված համաձայնության: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, դատարանը կարող է անձին «անմեղսունակ» ճանաչել՝ առանց վերջինիս ներկայության: Չկա որևէ անկախ մեխանիզմ, որը կվերահսկեր, թե արդյոք հոգեսոցիալական հիվանդություններով տառապող անձինք կամայականորեն չեն պահվում նյարդահոգեբուժական հաստատություններում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013թ. ձմեռային և 2014թ. ամառային զորահավաքներից հետո ստացել է 42 դիմում-բողոք ոչ համարժեք բժշկական զննության և նորակոչիկների բժշկական խնամքի վերաբերյալ, ինչի արդյունքում զորակոչվել են լուրջ առողջական խնդիրներ ունեցող որոշ զինծառայողներ: Որոշ դեպքերում, առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չեն ուղարկվել լրացուցիչ զննության, կամ լրացուցիչ զննությունը կրել է ձևական բնույթ: Ակտիվիստներին շարունակում է մտահոգել ոչ մարտական գործողությունների հետևանքով տեղի ունեցող կորուստների հետաքննության խորությունը, թափանցիկությունը և անաչառությունը, որոնք պաշտոնապես արձանագրվում են որպես պատահարներ կամ ինքնասպանության դեպքեր, չնայած նրան, որ առկա են լինում բռնության ապացույցներ:
Human Rights Watch կազմակերպության 2014 թ. զեկույցի Հայաստանի վերաբերյալ մասն այստեղ ամբողջությամբ: