Քրեական արդարադատության շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում
10:18, March 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մարտի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, արձանագրելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանին բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական պահանջը բացառում է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից անձամբ կամ իր ընտրած անձի միջոցով վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը:
Ինչպես հայնտում է «Փաստինֆո» տեղեկատվական հարթակը Սահմանադրական դատարանը իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր «նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը»:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նմանատիպ կարգավորում է սահմանված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծով:
2013թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրի նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2014թ. փետրվար-մարտ ամիսներին իր մտահոգություններն ու առաջարկություններն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ Ազգային Ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին արդար դատաքննության իրավունքի շրջանակներում յուրաքանչյուրի համար հավասար պայմաններում դատարանի մատչելիության իրավունքի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ:
Սակայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում 2014 թ. հունիսի 10-ին կատարված լրացումով նշված դրույթը սահմանվեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և այժմ ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 404 հոդվածի 4 մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումների դեմ դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները, վճռաբեկ բողոք կարող են ներակայացնել միայն փաստաբանի միջոցով:
Ուստի ՀՀ Սահմանադրական դատարանի նշված որոշման ներքո անհրաժեշտ է վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, իր հերթին, սույն թվականի փետրվար ամսին նաև բողոք է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 րդ մասի 4-րդ մասը ՀՀ Սահամանադրության 3, 6, 14.1, 18, 19, 20-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանչելու մասին: