Հարց է ծագում՝ այդ նամակն ուղարկվե՞լ է ՌԴ գլխավոր դատախազին
12:31, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱվելի քան 10 օր է անցել, ինչ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազին՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ: Մինչ օրս ՌԴ գլխավոր դատախազը չի պատասխանել նամակին, իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունը չի հրապարակել այս միջնորդության տեքստը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանն այս միջնորդությամբ ՌԴ գլխավոր դատախազին դիմելու մասին հայտարարեց այն բանից հետո միայն, երբ գյումրեցիները հուժկու բողոքի ակցիա արեցին և դրեցին Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Կոստանյանի նամակի պատասխանն արդեն պետք է ստացված լիներ, քանի որ սա շարքային գործ չէ, այնինչ ռուսական կողմն անգամ հայտարարեց, թե տեղյակ չեն նման նամակի մասին:
«Դա շարքային գործ չէ, որ ՌԴ գլխավոր դատախազությունը իգնոր անի, անուշադրության մատնի: Դա այնպիսի գործ է, որի հանրային հնչեղությունը հաշվի առնելով՝ պետք է պատշաճ արձագանք լիներ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Այսօր, նրա խոսքով, գլխավոր խնդիրն այն է, որ նամակի տեքստը հրապարակված չէ: Այսինքն՝ ինքնին հարց է ծագում՝ այդ նամակն ուղարկվե՞լ է ՌԴ գլխավոր դատախազին, թե՞ ոչ:
«Որպեսզի մենք Ռուսաստանի Դաշնությունից պատասխան ակնկալելու հիմք ունենանք, պետք է համոզված լինենք, թե այդ նամակն ինչ նամակ է, ուղարկվել է, թե ոչ: Ինչո՞ւ պետք է դա գաղտնիք համարվի, չի կարող գաղտնիք համարվել, դրանում պետք է զուտ Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու իրավական հիմնավորումները ներկայացվեին”,- ասաց նա:
Սաքունցը կարծում է, որ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցի վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազությունը պատշաճ վերաբերմունք չի դրսևորում: «Ի սկզբանե հանրային պահանջ է եղել՝ ապահովել գործողությունների հրապարակայնությունը: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հանդիպել են քննիչները, փորձաքննություններ են նշանակվել, տեսանյութ տարածեցին, իսկ Գլխավոր դատախազությունն իր մի նամակը չի հրապարակում: Այսինքն՝ ավելի շատ կարելի է ենթադրել, որ այդ նամակն ընդհանրապես գոյություն չունի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ հայկական կողմն է մեղավոր, որ ՌԴ գլխավոր դատախազը չի շտապում պատասխանել Կոստանյանի նամակին:«Եթե մեր գլխավոր դատախազը կարող էր մոտ 2-3 շաբաթ նամակ չգրել, չշտապել, Ռուսաստանի գլխավոր դատախազն էլ կարող է չշտապել այդ նամակին պատասխանել: Ինչքան շտապողականություն դրսևորեց մեր գլխավոր դատախազը, երևի մոտավորապես այդպիսի շտապողականություն էլ կդրսևորի Ռուսաստանի գլխավոր դատախազությունը: Համենայնդեպս ինքը հավանաբար մեզանից ավելի շահագրգռված չպետք է լինի խնդրի հրատապ լուծման հարցում»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Այն, որ Գևորգ Կոստանյանի միջնորդության տեքստը դեռ չի հարապարակվել, ըստ Ալումյանի, ճիշտ չէ: Նա նշեց, որ հանրությունը պետք է իմանա նամակի բովանդակությունը և դրանում տեղ գտած փաստարկների իրավական լրջությունը: Ըստ փաստաբանի՝ հայտնի չէ, թե ինչ նկատառումներից ելնելով է գլխավոր դատախազությունը թաքցնում այդ իրավական փաստարկները: «Գուցե իրենք կպատճառաբանեն նախաքննության գաղտնիության սկզբունքով, բայց ես չեմ կարծում, որ այդ գրության մեջ լինեն այնպիսի տվյալներ, որոնք առնչվում են նախաքննության գաղտնիությանը»,- ասաց նա:
Օրերս ռուսական մամուլում տեղեկություն եղավ, որ Պերմյակովի գործով հանավանաբար մեղադրանքը կպաշտպանեն ՌԴ դատախազները: Արթուր Սաքունցը կարծում է, որ պատահական չէր այդ տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով: Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրանով, մեղմ ասած, հայկական կողմին ասում է՝ ընդհանարպես մի խառնվեք, անհեթեթ գործողություններ մի արեք, մեղադրանքը պետք է պաշտպանեն Ռուսաստանի զինվորական դատախազության դատախազները:
«Այս գործով օբյեկտիվ քննության խնդիրն առաջացել է ի սկզբանե, երբ որ օպերատիվ-հետախուզական գործողությունները ՀՀ տարաքծում իրականացրել են Ռուսաստանի ռազմաբազայի ծառայողները, որոնք օրը ցերեկով զինված վխտում էին ՀՀ տարածքում ու Պերմյակով էին ման գալիս»,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ www.lragir.am