Մեկ շաբաթում մահվան երկու դեպք Զինված ուժերում
12:10, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել հայկական Զինված ուժերում, երկու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղից ստացված պաշտոնական հաղորդագրությունում հստակ չի նշվում՝ արդյո՞ք հակառակորդի գնդակից են զոհվել զինծառայողները:
Ղարաբաղի Պաշտպանության բանակը միայնհաղորդում է, որ անցած գիշեր զորամասերից մեկում զոհվել է 20-ամյա Արման Օսիպյանը՝ առանց հավելյալ մանրամասների: Հայաստանի քննչական կոմիտի հաղորդագրության համաձայն, մինչդեռ, ժամկետային զինծառայողը զոհվել է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից:
Նույն հոդվածով է գործ հարուցվել նաև շաբաթվա սկզբին, երբ կրկին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացավ ավագ լեյտենանտ 24-ամյա Տիգրան Սիմոնյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, մինչդեռ, անհրաժեշտ էր գործ հարուցել հենց սպանության հոդվածով՝ գործում ներգրավելով նաև հրամանատարական կազմին:
«Թե ինչի հետևանքով այդ սպանությունը կատարվեց՝ դա արդեն այլ հարց է, խնդիրը կայանում է նրանում, որ պետք է քրեական գործը հարուցվի սպանության հոդվածով», – «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ – «Եվ ուղղակի այստեղ հերթական անգամ ոնց որ կոծկվում է բուն երևույթը, իսկ այդ երևույթը կայանում է նրանում, որ իրապես այստեղ հրամանատարության պատասխանատվության հարցը կա, այսինքն՝ շատ շատ այլ հարցեր կան, որոնց կարող է և ուշադրություն չդարձվել, և հարցը տեղափոխվի զուտ, ասենք թե, որ մեկը խախտել է: Բայց խախտելը չի խնդիրը»:
Սաքունցը միաժամանակ ընդգծում է՝ անգամ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հիմքով հարուցված քրեական գործը հուշում է, որ Պաշտպանության բանակը, այդուամենայնիվ, թերացել է:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հավելում է, որ խնդիրը չկանոնակարգված միջանձնային հարաբերություններն են, որոնց հետևանքով տեղի ունեցած ծանր կամ մահացու դեպքերը հաճախ կոծկվում են մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածով:
«Ուրեմն, զինվորների մեջ առկա չկանոնակարգված հարաբերությունները շատ հաճախ հանգեցնում են սպանությունների և ծանր դեպքերի: Բանակի ղեկավարությունը այդ ուղղությամբ միայն հայտարարություններ է անում, ոչինչ չի անում, արդյունքում՝ դեպքերը շարունակվում են: Դրանք բավականին ծանր են նստում նրանց վրա, և նրանք փորձում են որևէ կերպ դրանք կոծկել: Դա է պատճառը, որ սկզբից անում են ահա այս կարգի հայտարարություն, եթե հնարավոր չի լինում դա թաքցնել՝ նոր արդեն պարզաբանումներ են տալիս, որ միջանձնային հարաբերությունների արդյունք են», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Քննչական կոմիտեի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ շաբաթներ առաջ Երևանում տեղակայված ուսումնական զորամասում 1-ին կուրսի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ այսօր ձերբակալվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել էր պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Աղբյուրը՝ www.azatutyun.am